Հա

Քաղաքական

07/03/2021 - 13:15

«Չի կարելի փոխել զինւորականներին, երբ հակառակորդը խօսում է Երեւանի մասին, դա աբսուրդ է». Եւսէեւ

168.am-ի հարցազոյցը Ռուսաստանի ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւի հետ:

«alikonline.ir» - 168.am-ի հարցազոյցը Ռուսաստանի ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւի հետ:

 

- Պարոն Եւսէեւ, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն Փաշինեանին ուղղւած հրաժարականի յայտարարութեամբ ուրւագծեց ՀՀ ներքաղաքական կեանքը վերջին 10-օրեակի ընթացքում։ Իշխանութեան համար սա բաւականին ծանր հարւած էր, ինչը որակւեց մինչեւ անգամ ռազմական յեղաշրջման փորձ, իրաւական տեսանկիւնից իրաւաբաններն անդրադարձան ԳՇ-ի քայլի օրինականութեանը։  Ըստ ձեզ՝ ի՞նչ էր սա իրականում, որքանո՞վ էր ընդունելի եւ անընդունելի։

- Առաջին հերթին՝ դա ռազմական յեղաշրջում կամ յեղաշրջման փորձ չէր։ Նման որակումները իրականութեան լիակատար խեղաթիւրում են։ Եթէ ինչ-որ մէկը չի հասկանում դրանից, ապա նա կարող է գոնէ ուսումնասիրել Թուրքիայում ռազմական յեղաշրջման վերջին փորձը։ Երկրի ղեկավարը, որը գուցէ այդքան էլ լաւ չի հասկանում՝ ինչ է ռազմական յեղաշրջումը, նա պէտք է ելնի նրանից, որ ռազմական յեղաշրջման փորձի ընթացքում, որը եղաւ Թուրքիայում, դրւած խնդիրներից մէկն էր Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպանութիւնը։ Այս դէպքում որեւէ մէկը Նիկոլ Փաշինեանի կեանքի նկատմամբ ոտնձգութիւն չի արել եւ նման սպառնալիք չի ներկայացրել։ Այստեղ ո՛չ դա, ո՛չ էլ ռազմական յեղաշրջմանը բնորոշ այլ քայլ չի արւել, ուստի պէտք է ասել իրականութիւնը եւ չյօրինել։ Չկա՛յ յեղաշրջման փորձ։

 

- Իսկ ի՞նչ կայ։ Ընդհանրապէս, ըստ Ձեզ, նման յայտարարութեամբ հանդէս գալու իրաւունք ներկայումս ստեղծւած իրավիճակում զինւորականները չունէի՞ն։

- Կայ չափազանց բարձր մակարդակի անհանգստութիւն Հայաստանի Հանրապետութեան զինւորական ղեկավարութեան շրջանում այն տապալող արշաւի վերաբերեալ, որը եղաւ Արցախի Հանրապետութիւնում եւ որը յանգեցրեց աղէտի եւ կարող էր յանգեցնել 25.000 հայկական զօրքի շրջափակմանը։ Վարչապետը սրա համար լիակատար պատասխանատւութիւն է կրում թէկուզ այն պատճառով, որ ՀՀ-ում մոբիլիզացիան չկրեց համատարած բնոյթ եւ չիրականացւեց այնպէս, ինչպէս պէտք է իրականացւէր. զինւորականներն այդ հարցը կարող են դնել նրա առջեւ։ Ինչո՞ւ էր ՀՀ մէկ զինծառայողին ԱՀ տարածքում բաժին ընկնում ադրբեջանցի 5 զինծառայող, ինչո՞ւ մէկ ամսից աւելի ձգւող պատերազմի ընթացքում չմոբիլիզացւեց առաջին մակարդակի ռեզերւը, ինչո՞ւ դա չարւեց, այս հարցերը զինւորականները հիմք ունեն տալ վարչապետին:

Սրանք այն որոշումներն են, որոնք չյայտարարւած էին, սակայն՝ ակնյայտ։ Երկրորդ՝ ինչո՞ւ բոլոր զօրքերը չմտցւեցին Արցախ, որը եւս հարց է Փաշինեանին։ Ինչո՞ւ չլիազօրեց վարչապետը թիրախաւորել էներգետիկ ենթակառուցւածքները։ Այսինքն՝ զինւորականները բազմաթիւ հարցեր ունեն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, այդ յայտարարութեան մէջ պարզապէս դրանք գրւած չեն։

Իսկ ռազմական աւանդոյթները իւրաքանչիւր երկրում տարբեր են։ Թուրքիայում ռազմական աւանդոյթները յանգեցնում էին նրան, որ զինւորականները պարբերաբար վերցնում էին իշխանութիւնը հէնց ռազմական յեղաշրջման միջոցով։

Ներկայումս դա անհնար է։ Կան այլ երկրներ, որտեղ եւս կան նման աւանդոյթներ, օրինակ՝ Եգիպտոսը, նախագահ Սիսին՝ ներկայիս, ղեկավարեց ռազմական յեղաշրջումը, որը նախագահ Մուրսիին հեռացրեց։ Դա դասական ռազմական յեղաշրջում էր։ Այդ աւանդոյթը հետեւեալում է՝ երբ զինւորականը տեսնում է, որ քաղաքացիական իշխանութիւնը չի իրականացնում այն պարտաւորութիւնները, որոնք ունի ժողովրդի առջեւ, երբ ղեկավարութիւնը երկիրը տանում է դէպի աղէտ, որը սպառնում է հսկայական սոցիալական ցնցումներով, այդ դէպքում նրանք իրականացնում են ռազմական յեղաշրջում։

Իսկ Հայաստանում ունենք հսկայական բարոյական տրաւմա, անվտանգութեան ոլորտում լուրջ սպառնալիքներ ՀՀ տարածքում ԼՂ տարածքից, սահմանի ոչ միայն դեմարկացիայի, այլ դելիմիտացիայի բացակայութիւն, ծայրայեղ ծանր իրավիճակ, հայերի մասսայական աշխատանքային միգրացիա։ Այս իշխանութիւնն արդէն երկիրը յանգեցրել է ռազմական աղէտի, իսկ հիմա մնացել է սպասել աղէտի, որը կը տապալի ողջ պետութիւնը, եւ ինչպէ՞ս է ՀՀ-ն շարունակելու գոյութիւն ունենալ՝ որպէս անկախ երկիր։

Բայց նոյնիսկ նման իրավիճակում զինւորականները չեն հեռացնում իշխանութեանը, որեւէ հեղաշրջում չեն անում, նրանք դիրքորոշում են հայտնում, իշխանութիւնը հանգեցրել է ռազմական աղետի, այն զինվորները, սպաները, որոնք գտնվել են ԼՂ  հակամարտութեան գոտում եւ զոհվել են ՀՀ իշխանութիւնների սխալ որոշումների  հետեւանքով։ Նրանք այս մասին են ասում, այլ ոչ թե գնալու են՝ հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, այդ մասին որեւէ մեկը խոսակցութիւն չի վարում։ Դա բնական է, դա ժողովրդավարական պահանջ է, դա որեւէ կապ չունի ռազմական հեղաշրջման հետ։ Իսկ բանակը հասարակութեան մի մասն է, որը հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում, եւ հասարակութեան մի մասը հայտարարում է, որ ներկայիս իշխանութիւնը նրանց համար անընդունելի է եւ պետք է հեռանա։ Արմեն Սարգսյանի քայլերը եւս բնական եմ համարում։

 

- Դուք նշեցիք պատերազմի ընթացքում սխալներ, որոնք Ձեզ համար ակնյայտ են եղել, յայտնի է, որ ԳՇ պետը զգուշացրել էր իշխանութեանը, որ պարտւում ենք, սակայն դրանով, կարծես, ԳՇ-ի դիրքորոշումը սահմանափակւել է, եւ կան նաեւ կարծիքներ, որ ԳՇ-ի այս յայտարարութիւնն ուշացած էր, որ կայ նաեւ ԳՇ պատասխանատւութիւնն այս ամենում։ Դուք ի՞նչ էք կարծում այս հարցերի մասին։

- Պէտք է հասկանալ հետեւեալը՝ ԳՇ-ն հետաքրքրւած էր, որպէսզի փրկի հայկական զօրքերը, որոնք ղեկավարութեան քաղաքական սխալների պատճառով յայտնւել էին փաստացի շրջափակման իրավիճակում, զօրքերին փրկելու, իրավիճակը կայունացնելու համար ժամանակ էր հարկաւոր։ Այս մասին նոյեմբերի 10-ին խօսել չէր կարելի, քանի որ կային պարտաւորութիւններ, եւ դրանք իրականացւում էին նաեւ դեկտեմբերին, եւ նման յայտարարութիւնները կարող էին պատերազմի նոր ալիք բարձրացնել։ Իսկ ի՞նչ էր ակնկալւում, որ Նիկոլ Փաշինեանն ինքնակամ հրաժարական կը տայ, դա տեղի չունեցաւ: Նա սկսեց ամէն կերպ երկարաձգել իր հեռանալը, եւ ինչ-որ պահի, երբ Նիկոլ Փաշինեանը ցուցադրեց ռազմական իրավիճակի լիակատար չիմացութիւն, ապա խօսեց «Իսկանդեր»-ի վատը լինելու մասին, իսկ ռազմական իշխանութիւնը պատասխանեց այս ամենին, եւ վերջ։

Այս ամէնը սադրել է ո՛չ զինւորական իշխանութիւնը, չէ՞, Նիկոլ Փաշինեանը յայտարարեց՝ չհասկանալով իրավիճակը, չփորձելով ճշտել՝ արդեօ՞ք արձակւել են «Իսկանդերներ», կամ դէպի ո՞ւր են արձակւել, ո՞ր օբիեկտների ուղղութեամբ։ Արձակւել է Շուշիի՞ ուղղութեամբ, երբ Շուշին արդէն  Ադրբեջանի վերահսկողութեան տակ էր, թէ՞ արձակւել է Բաքւի ուղղութեամբ՝ որպէս դեմոնստրատիւ թռիչք. սրանք հրապարակւած տարբերակներ եմ ներկայացնում։ Զինւորականներին սադրեցին նաեւ՝ զինւորականի հեռացնելով աշխատանքից, սադրեցին եւ յետոյ զինւորականութեան արձագանքը ներկայացրին՝ որպէս յեղաշրջման փորձ։

 

- Փաշինեանն օրերս ասել է, որ Օնիկ Գասպարեանը պէտք է հեռանայ, սակայն ակնյայտ է դառնում, որ ԳՇ-ն չի հեռանում, իրավիճակը կարծես փակուղում է, եւ հասկանալի չէ՝ ճգնաժամն ինչպէ՞ս է լուծւելու։ Ինչպիսի՞ զարգացումներ էք կանխատեսում։

- Որպէս ՀՀ-ի համար մտահոգ անձ՝ գտնում եմ, որ  ներկայիս իշխանութիւնը կորցրել է իր լեգիտիմութիւնը՝ առաջին հերթին ԼՂ-ում երկրորդ պատերազմի հետեւանքով։ ՀՀ ներկայիս քաղաքական իշխանութիւնը սխալ կանխատեսումներ է անում, հասկանալի է, որ կայ յաւերժ  մնալու ցանկութիւն, որն անհնար է այն ողբերգական իրավիճակի պատճառով, որը ստեղծւել է երկրում պատերազմից յետոյ։ Ճգնաժամի պատճառն այն է, որ Փաշինեանի հրաժարականն ուզում է հասարակութեան մեծ մասը՝ ոչ միայն զինւորականները։ «Ջերմաստիճանը» բարձրանալու է ՀՀ-ում, աւելի շատ մարդիկ են դուրս գալու փողոց՝ պահանջելու հրաժարականը, երբ իրավիճակն աւելի յարմար կը լինի։

Ներկայիս իշխանութիւնն արհեստականօրէն երկարաձգում է իշխանութեան փոխանցման գործընթացը, որի արդիւնքում կարող է այնպէս ստացւել, որ նա հեռանայ այնպէս, ինչպէս ինքը եկել է իշխանութեան։ Սա՝ մէկ տարբերակ, որն անընդունելի է։ Կայ նաեւ երկրորդ տարբերակը՝ արտահերթ ընտրութիւններ՝ ռազմական դրութեան չեղարկումից յետոյ։ Կամ, ինչպէս Մանուկեանն է առաջարկում, իշխանութեան փոխանցում անցումային կառավարութեանը։ Այս սցենարներից, չգիտեմ, թէ որ մէկը կը լինի, բայց կարծում եմ՝ ամռանն իրավիճակը կարդինալ կերպով պէտք է որ փոխւի։

Երբ ռազմական ոլորտում Հայաստանը գտնւում է արտակարգ իրավիճակում, երբ Իլհամ Ալիեւը  խօսում է Երեւանից, այս իրավիճակում չպէտք է տարաձայնութիւններ լինեն քաղաքական եւ ռազմական իշխանութիւնների միջեւ։ Երկրորդ պատերազմի տապալման համար ո՞ւմ վրայ պէտք է լինի պատասխանատւութիւնը: Իմ կարծիքով՝ Հայաստանի համար ընդունելի տարբերակը կը լինէր ոչ թէ ԳՇ պետի հրաժարականը, այլ քաղաքական ղեկավարութեան հրաժարականը։ Երբ հակառակորդը խօսում է Երեւանի մասին, եկէք զինւորականներին էլ փոխենք, Երեւանը յանձնե՞նք. չի՛ կարելի փոխել զինւորականներին այն դէպքում, երբ հակառակորդը խօսում է Երեւանի մասին։ Սա աբսուրդ է։ Չպէտք է սեփական աթոռի մասին մտածել, այլ պէտք է մտածել այն մասին, թէ ինչպէս ապահովել հայ հասարակութեան անվտանգութիւնը։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։