Հա

Քաղաքական

04/03/2021 - 12:10

Փաշինեանի հեռանալը ոչ մեծ ժամանակի հարց է. Նա այլեւս ֆիգուր չէ

ՌԴ Արեւելագիտութեան ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, ռուս քաղաքագէտ Ալեքսանդր Սկակովը գտնում է, որ Փաշինեանը վաղուց պէտք է հրաժարականի դիմէր։ 

«alikonline.ir» - ՌԴ Արեւելագիտութեան ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, ռուս քաղաքագէտ Ալեքսանդր Սկակովը գտնում է, որ Փաշինեանը վաղուց պէտք է հրաժարականի դիմէր։ Ռուս հեղինակաւոր կովկասագէտն  անդրադառնալով հայաստանեան ներքաղաքական կեանքում ստեղծւած ճգնաժամին, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի՝ Փաշինեանին ուղղւած հրաժարականի պահանջին, ընդդիմութեան, ինչպէս նաեւ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի դերակատարութեանը, նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում յետպատերազմեան Հայաստանում, որքան էլ ցաւալի է, սպասելի էր. սպասելի էր զինւորականների, ինչպէս նաեւ ժողովրդի ու ընդդիմութեան արձագանքը։ Գրում է 168.am-ը:

Սկակովի խօսքով՝ իրենք Ռուսաստանից հետեւում են տեղի ունեցող իրադարձութիւններին, կարող են գնահատականներ հնչեցնել, սակայն որեւէ կերպ չեն ցանկանում ազդել իրավիճակի վրայ, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում,  Հայաստանի ներքին գործն է, եւ Ռուսաստանը չի կարող ու չի ուզում Հայաստանի փոխարէն որոշել ղեկավարների։ Սակայն, նրա որակմամբ, ներքաղաքական կեանքը բախւել է փակուղու, քանի որ կայ հրաժարականի պահանջ, որն իշխանութիւնը չի ընդունում, եւ ստեղծւել է անլուծելի թւացող իրավիճակ՝ լուրջ հակադրութեամբ։

«Սակայն իւրաքանչիւր նորմալ անձ՝ Փաշինեանի փոխարէն, հրաժարականի կը դիմէր դեռ անցեալ տարեվերջին, քանի որ այն, ինչ տեղի ունեցաւ Ղարաբաղում, եւ այնպէս, ինչպէս տեղի ունեցաւ, իշխանութեան ղեկին մնալը, մեղմ ասած, գեղեցիկ չէ։ Ես գտնում եմ, որ պէտք է կարողանալ պահպանել դէմքը, իսկ նա դա չարեց, որով իրավիճակն է՛լ աւելի է սրւում երկրում։ Ներկայումս, իմ կարծիքով՝ Փաշինեանը վերածւել է կաղ բադիկի։ Ըստ իս, նրա հեռանալու հարցն ամսւայ կամ շաբաթների կամ գուցէ 3 ամսւայ հարց է, նա այլեւս այն ֆիգուրը չէ, ում հետ կարելի է գործ ունենալ, եւ ում վրայ կարելի է յենւել. խօսքը ե՛ւ ժողովրդի, ե՛ւ նրա արտաքին գործընկերների մասին է»,- նման կարծիք յայտնեց Ալեքսանդր Սկակովը։

Նրա խօսքով, պարզապէս խնդիրն ունի առանձնայատկութիւններ, քանի որ ցայտուն այլընտրանքային առաջնորդ չի երեւում, չկայ համախմբւած դիրքորոշում, այսինքն՝ կան առաջնորդներ, նրանք երեւակւում են, բայց կարծես վաղւայ օրւայ համար են, ոչ այս պահի եւ ներկայիս ճգնաժամը լուծելու։ «Սակայն ընդհանուր առմամբ այստեղ որքան էլ իրավիճակը երկարաձգւի, եւ ինչ լուծումներ էլ որ քննարկւեն, նրա հեռանալը ոչ մեծ ժամանակի հարց է»,- ասաց Սկակովը։

Անդրադառնալով արտաքին խաղացողների դիրքորոշմանը հայաստանեան ներքաղաքական զարգացումների վերաբերեալ՝ Սկակովն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում չի տեսնում գերտէրութիւնների եւ ՌԴ-Արեւմուտք ազդեցութեան պայքար, քանի որ, նրա որակմամբ, Փաշինեանն այն ֆիգուրը չէ, ում դէմ կարելի է պայքարել եւ նրա միջոցով ինչ-որ բան որոշել։

«Բայց նա այնպիսի ֆիգուր է, ով ներկայումս չափազանց ձեռնտու է Թուրքիային, քանի որ երկրի թոյլ ղեկավարը դա այն է, ինչ պէտք է Հայաստանի հարեւաններին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար, մեծ հաշւով, միեւնոյն է, ասեմ, թէ ինչու, որովհետեւ նրա հեռանալը այսօր կամ վաղը մեծ բան չի փոխում, քանի որ Հայաստանն այլընտրանքներ չունի եւ մեծ ռեւերանսներ չի անելու»,- ասաց Սկակովը։

Անդրադառնալով յետպատերազմեան Հայաստանում ակտիւացած այն տեսակէտներին, որ Հայաստանը պէտք է սերտացնի համագործակցութիւնը ՆԱՏՕ-ի հետ, քանի որ ռուսական անվտանգային համակարգը, սպառազինութիւնն ապացուցեց իր ոչ արդիւնաւէտութիւնը եւ պարտւեց ռուսական սպառազինութիւնը՝ Սկակովն ասաց, որ Հայաստանում, այո՛, կան ուժեր, որոնք հայեացք են նետում դէպի Արեւմուտք, ինչը բնական է։

«Բայց երեւի թէ ոչ բոլորն են հասկանում եւ հայ ժողովուրդը չի տեսնում, որ Հայաստանի դէպքում առաջին հերթին ՆԱՏՕ-ն նշանակում է՝ Թուրքիա։ Դէպի ՆԱՏՕ բոլոր ճանապարհներն անցնում են Թուրքիայով, որքան էլ Թուրքիա-ՆԱՏՕ յարաբերութիւններում խնդիրներ կան։ Պէտք է հասկանալ՝ սա ցանկանո՞ւմ է հայ ժողովուրդը։

Միւս կարեւոր հանգամանքն այն է, որ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԱՄՆ-ը չկարողացան կամ չարեցին ոչ մի բան՝ կանգնեցնելու համար այն, ինչ սկսւեց Ղարաբաղում։ Բայց այս թւարկւած կենտրոններից շատերը կարող էին լուրջ ջանքեր ներդնել։ Ուստի Հայաստանում կարող են մտածել, որ ՆԱՏՕ-ն ճանապարհ է, բայց կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն որեւէ բան է անելու Հայաստանի համար, եւ դրանից շահելու է միայն Թուրքիան»,- ասաց Սկակովը՝ նշելով, որ այդ առումով Վրաստանը կարող է Հայաստանի համար օրինակ դիտարկւել, պարզապէս՝ շատ աւելի մեծ ռիսկերով։

Խոօսելով «Իսկանդեր»-ի շուրջ ծաւալւած սկանդալի եւ Նիկոլ Փաշինեանի արդարացումների մասին, թէ իրեն սխալ են զեկուցել, ռուս քաղաքագէտը կատակելով ասաց․ «Այո, ե՛ւ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, ե՛ւ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերեալ պատերազմից առաջ, ե՛ւ դրա ընթացքում ե՛ւ յետոյ։ Եւ ի վերջոյ՝ եթէ այդքան յաճախ են սխալ զեկուցում, գուցէ վատն են խորհրդականնե՞րը։

Ուրեմն՝ պէտք է նրանց փոխել, իսկ եթէ չի փոխել, ուրեմն խնդիրներ չի տեսնում անձամբ Փաշինեանը։ «Իսկանդերի» յայտարարութիւնը նոյնիսկ ինձ համար՝ ոչ ռազմական գործչի համար, պարզ էր, որ յիմարութիւն է։ Երկրի ղեկավարը չի կարող նման բաներ ասել»։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։