Հա

Քաղաքական

17/02/2021 - 13:25

«Իրանը ԵԱՏՄ անդամ է դառնում․ հերթն Ադրբեջանինն է»․ Regnum

Ռուսական Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է յօդւած, որում հեղինակը՝ կովկասագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Ստանիսլաւ Տարասովը, անդրադարձ է կատարել ԵԱՏՄ-ին Իրանի հնարաւոր լիիրաւ անդամակցութեանը եւ դրա հետեւանքով տարածաշրջանում հնարաւոր քաղաքական եւ տնտեսական փոփոխութիւններին։

«alikonline.ir» - Ռուսական Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է յօդւած, որում հեղինակը՝ կովկասագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Ստանիսլաւ Տարասովը, անդրադարձ է կատարել ԵԱՏՄ-ին Իրանի հնարաւոր լիիրաւ անդամակցութեանը եւ դրա հետեւանքով տարածաշրջանում հնարաւոր քաղաքական եւ տնտեսական փոփոխութիւններին։ Գրում է Tert.am-ը:

Ստորեւ ներկայացնում ենք հեղինակի յօդւածը․

Իրանի Իսլամական Հանրապետութեան մեջլիսի խօսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, վերջերս Մոսկւա կատարած այցից յետոյ, ասել է, որ շուտով Թեհրանը կը սկսի նախապատրաստվել Եւրասիական տնտեսական միութեանը (ԵԱՏՄ) որպէս մշտական անդամ անդամակցելուն: Նրա խօսքով՝ «Իրանը բանակցութիւններ է սկսել որպէս մշտական անդամ միութեանը միանալու շուրջ, իսկ Իրանի համար ԵԱՏՄ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերելու նախապատրաստական աշխատանքները կիրականացւեն երկու շաբաթւայ ընթացքում»:

Մաշտաբային առումով այս իրադարձութիւնը յաւակնում է ամենամեծ քաղաքական եւ տնտեսական իրադարձութիւնը լինել ոչ միայն տարածաշրջանային մակարդակում: Եթէ նախկինում ԵԱՏՄ-ն դիտւում էր որպէս նախկին Խորհրդային Միութեան անդամ պետութիւնների ինտեգրման նախագիծ, ապա Թեհրանի մասնակցութեամբ դաշինքը դուրս է գալիս յետխորհրդային սահմաններից: Սակայն սա միայն դրա մասին չէ: Իրանում կային եւ դեռեւս կան քաղաքական ուժեր, որոնք դէմ են, որպէս լիիրաւ անդամ, ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցութեանը՝ դրանում տեսնելով Ռուսաստանի տնտեսական, քաղաքական եւ այլ ազդեցութեան ուժեղացումը: Նրանք առաջ են քաշել հին «պատմական նեղացւածութիւնը»՝ Պետրոս Մեծի «պարսկական արշաւանքներից» մինչեւ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի կայսրութեան հետ կնքւած պայմանագրերը, որոնցով Անդրկովկասի խանութիւնները անցնում էին դրա կազմ, մատնանշել են Մոսկւայի եւ Թեհրանի միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից յետոյ առկայ «սպեցիֆիկ» յարաբերութիւնները: Նրանց քաղաքականութիւնը հիմնւած էր հետեւեալ բանաձեւի վրայ. «Ռուսաստանից առաւելագոյնը վերցնել, Ռուսաստանին տալ հնարաւոր նւազագոյնը, չթշնամանալ նրա հետ, սակայն թոյլ չտալ, որ Իրանի վրայ թէկուզ նւազագոյն ազդեցութիւն ունենայ»: Սակայն այժմ Թեհրանը որոշել է փոխել նախկին մօտեցումը:

Դա շատ պատճառներ ունի: Ընդգծենք ամենակարեւորներից մի քանիսը միայն: Ըստ ամենայնի, Իրանում փոքրանում է այն քաղաքական ուժերի ներուժը, որոնք ակնկալում էին, որ Արեւմուտքի, մասնաւորապէս Միացեալ Նահանգների հետ համագործակցութեան վերսկսումը երկիրը կը վերադարձնի ամենամեծ տարածաշրջանային տէրութեան կարգավիճակին: Կարծես թէ Թեհրանը դադարել է հաւատալ, որ ԱՄՆ-ի նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմը, առանց որեւէ նախապայմանի, կը հրաժարւի պատժամիջոցների ռեժիմից եւ կը վերադառնայ միջուկային համաձայնագրին: Աւելին, երկրի իշխող էլիտան այն կարծիքին է, որ Մոսկւան, իրենց թիկունքում, որեւէ համաձայնութեան չի գայ ԱՄՆ-ի հետ, եւ առաջնահերթութիւնների ընտրութեան տեսանկիւնից իրավիճակը կը փոխւի ոչ միայն համաշխարհային, այլեւ տարածաշրջանային քաղաքականութիւնում։

Իրատեսօրէն Իրանն արդէն ԵԱՏՄ լիիրաւ անդամի դեր է կատարում՝ գործընկերութիւնը ռազմավարական դաշնակցութեան մակարդակի վերափոխելով, եւ այս միութեան սահմանները սկսում են անցնել Պարսից ծոցով, ինչը լրջօրէն փոխում է իրավիճակն ամբողջ Մերձաւոր Արեւելքում: Եթէ աւելի յստակ խօսենք, սահմանելով առաջիկայ խնդիրներ, որոնք կարող են համեմատաբար արագ լուծւել, ապա խօսքը կարող է վերաբերել Անդրկովկասում հաղորդակցական միջանցքների ապաշրջափակմանն Իրանի մասնակցութեանը, ինչը հնարաւոր դարձաւ արդէն Ղարաբաղեան պատերազմի աւարտից յետոյ: Հէնց Իրանն ինքնին կարող է ամբողջութեամբ ապաշրջափակւել, նոր գործընկերային յարաբերութիւններ հաստատել Կովկասի երկրների հետ, որոնցից մէկը՝ Հայաստանը, արդէն իսկ ԵԱՏՄ անդամ է: Ի դէպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «Նախիջեւանով երկաթուղային հաղորդակցութիւն կլինի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, ինչպէս նաեւ երկաթուղային հաղորդակցութիւն կը լինի Իրանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ»:

Աւելի վաղ, Տաջիկստանում, Իրանն արդէն իսկ ապացուցել է իր յուսալի ներդրող լինելը, որտեղ մի քանի խոշոր նախագծեր է իրականացրել` «Սանգտուդա-2» հիդրոէլեկտրակայանի կառուցումը, ինչպէս նաեւ Դուշանբէն Խուջանդ քաղաքի հետ կապող Անզոբ թունելի կառուցումը: Իսկ Ադրբեջանում իրանցիները համագործակցութիւմ են են սահմանային Արաքս գետի վրայ Օրդուբադի եւ Մարազադի հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ոլորտում: Աւելին, մեծ հաշւով, Ղարաբաղյան պատերազմից յետոյ Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցութեան համար խոչընդոտներ չկան: Առհասարակ, նորմալ չէր լինի, եթէ ԵԱՏՄ ձեւաչափով ինտենսիւ երկխօսութեան ֆոնին Բաքուն դուրս գար գործընթացից: Այս ուղղութեամբ յստակ քայլերն են պէտք:

Այսպիսով, Իրանի կողմից ԵԱՏՄ լիիրաւ անդամի կարգավիճակի ձեռքբերումը հիմնովին փոխում է իրավիճակը ոչ միայն Կովկասում, այլեւ ամբողջութեամբ Մերձաւոր Արեւելքում: Միեւնոյն ժամանակ, տնտեսական ինտեգրման գործընթացները կարող են անդրադառնալ տարածաշրջանի անվտանգային խնդիրների վրայ, եւ այս իրադարձութեան նշանակութիւնը գերագնահատելը դժւար է: Բացի այդ, Իրանի տնտեսութիւնն աշխարհում տասնհինգերորդն է ազգային արտադրութեան ցուցանիշով եւ ամենամեծը Արեւմտեան Ասիայի պետութիւնների եւ ՕՊԵԿ-ի շարքում: Իրանը, Սաուդական Արաբիայից յետոյ, նաւթի երկրորդ ամենամեծ պաշարներն ունի (18 միլիարդ տոննա) եւ զբաղեցնում է նաւթամթերքների համաշխարհային առեւտրի շուկայի 5,5 տոկոսը: Սա շատ բանի մասին է խօսում:

Իրանը դադարում է ռազմավարական առումով միայնակ լինելուց, նա ձգտում է իր օգտին փոխել ուժերի հաւասարակշռութիւնը՝ ռազմավարական գործընկերութեան մէջ մտնելով Ռուսաստանի եւ նրա` ԵԱՏՄ անդամ գործընկերների հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։