Հա

Քաղաքական

03/01/2021 - 11:30

«Հինգ պետութիւն՝ մէկ ազգ». Ինչպէս է Թուրքիան նախատեսում մէկ բլոկի մէջ միաւորել թուրքալեզու երկրները

Վերջին շրջանում զգալի ակտիւացել են Թուրքիայի իշխանութիւնների՝ թուրքալեզու երկրները մէկ բլոկի շրջանակում միաւորելու շուրջ քննարկումները: Այս թեմային ուշագրաւ անդրադարձ է կատարել «Ստամբուլեան գայլ» թելեգրամեան ալիքը, որի վերլուծական յօդւածը հրապարակել է Լուրերի դաշնային գործակալութիւնը: 

«alikonline.ir» - Վերջին շրջանում զգալի ակտիւացել են Թուրքիայի իշխանութիւնների՝ թուրքալեզու երկրները մէկ բլոկի շրջանակում միաւորելու շուրջ քննարկումները: Այս թեմային ուշագրաւ անդրադարձ է կատարել «Ստամբուլեան գայլ» թելեգրամեան ալիքը, որի վերլուծական յօդւածը հրապարակել է Լուրերի դաշնային գործակալութիւնը: Գրում է Hraparak.am-ը:

Մինչ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ ժամանակ եւ ուշադրութիւն չէր յատկացնում թուրքական միասնութեան խնդրին: Նրան աւելի շատ յուզում էր իսլամական աշխարհի հետ համերաշխութեան թեման: Նա այնքան տարւած էր դրանով, որ նրա ներկայիս դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցութեան նախագահ Դեւլեթ Բահչելին 2015-ին Թուրքիայի առաջնորդին անւանել էր «թուրքերի ամենամեծ ողջ թշնամին»:

Սակայն այժմ, երբ Էրդողանը լեզու է գտել Բահչելիի հետ եւ նրա հետ իշխող կոալիցիա կազմել, ազգայնականներն ու Թուրքիայի նախագահի կուսակիցներն այլեւս տարակարծիք չեն: Աւելին, նա սատարում է Թուրքիայի «Գորշ գայլերի» իդեալներին, որոնք երազում են «թուրքերի միասնութեան» ու «մեծ Թուրանի» մասին:

 

300 միլիոնանոց աշխարհ

Այսպիսով, անցեալ տարի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդի (Թուրքական խորհրդի) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Էրդողանն առաջին անգամ հնչեցրեց «Վեց պետութիւն՝ մէկ ազգ» կարգախօսը:

«Չնայած մենք երկու առանձին պետութիւններ ենք, մենք մէկ ազգի որդիներ ենք, ուստի ամէն քայլափոխի ասում ենք՝ մենք երկու պետութիւն ենք, բայց մէկ ազգ: Այժմ, անցկացնելով Թուրքական խորհուրդը, մենք ընդլայնում ենք մեր մտահորիզոնը եւ ասում՝ մենք վեց պետութիւն ենք, բայց մէկ ազգ»,- ասել էր նա:

Թուրքիայի նախագահը բացատրել էր, որ, ինչպէս եւ Ադրբեջանը, Թուրքիան իրենից չի տարանջատում Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

«Թուրքիստանը մեր նախնիների տունն է, մեր հիմնական օջախը: Մենք բոլորս 300 միլիոնանոց շատ մեծ ընտանիք ենք, որը խօսում է նոյն լեզւով, նոյն կրօնի հետեւորդ է, ունի նոյն պատմութիւնը, մշակոյթը, նոյն քաղաքակրթութիւնը: Գիտեմ, որ մեր ղազախ, ղրղզ, ուզբեկ, տաջիկ եւ թուրքմեն թուրք եղբայրները նայում են Թուրքիային այնպէս, ինչպէս մենք՝ նրանք մեր երկիրն իրենց տունն են համարում»,- ընդգծել էր Էրդողանը:

Այս յայտարարութիւնների պարադոքսն այն է, որ ամէն անգամ, երբ Թուրքիայի ղեկավարը խօսում է թուրքական պետութիւնների միասնութեան մասին, նա նկատի ունի դաշինքի դրական ազդեցութեան հեռանկարը երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների աճի վրայ: Այնուամենայնիւ, թուրքական լրատւամիջոցները, խօսելով դաշինքի մասին շատ են կարեւորում թուրքական սպառազինութեան հարցը: Դրանից բխում է, որ թուրքերի մտքում միասնութիւնը չի սահմանափակւում տնտեսական բաղադրիչով: Եւ հարցը սահուն անցնում է «Պանթուրքիստական բանակ» թեմային:

Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդը ներառում է Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը: Հունգարիան եւ Թուրքմենստանը նշւում են որպէս դիտորդներ եւ հնարաւոր անդամներ: Էրդողանը, մասնաւորապէս, շահագրգռւած է վերջինիս միանալու հարցում, ինչի մասին նա բազմիցս խօսել է: 2019-ին Բաքւում կայացած նոյն հանդիպմանը Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքական խորհուրդը կամրապնդի իր դիրքերը Թուրքմենստանի լիիրաւ անդամակցութեան շնորհիւ:

«Միայն այս ճանապարհով մենք կը կարողանանք գիտակցել այն հսկայական ներուժը, որն ունի թուրքական աշխարհը՝ իր 300 միլիոն բնակչութեամբ»,- ասել էր Էրդողանը:

Բայց Աշխաբադը դեռ քայլ չի կատարել կազմակերպութեանն անդամակցելու ուղղութեամբ:

 

Մէկ սփիւռք բոլորի համար

Թուրք ձեռնարկատէրերը շատ ակտիւ են դրսում: Ուստի Անկարան լուրջ է վերաբերւում տարբեր երկրներում սփիւռքի հնարաւորութիւններին: Եւ եթէ հաշւի առնենք Էրդողանի փառասիրութիւնը, ապա այս ամէնն արդիական է դարձել ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նպատակներով: Ըստ նրա, շուրջ 10 միլիոն թուրքական արմատներ ունեցող քաղաքացիներ ապրում են այլ երկրներում:

«Այլ կերպ ասած, մենք ունենք մի քանի սփիւռք, եւ ինչպէս ասաց իմ սիրելի ընկեր Իլհամ Ալիեւը, «մէկ ազգը չպէտք է ունենայ երկու սփիւռք»»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ դրանով նշելով, որ Անկարան կօգտագործի այլ թուրքախօս ժողովուրդների հնարաւորութիւնները՝ արտերկրում իր նպատակներին հասնելու համար:

Միեւնոյն ժամանակ, Էրդողանը չի սահմանափակում «թուրքական սփիւռք» հասկացութիւնը եւ չի մոռանում այլ ժողովուրդների մասին, որոնց աջակցութիւնը կը ցանկանար օգտագործել ի շահ «թուրքական աշխարհի»:

«Մենք մեր բոլոր եղբայրներին՝ ղազախներին, ուզբեկներին, թուրքմեններին, ադրբեջանցիներին, ղրղզներին, թաթարներին, չերքեզներին, մեսխեթցի թուրքերին եւ չեչեններին, գնահատում ենք որպէս թուրքական սփիւռքի բնական ներկայացուցիչներ»,- ասել է նա` ակնարկելով, որ ակնկալում է նաեւ Կովկասի բոլոր մուսուլմանների աջակցութիւնը:

 

Հնարաւո՞ր է արդեօք ռազմական բլոկի ստեղծում

Արդեօ՞ք Թուրքիան կը կարողանայ թուրքական պետութիւնների ռազմական բլոկ ստեղծել: Այս հարցին պատասխանում է հէնց ռուս ռազմական փորձագէտ Ալեքսանդր Միխայլովսկին «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի համար յօդւածում, որին ակտիւօրէն անդրադարձան թուրքական լրատւամիջոցները, բայց անտեսեցին դրա ամենակարեւոր հատւածը. «Երազներում ամէն ինչ վարդագոյն է: Իրականում, թուրքական երկրների եւ ժողովուրդների միջեւ շատ հակասութիւններ կան: Օրինակ՝ Ուզբեկստանի եւ Ղրղզստանի լարւած յարաբերութիւնները: Իսկ թուրքական երկրներից իւրաքանչիւրում կան քաղաքական կուսակցութիւններ, միտումներ. Ամէն ինչ հեռու է այդքան միատարր լինելուց: Աւելին, կառավարութիւններն իրենք պատրաստ են ռազմական օգնութիւն ստանալ Թուրքիայից, բայց նրանք իրականում չեն ցանկանում դառնալ մեր ժամանակների ենիչերներ:

Նրանց համար ձեռնտու չէ վիճել Չինաստանի, Ռուսաստանի հետ: Այս գործընկերութիւնն ապահովում է ֆինանսական օգուտներ եւ աւելին: Իսկ ի՞նչ է տալիս Թուրքիան: Մերկ գաղափար ու պարզ չէ, թէ ինչի համար եւ ում հետ կռւելու առաջարկ: Բայց հաստատ կռւելու առաջարկ: Ո՞ւմ է դա պէտք: Կարծում եմ, որ նրանք կարող են յաջողութեան հասնել Հարաւարեւելեան Ասիայի պետութիւնների ասոցիացիայի մակարդակի դաշինքում: Տնտեսական բլոկ: Բայց հաստատ ոչ ՆԱՏՕ-ի թուրքական տարբերակը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։