ԱԳ նախարարութիւնը կոչ է արել Թուրքիայի կառավարութեանը լուրջ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար ահաբեկչական խմբաւորումների տարրերի մուտքը Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածք:
«alikonline.ir» - ԱԳ նախարարութիւնը կոչ է արել Թուրքիայի կառավարութեանը լուրջ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար ահաբեկչական խմբաւորումների տարրերի մուտքը Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածք: Նախարարութեան տեղեկատւութեան եւ հանրութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացրել են, որ Իրանի տարածքում ՔԲԿ ահաբեկիչների առկայութեան մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարի յայտարարութեան կապակցութեամբ, փետրւարի 28-ին նախարարութիւն է կանչւել Իրանում Թուրքիայի դեսպանը, որին է փոխանցւել մեր երկրի պաշտօնական բողոքը:
Այս հանդիպմանը անդրադառնալով ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Իրանի Իսլամական Հանրապետութեան լուրջ վճռականութեանը եւ մեր երկրում ահաբեկչական խմբաւորումների գործողութիւններին, ինչը յանգեցրել է մեծ թւով խաղաղ քաղաքացիների նահատակութեանը, Թուրքիայի դեսպանին հաղորդւել է, որ Իրանի տարածքում ՔԲԿ ահաբեկիչների առկայութեան մասին Թուրքիայի ՆԳ նախարարի յայտարարութիւնն Իրանի համար անընդունելի է եւ հակասում է երկու երկրների համագործակցութեանը:
Հանդիպման ընթացքում Իրանը պատրաստակամութիւն է յայտնել ամրապնդելու երկկողմ համագործակցութիւնը՝ սահմանային գօտում ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի գործում: Միեւնոյն ժամանակ, Թուրքիայի դեսպանից պահանջւել է լուրջ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար ահաբեկչական խմբաւորումների տարրերի մուտքը Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածք:
Թուրքիայի դեսպանին է փոխանցւել նաեւ Իրանի դժգոհութիւնն Իրաքում Թուրքիայի դեսպանի անհիմն յայտարարութիւնների կապակցութեամբ՝ ընդգծելով երկրների տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան յարգումը՝ որպէս միջազգային յարաբերութիւնների հիմնարար սկզբունք: