Հա

Քաղաքական

14/01/2021 - 10:10

«Այնպիսի զգացողութիւն է, որ Ալիեւը Փաշինեանի դէմ ինչ-որ կոմպրոմատ ունի, որը վերջինիս ստիպում է լուռ տանել բոլոր նւաստացումները». EurAsia Daily

Ռուսական EADaily կայքը ծաւալուն յօդւածով վերլուծել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծւած քաղաքական իրավիճակը:

«alikonline.ir» - Ռուսական EADaily կայքը ծաւալուն յօդւածով վերլուծել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծւած քաղաքական իրավիճակը. տեղեկացնում է Tert.am-ը:

Յօդւածում մասնաւորապէս նշւում է, որ յունւարի 11-ին Մոսկւայում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում պատերազմի աւարտից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը: Վլադիմիր Պուտինի միջնորդութեամբ Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կատարման ընթացքը:

Մոսկւա իր մեկնումից առաջ Փաշինեանը ֆէյսբուքեան էջում նախանշել էր կայանալիք բանակցութիւնների ընթացքում հայկական կողմի երկու հիմնական գերակայութիւնները՝ բոլոր հայ ռազմագերիների վերադարձը եւ տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակումը տարածաշրջանում: Նշենք, որ երկրորդ կէտը, մասնաւորապէս Ադրբեջանից դէպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքը, առաջնահերթութիւն է նաեւ Բաքւի համար: Սակայն մոսկովեան բանակցութիւններին յաջորդած յայտարարութեան մէջ փաստացի արձանագրւել է միայն երկրորդ խնդրի լուծման մեխանիզմը, իսկ հայ ռազմագերիների ազատման հարցը, ինչպէս խոստովանել է ինքը՝ Փաշինեանը, այդպէս էլ չի լուծւել:

Չնայած այն փաստին, որ, խախտելով նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, Բաքուն չի վերադարձրել հայկական կողմին բոլոր ռազմագերիներին, ինչպէս նաեւ գրաւել է Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերը, Վլադիմիր Պուտինը Փաշինեանի եւ Ալիեւի ներկայութեամբ ասել է. «Մենք եկել ենք եզրակացութեան, որ յայտարարութեան կէտերը հիմնականում կատարւում են, ոչ մի լուրջ միջադէպ չի գրանցվել»: Իր հերթին, Փաշինեանը, խորհրդանշականօրէն բարձրաձայնելով Արցախի կարգավիճակի եւ գերիների խնդիրները, հեզութեամբ ստորագրել է նոր յայտարարութիւն, որում արտացոլւած էր միայն Ադրբեջանին եւ Ռուսաստանին անհանգստացնող հաղորդակցութիւնների հարցը:

Այս ֆոնին, Հայաստանում ոմանք, այդ թւում՝ իշխանութիւնների ներկայացուցիչներ, փորձում են Փաշինեանի այս կապիտուլռացիոն քաղաքականութռան ողջ պատասխանատւութիւնը գցել Մոսկւայի վրայ, Ինչպթս նախկինում Մոսկւայի վրայ էին գցում Արցախի, այնուհետեւ Սիւնիքի անվտանգութեան հարցը, եւ գործն այնպէս ներկայացնել, որ Փաշինեանը հրաժարւում է հայկական շահերը պաշտպանելուց, քանի որ իբր Մոսկւան է դա պահանջում:

Սակայն Փաշինեանի այս պահւածքի պատճառն այն է, որ, ինչպէս սպասւում էր, նոյեմբերի 9-ին ամօթալի կապիտուլեացիան ստորագրելուց եւ Ալիեւի կողմից հասարակական նվաստացում ստանալուց յետոյ (որին նա չի արձագանքել), նա իրականում ի վիճակի չէ հաւասար պայմաններով բանակցել Բաքւի հետ: Եւ միակողմանիօրէն կատարելով նոյեմբերի 9-ի յայտարարութեան բոլոր պայմանները, եւ աւելին՝ Սիւնիքի եւ Գեղարքունիքի սահմանների սահմանազատումն ամբողջովին Ադրբեջանի պայմաններով իրականացնելով (չնայած ինքը ՝ Փաշինեանը եւ իր թիմի ներկայացուցիչները հաւաստիացնում են, որ սա սահմանազատում չէ, այլ պարզապէս սահմանների ճշգրտում GPS-ի օգտագործմամբ, բայց չգիտես ինչու հայկական կողմից տարածքների յանձնման ուղեկցութեամբ) եւ ադրբեջանական կողմին երկու դիւերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի յանձնումով, բանակցային գործընթացում Փաշինեանը իր համար ոչ մի յաղթաթուղթ չի թողել: Աւելին, ամէն գնով փորձելով պահպանել իշխանութիւնը եւ արդարացնել Արցախի յանձնումը, Փաշինեանն ու իր թիմը այժմ փորձում են հայ հասարակութեան մէջ մտցնել այն միտքը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապի ապաշրջափակումը Հայաստանի համար հեռանկարներ է բացում: Եւ Բաքուն հիանալի հասկանում է դա եւ արդիւնաւետօրէն օգտագործում է այն փաստը, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները պատրաստ են ամէն ինչի՝ նոյեմբերի 9-ին ստորագրւած ամօթալի յայտարարութիւնից Հայաստանի համար գոնէ որոշակի առաւելութիւն ցոյց տալու համար:

Իր հերթին, Ռուսաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղութիւն եւ նորմալ յարաբերութիւններ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ներառեալ տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնութիւն դուրս եկող հաղորդակցութիւնների ապաշրջափակումը: Եւ երբ պաշտօնական Երեւանը կոշտ կերպով հարցեր չի բարձրացնում ռազմագերիների եւ նոյեմբերի 9-ից յետոյ գրաււած Արցախի գիւղերի վերաբերեալ եւ պատրաստ է հանգիստ շարունակել բանակցութիւնները, ապա Մոսկւան առաւել եւս չի վատթարացնի յարաբերութիւնները Բաքւի հետ:

Աւելին, Փաշինեանին այդպէս էլ չի յաջողւել լաւ ու վստահելի յարաբերութօւններ կառուցել Կրեմլի հետ: Եւ չնայած բառերով Հայաստանի ղեկավարութիւնը ստիպւած է խօսել Ռուսաստանի հետ դաշինքին հաւատարիմ լինելու մասին, այնուամենայնիւ, դատելով այն փաստից, որ բոլոր արեւմտամէտ կադրերը պահպանել են իրենց պաշտօնները, նրա մտածելակերպում եւ համակրանքներում լուրջ փոփոխութիւններ չեն եղել: Դա է վկայում այն փաստը, որ հասարակութեան մէջ աստիճանաբար ներմուծւում է այն միտքը, որ Ռուսաստանը մինչ պատերազմը բանակցութիւններում հանդէս էր գալիս հակահայկական առաջարկներով, պատասխանատու է պատերազմի բռնկման համար եւ հայկական կողմի պարտութեան հիմնական շահառուն է: Միեւնոյն ժամանակ, իշխանութիւնների կողմից Սիւնիքի բնակիչներին հաւաստիացումները այն մասին, որ նրանց անվտանգութիւնը կապահովի Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում, եւ միեւնոյն ժամանակ նրանց արդարացումները, որ պատերազմի օրերին նրանք յատուկ չեն դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ վստահ չէին դրա դրական արդիւնքի վրայ, բաւականին տարօրինակ են թւում:

Նշւում է, որ Մոսկւայում բանակցութիւնների օրը Ղարաբաղեան պատերազմի ժամանակ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի նախկին պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը բաւականին հետաքրքիր հարցազրոյց է տւել` զարմանք յայտնելով այն փաստի կապակցութեամբ, որ չնայած ԱԱԾ-ի եւ գլխաւոր շտաբի կողմից պարբերական նախազգուշացումներին պատերազմում պարտութեան անխուսափելիութեան մասին ՝ հաշւի առնելով առկայ ուժերի դասաւորւածութիւնը եւ Թուրքիայի ակտիւ միջամտութիւնը, Նիկոլ Փաշինեանը յամառօրէն շարունակում էր պատերազմը: Եւ միայն վերջին պահին Ռուսաստանի միջամտութիւնն է հնարաւորութիւն տւել խուսափել լիակատար աղէտից: Միեւնոյն ժամանակ, Հայաստանի Անվտանգութեան խորհրդի անդամներից Փաշինեանը թաքցրել է, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է դադարեցնել պատերազմը հայկական կողմի համար շատ աւելի բարենպաստ պայմաններով, քան դա տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: Դա կը փրկէր հազարաւոր կեանքեր, ինչպէս նաեւ Շուշին կը մնար հայկական վերահսկողութեան տակ:

Այս առաջարկից Փաշինեանի հրաժարւելը (Պուտինն ինքը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու ՀՀ վարչապետը չի համաձայնել այս առաջարկին) ենթադրում է, որ նա կամ միտումնաւոր գործը տանում էր դէպի Հայաստանի լիակատար պարտութիւն եւ Արցախի ամբողջական կորստի, կամ ակնկալում էր աւելի շահաւէտ առաջարկներ Արեւմուտքից, առաջին հերթին Միացեալ Նահանգներից: Կարելի է յիշել, որ ընդամենը մի քանի օր անց Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն բանակցութիւններ էր վարում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ամերիկեան կողմը չի կարողացել (կամ չի ուզել) դադարեցնել պատերազմը, որի արդիւնքը եղել է Շուշիի կորուստը, եւ միայն Ռուսաստանի շուտափոյթ միջամտութիւնը եւ ռուս խաղաղապահների ներդրումը հնարաւորութիւն է տւել խուսափել Արցախի ամբողջական կորստից:

Չարժէ մոռանալ, որ շատ փորձագէտներ նշում էին, որ Միացեալ Նահանգները, չնայած Էրդողանի հետ բարդ յարաբերութիւններին, շահագրգռւած էին Ադրբեջանի եւ Թուրքիայի տանդեմի յաղթանակով եւ Ղարաբաղի հարցի վերջնական փակմամբ: Դա անխուսափելիօրէն կը թուլացնէր Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում:

Այնուամենայնիւ, ըստ երեւոյթին, Արեւմուտքը դեռ չի կորցնում Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու յոյսը: Այդ նպատակով նրանք այժմ կենտրոնանում են Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու անհրաժեշտութեան վրայ: Այս մասին վերջերս խօսել է «Heritage Foundation» հիմնադրամի միջազգային քաղաքականութեան կենտրոնի տնօրէն Լիւկ Քոֆին ՝ առաջարկելով ռուս խաղաղապահներին փոխարինել Եւրամիութեան անզէն դիտորդական առաքելութեամբ:

«Բաքւին այլ ելք չէր մնում, քան ընդունել Ռուսաստանի (ռազմական) ներկայութիւնը, եթէ ցանկանում էր դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ վերականգնել իր միջազգային սահմանները: Բայց մի շփոթւէք, սա միայն մեծացրել է Մոսկւայի ազդեցութիւնը տարածաշրջանում: Ահա թէ ինչու Ադրբեջանը պէտք է անի հնարաւոր ամէն ինչ, որպէսզի ապահովի, որ 2025 թւականին առաջին հնգամեայ մանդատը լրանալուց յետոյ ռուսական զօրքերը փոխարինւեն անզէն քաղաքացիական դիտորդական առաքելութեամբ: Դա հեշտ չի լինի եւ միգուցէ անհնար լինի, բայց Ադրբեջանը պէտք է փորձի»,- գրում է նա:

Միեւնոյն ժամանակ, Քոֆին եւ շատ այլ արեւմտեան քաղաքական գործիչներ եւ փորձագէտներն առանձնապէս չեն մտածում այն մասին, թէ իրենց ծրագրերի իրականացումը ինչով է սպառնում արցախահայութեանը: Նրանց սպառնում է լաւագոյն դէպքում Նախիջեւանի հայերի ճակատագիրը, իսկ վատագոյն դէպքում՝ Սումգայիթի եւ Բաքւի: Եւ Արեւմուտքն այս դէպքում եւս մէկ անգամ իր «մտահոգութիւնը» կը յայտնի Բաքւի գործողութիւնների վերաբերեալ՝ առանց գործնական քայլերի, ինչպէս անում էին արեւմտեան քաղաքական գործիչները վերջին պատերազմի օրէրին, եւ հանգիստ կը շարունակեն իրենց համագործակցութիւնը էներգետիկ ոլորտում:

Բայց ամենից շատ տագնապալի է, որ ներկայիս հայկական քաղաքական վերնախաւում կան մարդիկ, որոնք յանուն Հայաստանի արեւմտամէտ ուղու պատրաստ են մասնակցել արեւմտեան որոշ շրջանակների հակահայկական այս ծրագրերին: Ի դէպ, Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին պետ Համբարձումեանն իր հարցազրոյցում անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից հնարաւոր դաւաճանութեան խնդրին: նա ընդգծել է, որ չնայած ինքը չի հաւատում նման հնարաւորութեանը, այդ հարցը հետաքննելու անհրաժեշտութիւն կայ, մասնաւորապէս այն հնարաւորութիւնը, որ ադրբեջանցիները 5 միլիարդ դոլար են առաջարկել Փաշինեանին Արցախի շուրջ գտնւող տարածքները յանձնելու համար (այն փաստը, որ ադրբեջանական կողմից այդպիսի առաջարկ է ներկայացւել վարչապետին, հաստատել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցեանը): 

Եւ այս կապակցութեամբ կարող ենք յիշել, որ պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ տեղեկութիւն էր յայտնւել, որ Արսէն Խառատեանը՝ արտաքին քաղաքականութեան հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը (սերտօրէն կապւած է Սորոսի հիմնադրամի հետ), Փաշինեանի անունից գաղտնի բանակցութիւններ է վարել Ադրբեջանի հետ, որի ընթացքում նա յայտնել է Հայաստանի իշխանութիւնների պատրաստակամութիւնը՝ զգալի միակողմանի զիջումների գնալու մասին: «Փաշինեանը դիտարկել է առանց միջնորդների, մասնաւորապէս Ռուսաստանի, ուղղակի բանակցութիւնների հնարաւորութիւնը: Խառատեանը հաւաստիացրել է, որ Փաշինեանը նոյնպէս համոզւած է Ռուսաստանի ԱԳՆ-ին բանակցային գործընթացից օտարելու միջոցով տարածաշրջանում Կրեմլի ազդեցութիւնը սահմանափակելու անհրաժեշտութեան մէջ, քանի որ ՀՀ նոր կառավարութեան ռազմավարական խնդիրն է թուլացնել Ռուսաստանի ազդեցութիւնն ու դերը բուն Հայաստանի ներքաղաքական գործընթացներում», - գրում են ադրբեջանական լրատւամիջոցները:

Եւ պէտք է նշել, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները դեռ յստակ եւ մանրամասն պատասխան չեն տւել այն հարցին, թէ 2018-ի սեպտեմբերին Դուշանբէի վերելակում ինչ են քննարկել Փաշինեանն ու Ալիեւը: Հերքելով Խառատեանի միջոցով գաղտնի բանակցութիւնների փաստը՝ Փաշինեանը սպառնում էր անձամբ հրապարակել գաղտնի տեղեկատւութիւն Ալիեւի հետ բանակցութիւնների մասին, ի պատասխան Ադրբեջանի իշխանութիւնների նման «արտահոսքերի», բայց նա դա այդպէս էլ չի արել (արդէն ձայնագրւած հարցազրոյցը եթեր դուրս չի եկել պատերազմի սկսւելուց յետոյ): Եւ Իլհամ Ալիեւի համար խնդիրներ ստեղծելու այս չկամութիւնը, ինչպէս նաեւ սովորաբար անզուսպ եւ յուզական Փաշինեանի տարօրինակ լռութիւնը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի բոլոր անձնական վիրաւորանքների, հարցականի տեղիք են տալիս: Ակամայից այնպիսի զգացողութիւն է առաջանում, որ Ալիեւը Փաշինեանի դէմ ինչ-որ կոմպրոմատ ունի, ինչը ոչ միայն ստիպում է վերջինիս լուռ տանել բոլոր վիրաւորանքներն ու նւաստացումները, այլեւ ստիպում է նրան հրահանգել իր թիմին նոյնպէս չպատասխանել Ադրբեջանի նախագահին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։