Հա

Քաղաքական

27/01/2021 - 12:10

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լաւ կը լինի, որ մասնագիտացած անձ լինի, որ կարողանայ տարիների իր փորձը բերի»․ Էլիզաբէթ Չուլջեան

Ամերիկայի մէջ դեսպանի դերը չափազանց կարեւոր է՝ մանաւանդ այս ճգնաժամային ժամանակների Հայաստանի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբէթ Չուլջեանը։

«alikonline.ir» - Ամերիկայի մէջ դեսպանի դերը չափազանց կարեւոր է՝ մանաւանդ այս ճգնաժամային ժամանակների Հայաստանի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբէթ Չուլջեանը։

«Գիտենք, որ դիւանագիտական մասնագիտութիւնը կարեւոր է, գիտենք, որ մասնակից լինելը երկխօսութիւններին Ամերիկայի հետ, ինչպէս նաեւ, ընդհանրապէս, ղարաբաղեան հարցի գծով չափազանց կարեւոր է․ այդ տեսակէտից Հայաստանի եւ որեւէ այլ երկրի համար միշտ աւելի լաւ կը լինի, որ մասնագիտացած անձ լինի, որ կարողանայ տարիների իր փորձը, դիւանագիտական այլ պաշտօններում իր փորձը եւս այստեղ բերի»,- ասաց Էլիզաբէթ Չուլջեանը։

Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելուն ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի արձագանքը շատ կոշտ էր․ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը սոցիալական ցանցի իր էջում գրեց․ «Երբ խաղադրույքներն այսքան բարձր են եւ լուրջ ու փորձառու մասնագէտների անհրաժեշտութեան կայ, մենք չենք կարող առաջնահերթութիւն տալ տեղում աշխատել սովորողին, կամ լաւ վարձատրւող եւ չաշխատողին նշանակել բարձր մակարդակի դիւանագիտական պաշտօններում»:

Մինչ այդ համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը սենատոր Մենենդեզի հետ լուսանկարւելն ու PR լինելն էր, եւ որեւէ հրատապ օրակարգ իրականում չկար։

Էլիզաբէթ Չուլջեանը նշեց, որ Հայ Դատի յանձնախումբը տարիների ընթացքում տարբեր դեսպանների հետ համագործակցել է, աշխատել է եւ ամերիկահայ գաղութն ինքնին մեծապէս յարգում է դեսպանատունը։

ԱՄՆ նոր նախագահ Ջոզէֆ Բայդէնի՝ հայանպաստ դիրքորոշման հնարաւոր պահպանման մասին խօսելով՝ Էլիզաբէթ Չուլջեանը յիշեցրեց, որ նախորդ նախագահներն էլ են խոստումներ տւել եւ մոռացել, բայց Ջօ Բայդէնի մասին գիտենք հետեւեալը․ 30 տարի որպէս սենատոր յաճախ զբաղւել է արտաքին յարաբերութիւնների հարցերով, ղեկավարել է արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը Սենատում եւ ամբողջ ընթացքում հայկական հարցի գծով՝ լինի ցեղասպանութեան հարցը, լինի արցախեան հարցը, լինի ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները շատ լաւ ուսումնասիրել է եւ զօրակցել է։ Մինչդեռ մէկ այլ Բայդէն տեսանք նախագահ Օբամայի ժամանակներում, երբ ինքը փոխնախագահ էր։

«Այսպիսով, ո՞ր Բայդէնը պիտի լինի․ յուսանք, որ Սենատի Բայդէնը պիտի լինի։ Բայց այստեղ նորից աշխատանքը պիտի մնայ մեր գաղութի վրայ, աշխատանքը կը մնայ շարունակական»,- ասաց նա։

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի խօսնակը մանրամասնեց իրենց ընթացիկ աշխատանքները։ Նաեւ նշեց, որ հիմա՝ նախագահ Բայդէնի ղերկավարութեան տակ, նոր առիթներ ունեն բարեփոխելու ռազմավարական համագործակցութիւնը ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ, եւ ռազմագերիների հարցը առաջնային է այդ աշխատանքում։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։