Հա

Քաղաքական

06/02/2021 - 11:10

«Ռուսական պարբերականը Հայաստանին մեղադրում է հակառուսական դաշտում դիրքաւորւելու մէջ». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսական thisnews.ru պարբերականը «Ահա եւ դաշնակիցները․ Հայաստանը ողջունում է ՌԴ-ի դէմ պատժամիջոցները» վերնագրով մի վրդովւած նիւթ է տպագրել։ «Ռուսաստանը, փրկելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տոտալ ջախջախումից, չէր սպասում, որ երէկւայ դաշնակիցն այդքան արագ ու այդքան բացեիբաց կը դիրքաւորւի հակառուսական դաշտում»։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Ռուսական thisnews.ru պարբերականը «Ահա եւ դաշնակիցները․ Հայաստանը ողջունում է ՌԴ-ի դէմ պատժամիջոցները» վերնագրով մի վրդովւած նիւթ է տպագրել։ «Ռուսաստանը, փրկելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տոտալ ջախջախումից, չէր սպասում, որ երէկւայ դաշնակիցն այդքան արագ ու այդքան բացեիբաց կը դիրքաւորւի հակառուսական դաշտում»։ Այս վրդովմունքի պատճառը Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայաենի՝ նիդերլանդական Weekblad Elseveir պարբերականին տւած հարցազրոյցն է, որում նա դրական է գնահատել Արեւմուտքի կողմից Նաւալնու հարցով պատժամիջոցների սահմանումը։ «Բարեկամութեան եւ բարիդրացիական յարաբերութիւնների բոլոր վստահեցումները վայրկենապէս յօդս ցնդեցին՝ ցոյց տալով երեւանեան իսթեբլիշմենթի իրական դէմքը՝ իր դաշնակցային պարտաւորութիւնների մասով»,- գրել է վրդովւած յօդւածագիրը։

Մեր աղբիւրների վկայակոչմամբ՝ ռուսական կողմն այս հարցազրոյցն ուղարկել է տարբեր անձանց ու կառոյցների՝ մատնացոյց անելով այս «չլսւած ու չտեսնւած լկտիութիւնը»։ Մենք ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանին խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը եւ Բալայեանի յայտարարութիւնները: Վերջինս ասաց․ «Այդ հարցով խորհուրդ կը տամ կարդալ օրիգինալ հարցազրոյցը, որը հասանելի է դեսպանութեան կայքում»։ Այսինքն՝ նիդերլանդական պարբերականն աղաւաղե՞լ է Տիգրան Բալայեանի մտքերը։ Եւս մէկ հարց․ իսկ ռուսական կողմը պարզաբանում պահանջե՞լ է ՀՀ ԱԳՆ-ից, ԱԳՆ խօսնակն ասաց՝ ոչ, որեւէ նման հարց չի եղել։

Դեսպանութեան կայքում գտանք հարցազրոյցի հայերէն տարբերակը, որտեղ, եթէ այն, իհարկէ, ամբողջական է, ՌԴ-ի դէմ պատժամիջոցների մասին այլ բան է ասւել։ Հարցին, թէ ըստ հայկական կողմի` Թուրքիան նոյնպէս ներգրաււած է եղել պատերազմում, Բալայեանն ասել է, որ Թուրքիայի կառավարութիւնը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռւելու Հայաստանի դէմ, նրանք Սիրիայից օդանաւերով տեղափոխւել են Ստամբուլ եւ Անկարա, որտեղից էլ՝ Բաքու, ու նշել է, որ «Եւրոպան աչք է փակում  կատարւողի վրայ»:

Հարցին, թէ ինչու պէտք է Եւրոպան լռէր, ասել է․ «Ըստ ոմանց՝ դրա պատճառը Եւրոպա մատակարարւող ադրբեջանական գազն ու նաւթն են: Ռուսաստանը եւս գազ ու նաւթ է մատակարարում Եւրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսէյ Նաւալնու ենթադրեալ թունաջորման պատճառով Ռուսաստանի հանդէպ պատժամիջոցներ կիրառել»։ Հարց․ ի՞նչ կարող է անել Եւրոպան: Բալայեանը պատասխանում է. «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի հրամանատարութեան դէմ, ինչպէս նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ դէմ։ Տիկին Ալիեւան Ադրբեջանի փոխնախագահն ու ԻՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի եւ Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարաւորութիւնից նրան զրկելն ուժեղ ազդակ կը լինէր»: Իսկ Նիդերլանդնե՞րը։ «Արտաքին գործերի նախարար Ստէֆ Բլոկն ասում է, որ ենթադրեալ ռազմական յանցագործութիւնները պէտք է հետաքննւեն: Արդեօ՞ք պէտք է քննել, թէ հայը, որին գլխատել են, իրօք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդներն առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդներն աշխարհում մարդու իրաւունքների պաշտպանութեան չեմպիոնն է»։

Այնուամենայնիջ, փորձագէտները նկատում են, որ Նիկոլ Փաշինեանը փորձում է իրեն այս ճամբարից այն ճամբարը գցել եւ մէ՛կ սիրաշահում է Ռուսաստանին, մէ՛կ՝ Արեւմուտքին ու Բայդէնի նորընտիր վարչակազմին:

Նիւթը պատրաստելու ընթացքում պարզեցինք, որ վրդովմունք առաջացրած յօդւածը տպագրւել է ոչ անյայտ Կորոտչենկոյի՝ ադրբեջանցի ամենախոշոր լոբբիստի խմբագրած թերթում, ինչը նշանակում է, որ հնարաւոր է գոյները խտացւած լինեն։

Դեմկուսի առաջնորդ Արամ Գ․ Սարգսեանը մեզ հետ զրոյցում ասաց․ «Եթէ տեքստը ամբողջը դա է, ապա Տիգրան Բալայեանը յստակ ասում է, որ նրա ենթադրեալ թունաւորման փաստի հետ կապւած դուք՝ եվւոպացիներդ, կարողանում էք պատժամիջոցներ մտցնել ՌԴ-ի դէմ, իսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը նման քայլեր է անում, չէք սահմանում պատժամիջոցներ։ Այստեղ չի համեմատւում Նաւալնու հետ, համեմատւում է փաստի հետ, որ էսինչ հարցում մարդու իրաւունքներ էք պաշտպանում, իսկ մարդու իրաւունքների բացայայտ խախտումների դէպքում ինչո՞ւ չէք պատժամիջոցներ սահմանում»։ Սարգսեանն առաջարկեց․ «Կարծում եմ՝ ԱԳՆ-ն պէտք է միանգամից, օպերատիւ ձեւով ռուսերէն լեզւով թարգմանւած այդ հարցազրոյցը տեղադրի կայքում, կարծում եմ՝ որեւէ բանականութիւն ունեցող մարդ դրան նման գնահատական չի տայ»»,- գրում է թերթը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։