Հա

Քաղաքական

30/12/2020 - 12:10

Թուրքագէտը պարզաբանել է, թէ որքանով է իրագործելի «մեծ Թուրանի» նախագիծը եւ ով կարող է կանխել այն

Թուրքական մի շարք պետութիւնների միութիւն ստեղծելու նախագիծն արդէն որոշ ժամանակ է, ինչ գտնւում է Թուրքիայի օրակարգում ոչ միայն վերլուծական եւ հասարակական-քաղաքական դիսկուրսի մակարդակում, այլեւ` ամենաբարձր մակարդակում:

«alikonline.ir» - Թուրքական մի շարք պետութիւնների միութիւն ստեղծելու նախագիծն արդէն որոշ ժամանակ է, ինչ գտնւում է Թուրքիայի օրակարգում ոչ միայն վերլուծական եւ հասարակական-քաղաքական դիսկուրսի մակարդակում, այլեւ` ամենաբարձր մակարդակում:

Արցախեան պատերազմից յետոյ ակտիւացել են «մեծ Թուրանի» համատեղ թուրքական զինւած ուժերի ստեղծման մասին խօսակցութիւնները, եւ սա իրական ենթատեքստ ունի: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:

«Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթներին Թուրքիայի կառավարութեան գերատեսչութիւնների ներկայացուցիչները, այդ թւում` պաշտպանութեան նախարարութիւնը, այցելել են մի շարք թուրքալեզու երկրներ, ինչից յետոյ պայմանագրեր են կնքւել Կենտրոնական Ասիայի երկրներ թուրքական զէնքի մատակարարման մասին: Բացի այդ, քննարկւել է համատեղ զինւած ուժերի ստեղծման հարցը: Այս փուլում այս նախագիծն իրականացման քիչ շանսեր ունի, սակայն չի կարելի թերագնահատել այն, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարութիւնը լրջօրէն քննարկում է երկրի արտաքին քաղաքականութիւնը կանխորոշող պանթուրքական նպատակների իրագործման հնարաւորութիւնը: Անհրաժեշտ է ամենայն լրջութեամբ մօտենալ այս վտանգին, եւ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին, Իրանին, արաբական երկրներին»,- նշեց փորձագէտը:

Ըստ նրա` այդ գաղափարի իրականացման որեւէ ձեւի մասին դեռ վաղ է խօսել, սակայն Թուրքիան դրա համար որոշակի, թէկուզ սահմանափակ ռեսուրսներ ունի, եւ դրանք կապւած են այն բանի հետ, որ Թուրքիայի ռազմարդիւնաբերական համալիրի, մասնաւորապէս` ԱԹՍ-ների առաջաւոր տեխնոլոգիական մշակումների հնարաւորութիւններ են ի յայտ են եկել:

«Անկարան լիովին կօգտագործի այս գործօնը: Բացի այդ, Թուրքիան չվախեցաւ մտնել Ռուսաստանի հետ ռազմավարական առճակատման մէջ Հարաւային Կովկասի շուրջ, եւ նրան յաջողւեց ինչ-որ բանի հասնել` չնայած` ոչ ամէն ինչի: Դա թուրքալեզու երկրներին կը դրդի աւելի լուրջ վերաբերւել այս նախագծին, որը անկասկած դիմադրութեան կը հանդիպի ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Չինաստանի` Կենտրոնական Ասիայի հիմնական դերակատարների կողմից: Պարզ ասած, Թուրքիայի ռեսուրսները ռազմական ներուժն է, որը քաղաքականի է վերածւում, իսկ տնտեսականի` աւելի քիչ: Կենտրոնական Ասիայի երկրների վրայ տնտեսական ազդեցութեան տեսանկիւնից Անկարան, իհարկէ, ի վիճակի չէ մրցակցել ոչ Ռուսաստանի, ոչ, առաւել եւս, Չինաստանի հետ: Առայժմ հեռանկարներ չկան, որ Թուրքիայի համար իրավիճակն այս առումով կարող է փոխւել մօտ ապագայում` հաշւի առնելով խորացող տնտեսական ճգնաժամը»,- շեշտեց Սաֆրաստեանը:

Թուրքագէտը նշեց, որ ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը յաճախ արկածախնդիր է, քանի որ նպատակներ են դրւում, որոնք չեն համապատասխանում երկրի իրական ներուժին, սակայն Էրդողանը միեւնոյն ժամանակ պրագմատիկ է եւ հասկանում է, որ «կարմիր գծեր» գոյութիւն ունեն, որոնք անցնել պէտք չէ, եւ այս իմաստով Անկարան առաջ չի տանի պանթուրքական գաղափարները Ռուսաստանի տարածքում:

«Իհարկէ, որոշակի աշխատանք տարւում է դեռ 1990-ականներից, սակայն վերջերս Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդների շրջանում յստակ քաղաքականութիւն չկայ: Սակայն պէտք է հաշւի առնել, որ սա աշխարհառազմավարական նախագիծ է, այսինքն` երկարաժամկէտ` մի քանի փուլով: Մենք այժմ գտնւում ենք «մեծ Թուրան» նախագծի առաջին փուլի հէնց սկզբում, երբ Թուրքիան պատրաստւում է պայմանագրեր կնքել ռազմական համագործակցութեան ոլորտում:

Հետագայում չեն բացառւում երկրների համատեղ վարժանքները: Անկարան պանթուրքիզմի իրականացման շրջանակներում 1-2 տարւայ ընթացքում կտրուկ քայլեր չի ձեռնարկի Ռուսաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Թուրքիան վաղուց օգտագործում է այն փաստը, որ Իսլամական Հանրապետութեան տարածքում տասնեակ միլիոնաւոր թուրքալեզու մարդիկ են ապրում, իսկ Անկարայի հետ կապւած տարբեր խմբաւորումներ (այդ թւում` օրինական եւ կիսաօրինական) գործում են այս բնակչութեան բնակութեան վայրերում: Առայժմ Թեհրանը վերահսկում է նրանց գործունէութիւնը, եւ առաջիկայում Թուրքիային չի յաջողւի բեկում գրանցել այս ուղղութեամբ:

Ռուսաստանը եւ Իրանը լաւ են պատկերացնում Թուրքիայի քաղաքականութեան սպառնալիքները, որը ձգտում է դուրս մղել նրանց տարածաշրջանից: Այնուամենայնիւ, Մոսկւան եւ Թեհրանը դեռ շահագրգռւած են Անկարայի հետ համագործակցութեամբ: Դա կարելի է տեսնել Սիրիայի օրինակով, որտեղ այս երեք պետութիւնները, հրաժարւելով հակասութիւններից, կարողացան փոխգործակցութեան հնարաւորութիւններ գտնել: Միայն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող են լրջօրէն ազդել Թուրքիայի քաղաքականութեան վրայ: Վաշինգտոնը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որոնք շատ ծանր հետեւանքներ կունենան Անկարայի համար, ինչպէս դա եղաւ 2-3 տարի առաջ: Ռուսաստանն իր հերթին կարող է ազդել Թուրքիայի վրայ ռազմական մեթոդներով, այդ թւում` Հարաւային Կովկասի տարածաշրջանում: Սակայն, ելնելով իրենց շահերից, եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը չեն օգտագործում իրենց հնարաւորութիւններն Անկարայի դէմ»,- յաւելեց ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէնը:

Նրա կարծիքով` առնւազն 2-3 տարի հակաթուրքական բլոկ չի ստեղծւի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ Արեւելեան Միջերկրածովեան տարածաշրջանում, որտեղ Անկարան եւս լուրջ հակասութիւններ ունի մի շարք երկրների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։