Հա

Քաղաքական

12/01/2021 - 10:20

«Կալանւած հարաւկորէական տանկերը Սէուլին ուղղւած ապտակ էր Իրանին պատկանող 6 մլրդ դոլարը չվճարելու համար». Al Masdar News

Իրանի կողմից Հարաւային Կորէայի դրօշով Hankuk Chemi տանկերի կալանումը ոչ թէ ԱՄՆ-ին ուղղւած սադրանք է, այլ Սէուլին ուղղւած «մեսիջ», ինչի մասին ասել է իրանական ուժերին մօտ կանգնած անանուն աղբիւրը:

«alikonline.ir» - Իրանի կողմից Հարաւային Կորէայի դրօշով Hankuk Chemi տանկերի կալանումը ոչ թէ ԱՄՆ-ին ուղղւած սադրանք է, այլ Սէուլին ուղղւած «մեսիջ», ինչի մասին ասել է իրանական ուժերին մօտ կանգնած անանուն աղբիւրը, ըստ Tert.am-ի՝ գրում է Almasdarnews.com լրատւական  գործակալութիւնը:

Համաձայն աղբիւրի, նաւի կալանման հիմնական նպատակն է ստիպել Հարաւային Կորէային վճարել իրանական նաւթի համար 6 միլիարդ դոլարը, որը սառեցւել էր Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցների հետեւանքով: Աղբիւրը նաեւ նշել է, որ Թեհրանը նման որոշում է կայացրել Սէուլի հետ երկարատեւ, սակայն անարդիւնք բանակցութիւններից յետոյ:

«Կորէացիները երեսին ապտակ ստանալու կարիք ունէին, այն բանից յետոյ, երբ մեր վէճերը որեւէ արդիւնք չտւեցին: Այսպիսով նրան գիտակցեցին, որ նրանք չեն կարող արգելափակել Իրանի գումարն այն ժամանակ, երբ մենք յուսահատօրէն փորձում ենք դեղորայք ու պատւաստանիւթ գնել: Նրանք պէտք է գիտակցեն, որ մեր նամակների պատասխանը չի կարող լինել «մենք ցաւում ենք»»,- ասել է անանուն աղբիւրը` աւելացնելով, որ երբ հարաւկորէական կողմը բանակցութիւններ սկսի նաւը վերադարձնելու վերաբերեալ, Իրանն անպայման յիշեցնելու է իր գումարների մասին:

Աղբիւրը նաեւ տեղեկացրել է, որ իրանական կողմը չի վախենում ԱՄՆ-ի հնարաւոր պատասխանից` հաշւի առնելով, որ այդ երկրի իշխանութիւնները զբաղւած են ներքաղաքական խնդիրներով:

Սակայն Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական մեկնաբանութիւնը չի համապատասխանում անանուն աղբիւրի յայտնած տեղեկութիւններին: Ըստ Իրանի իշխանութիւնների յայտնած տեղեութիւնների, իրանական կողմը տանկերն իր նաւահանգիստ է բերել, որպէսզի հետաքննի կասկածներն առ այն, որ տանկերը աղտոտում է Պարսից ծոցի ջրերը: Բացի այդ, Իրանը հերքել է ամերիկացի պաշտօնեաների մեղադրանքներն առ այն, որ Թեհրանը «գերեվարել» է նաւը՝ ընդգծելով, որ միակ «գերեվարող» այստեղ Սէուլն է, որը հրաժարւում է չեղարկել իրանական վեց միլիարդ դոլարի սառեցումը:

Լրատւամիջոցը նշում է, որ պաշտօնական Թեհրանը 2020 թւականին կրկնապատկել էր ջանքերը կորէական կողմից հասանելիք գումարն ստանալու համար` նպատակ ունենալով հոգալ համաճարակի դէմ պայքարի իր ծախսերի մի մասը, սակայն երկու երկրների միջեւ համաձայնութիւն ձեռք չի բերւել: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։