Հա

Քաղաքական

18/01/2021 - 11:21

Թուրքիան եւ Ադրբեջանը Կարսում «Ձմեռ-2021» լայնամասշտաբ զօրավարժութիւններ են անցկացնելու

Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ Ադրբեջանի առանձին համազօրային բանակի զինծառայողները ժամանել են Կարս՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական համատեղ զօրավարժութիւններին:

«alikonline.ir» - Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ Ադրբեջանի առանձին համազօրային բանակի զինծառայողները ժամանել են Կարս՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական համատեղ զօրավարժութիւններին: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայութիւնը։

«Կարսում փետրւարի 1-12-ն ընկած ժամանակահատւածում մենք «Ձմեռ-2021» համատեղ զօրավարժութիւններ կանցկացնենք Ադրբեջանի հետ: Ադրբեջանցի զինծառայողներն արդէն ժամանել են Կարս: Մենք շարունակելու ենք աշխատել որպէս «մէկ սիրտ, մէկ դաստակ, մէկ բռունցք»՝ «Մէկ ազգ, երկու պետութիւն» սկզբունքով»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Աւելի վաղ թուրքական Haberturk պարբերականը հաղորդել էր, որ ադրբեջանա-թուրքական զօրավարժութիւններում ներգրաււելու են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների ջոկատներ, յատուկ նշանակութեան ջոկատի հրամանատարական կազմ, յատուկ նշանակութեան ջոկատներեւ ուղղաթիռներ:

«Զօրավարժութիւնների նպատակն է ապահովել համագործակցութիւնը եւ համատեղ գործողութիւններ իրականացնելիս համակարգումը, փորձարկել մարտական զէնքի եւ տրանսպորտային միջոցների գործունակութիւնը, որոնք սպառազինութիւնում են, պահեստում կամ պաշտպանական արդիւնաբերութեան ձեռնարկութիւնների կողմից նոր մշակւած»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Բացի այդ՝ զօրավարժութիւնների այլ առաջադրանքներ ներառում են զօրքերի մարտական կարողութիւնների փորձարկումը, ներառեալ՝ խոր ձեան եւ սաստիկ ցրտի ժամանակ հրաձգութիւնը, ձմռան պայմաններում մարզումների կատարելագործումը, դաշտում տեղակայման, մատակարարման, տեխնիկական, ինչպէս նաեւ հրամանատարական համակարգերի գործունէութեան ապահովումը:

Զօրավարժութիւնների ընթացքում կը մշակւեն նաեւ գրոհներ, օդային յարձակման գործողութիւններ, օդային փոխադրումներ եւ նիւթատեխնիկական աջակցութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։