Հա

Քաղաքական

24/01/2021 - 11:20

«Արեւմուտքը յանձնել է հայերին». Բայդէնի աշխատակազմի ղարաբաղեան երկու սցենարը

ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդէնի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենն անդրադարձել է Արցախեան հակամարտութեանը՝ նշելով, որ Բայդէն-Հարիս վարչակազմը կը վերանայի ԱՄՆ անվտանգային աջակցութիւնն Ադրբեջանին:

«alikonline.ir» - ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդէնի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենն անդրադարձել է Արցախեան հակամարտութեանը՝ նշելով, որ Բայդէն-Հարիս վարչակազմը կը վերանայի ԱՄՆ անվտանգային աջակցութիւնն Ադրբեջանին: ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի փոխանցմամբ՝ Բլինկենն այս մասին ասել է՝ գրաւոր պատասխանելով Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին:

«Ես խորապէս մտահոգւած եմ անցած աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսւած ռազմական գործողութիւններով եւ Լեռնային Ղարաբաղում ու նրա յարակից տարածքներում մարդասիրական ճգնաժամով: Ես վճռականօրէն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսաւորմանը»,- ասել է Բլինկենը:
Նրա խօսքով՝ այդ պաշտօնում հաստատւելու դէպքում ինքը նաեւ կաշխատի տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու ուղղութեամբ:

Հարցին, թէ ինչպէ՞ս կարող է ԱՄՆ-ը օգնել Հայաստանին եւ էթնիկ հայերին՝ Հարաւային Կովկասում պաշտպանւել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայից, Բլինկենն ասել է, որ իրենց վարչակազմը կը վերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցութիւնը: Բլինկենը շեշտել է, որ այդ պաշտօնում իր թեկնածութեան հաստատման դէպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրաււածութիւնը`գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մշտական կարգաւորումը, որը կը պաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը եւ կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինկենը յաւելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրաււածութեան ակտիւացումը եւ լրացուցիչ դիւանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագայ միջամտութիւնը կանխելու համար: Պատասխանելով Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ սենատոր Մարքիի հարցին` Պետքարտուղարի պաշտօնի համար առաջադրւած Բլինկենը վերահաստատել է Բայդէնի խոստումը՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը. «Որպէս նախագահի թեկնածու՝ նախագահ Բայդէնը յիշատակի օրւայ իր յայտարարութեան մեջ խոստացաւ սատարել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ: Մեր վարչակազմը պարտաւորւելու է առաջնահերթութիւն տալ մարդու իրաւունքներին եւ ապահովել, որ նման ողբերգութիւն չկրկնւի: Վարչակազմը, պաշտօնում հաստատւելուց յետոյ, կը ձեւաւակերպի Սպիտակ տան յայտարարութեան տեքստը՝ յիշատակի օրը նշելու համար, եւ կը խորհրդակցի Կոնգրեսի հետ այս կարեւոր հարցի վերաբերեալ»:

«168 Ժամ»-ի հետ զրոյցում ռուսական «Ռեգնում» լրատւական գործակալութեան սիւնակագիր, քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը նշեց, որ պետքարտուղարի պաշտօնում հաստատման դէպքում սա, ամենայն հաւանականութեամբ, կը լինի ԱՄՆ նոր վարչակազմի ղարաբաղեան քաղաքականութիւնը: Ամերիկացիները, նրա խօսքով, մի քանի սցենար են դիտարկում իրենց ակտիւութեան համար:

«Նախ՝ ամերիկացիները յոյս ունեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեան վերսկսման դէպքում կը քննարկեն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Կայ կարծիք, որ նրանք սկսելու են քննադատել շրջաններն ուժային տարբերակով վերադարձնելու Ադրբեջանի քաղաքականութիւնը: Եթէ առաջին սցենարը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի շրջանակում կարգավիճակի հարցի քննարկումն է, ինչը լուրջ խնդիր է, քանի որ օրակարգ պէտք է ձեւաւորւի, ընդունելի լինի Ադրբեջանի համար այն դէպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ ԼՂ հակամարտութիւնը գրեթէ լուծւած է եւ սպառել է իրեն, երկրորդ տարբերակը՝ ուժային է: Երկրորդ սցենարի համաձայն՝ ԱՄՆ-ը չի ընդունելու եռակողմ յայտարարութիւնների լեգիտիմութիւնը, թող չընդունեն, եւ ի՞նչ: Նրանք պատրաստւում են զօրքե՞ր ուղարկել տարածաշրջան, կամ ի՞նչ անել հիմա, նրանք արդէն ձախողել են այդ պարտիան: Դա դժւարութիւններ կը ստեղծի առաջին հերթին հայերի համար, քանի որ, ի վերջոյ, հարկաւոր է ապաշրջափակել հաղորդակցութիւնները: ԱՄՆ այդ անտեղի ու ուշացած ջանքերը կը սրեն յարաբերութիւնները Երեւանի եւ Բաքւի միջեւ: Բնական է, որ այդ դէպքում Ադրբեջանը չի վերադարձնելու այդ տարածքները, իսկ Հայաստանը կը զրկւի այն առաւելութիւններից, որոնք կարող էր ստանալ այս ամէնի արդիւնքում` ապաշրջափակումը»,- ասաց Տարասովը:

Ըստ նրա՝ Վաշինգտոնի այս ջանքերից էական տարաձայնութիւններ Մոսկւայի հետ չեն առաջանայ, քանի որ մինչ պատերազմը Մինսկի խումբն աշխատել է համաձայնեցւած կերպով, եւ այնպէս ստացւեց, որ համաշխարհային դիւանագիտոթիւնը պարտւեց, Մինսկի խումբը չկարողացաւ կանխարգելել պատերազմը, իսկ այն եռակողմ յայտարարութիւնը, որը ստորագրւեց նոյեմբերի 9-ին, առանց Մինսկի խմբի ուղիղ մասնակցութեան էր:

«Կայ երկու ձեւաչափ՝ Մինսկի խումբն ու եռակողմ ձեւաչափը: Լաւրովը հասկացրեց, որ կարգավիճակը կարող է քննարկւել այս ձեւաչափերից մէկի շրջանակում, եւ եթէ ոչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ապա կարող է լինել եռակողմ ձեւաչափը: Ամերիկացիներն ու Եւրոպան, չաջակցելով Երեւանին, երբ դրա կարիքը կար, պարտւեցին Կովկասը: Ամերիկացիները կարող են վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, որ դադարեցնում են գնել նաւթ, էմբարգօ են յայտարարում, որ պէտք է զօրքերը վերադառնան իրենց նախնական դիրքերին, կը ճանաչեն Արցախի անկախութիւնը, դա ինչ-որ տեղ գործուն տարբերակ է, մնացածն անկապ խօսակցութիւններ են: Հայերը կարող են պահանջել վերադարձնել շրջանները, ամերիկացիներն ինչ-որ բաներ կը պահանջեն, բայց ի՞նչ է՝ պատերազմելո՞ւ են հայերը, ինչո՞վ: Կրկնեմ, որ Արեւմուտքն ուշացել է, պարտւել է պարտիան:

Եթէ պատերազմի ընթացքում Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ժամանակ տային կողմերին դադարեցնելու համար ռազմական գործողութիւնները, ապա ճանաչէին ԼՂ անկախութիւնը, դա այլ իրավիճակ կը ստեղծէր: Բայց չարեցին տեղին քայլեր: Արեւմուտքը յանձնեց հայերին, դա փաստ է»,- ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է Բայդէնի աշխատակազմի ռուսական ուղղութեանը եւ կանխատեսումներին, որ այն ընդգծւած հակառուսական է լինելու, Տարասովն ասաց, որ Թրամփը եւս հակառուսական քաղաքականութիւն է վարել: «Մենք սովոր ենք, պատրաստ ենք, նման հակառուսականութիւն չէր եղել մեր ողջ պատմութեան ընթացքում, ուստի Բայդէնը մեզ համար այնքան էլ վատ ֆիգուր չէ»,- ասաց Տարասովը:

Իր հերթին՝ մէկ այլ ռուս քաղաքագէտ՝ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին ասաց, որ Բլինկենն իր անդրադարձով արտացոլել է նոր վարչակազմի ձգտումները եւ քաղաքական ծրագրերը Ղարաբաղեան հակամարտութեան գօտում: Ըստ նրա՝ դրանց յաջողութիւնը կախւած է այն հանգամանքից, թէ որքանով կը յաջողւի վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, վերականգնելով այդ ձեւաչափի հեղինակութիւնը:

«Ընդհանուր բոլոր միտումները, յայտարարութիւնները ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ցոյց են տալիս, որ Մինսկի խմբին ակտիւացնելու են, այդ պատճառով ՌԴ-ն եւս որոշեց չշտապել այս հարցում: Անձնապէս չեմ կարծում, որ ամերիկեան քաղաքականութիւնը յեղափոխութիւն է ապրելու: Մշտապէս եղել է Ղարաբաղեան համանախագութիւնում մրցակցութիւն, ոչ սուր տարաձայնութիւններ, եւ դա կը շարունակւի Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, սակայն ներկայումս իրավիճակն էականօրէն այլ է, քանի որ ՌԴ-ն ունի յաւելեալ ներկայութիւն տարածաշրջանում եւ դիւանագիտական գործընթացում: ՄԽ գործունէութիւնը վերականգնելու համար լուրջ ստեղծարարութիւն է հարկաւոր»,- ասաց Վիկտոր Նադէին-Ռաեւսկին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։