Հա

Քաղաքական

18/01/2021 - 11:22

«Էրդողանին շուտով կը հեռացնեն երկրի ղեկավարի պաշտօնից»․ Դաւութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնւում է ապստամբների «ռազմական խնամակալութեան» ներքոյ եւ շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանութիւնից դուրս կը նետւի»,- յայտարարել է ընդդիմադիր «Ապագայ» կուսակցութեան առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնւում է ապստամբների «ռազմական խնամակալութեան» ներքոյ եւ շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանութիւնից դուրս կը նետւի»,- յայտարարել է ընդդիմադիր «Ապագայ» կուսակցութեան առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն. յայտնում է Tert.am-ը՝ Ahval-ին յղումով։

«Էրդողանը ներկայում գտնւում է փետրւարի 28-ի մնացորդների խնամքի ներքոյ»,- ասել է Դաւութօղլուն՝ նկատի ունենալով 1997 թւականի յետմոդեռնիստական յեղաշրջումը, որի ժամանակ զինւորականների ճնշման տակ հրաժարական է տւել Նեջմեթին Էրբաքանի իսլամամէտ կառավարութիւնը։

«Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանին շուտով դուրս կը նետեն։ Պարոն Էրդողանը շփոթութեան մէջ է, նրան շատ դժւար կը լինի յաղթել «Ժողովրդական դաշինքի» հետ ընտրութիւններում»,- յաւելել է նա։

Դաւութօղլուն Էրդողանին նաեւ մեղադրել է հիպոթետիկ քաղաքականութիւն վարելու համար, որը, նրա խօսքով, հիմնեւած չէ սկզբունքների վրայ:

«Ապագայ» կուսակցութեան առաջնորդը նաեւ քննադատել է Էրդողանին իր կուսակցութեան՝  օրերս ծեծի ենթարկւած փոխնախագահ Սելչուկ Օզդաղին առողջութիւն չմաղթելու համար։ Նրա խօսքով՝ «Էրդողանը լուրջ չի ընդունել այդ յարձակումը եւ նոյնիսկ օրէնսդիրին շուտափոյթ ապաքինում չի մաղթել եւ չի խոստացել գտնել մեղաւորներին»։

Նշենք, որ օրերս իր տան դիմաց զինւած յարձակման էր ենթարկւել «Ապագայ» կուսակցութեան փոխնախագահ Սելչուկ Օզդաղը։ Նրա վրայ փայտերով եւ սառը զէնքերով յարձակւել է 5 մարդ: Օզդաղը վնասւածքներով հոսպիտալացւել է:

Յիշեցնենք, որ 2016-ին Էրդողանի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից հեռանալուց եւ վարչապետի պաշտօնը թողնելուց յետոյ Դաւութօղլուն 2019-ի դեկտեմբերին հիմնել է «Ապագայ» կուսակցութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։