Հա

Քաղաքական

08/04/2021 - 08:45

Եւրոխորհրդարանի ղեկավարը ցաւալի է որակել Անկարայում բանակցութիւնների ժամանակ աթոռների հետ կապւած աղմկահարոյց միջադէպը

Եւրոխորհրդարանի ղեկավար Շառլ Միշէլը ցաւում է, որ Անկարայում անցկացւած բանակցութիւնների ընթացքում աթոռների դասաւորութեան հետ կապւած միջադէպը ստւերել է Եւրոմիութեան համար կարեւոր այցը Թուրքիա։ 

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանի ղեկավար Շառլ Միշէլը ցաւում է, որ Անկարայում անցկացւած բանակցութիւնների ընթացքում աթոռների դասաւորութեան հետ կապւած միջադէպը ստւերել է Եւրոմիութեան համար կարեւոր այցը Թուրքիա։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միշէլը եւ Եւրոյանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայէնը այցով գտնւել են Թուրքիայում, որտեղ բանակցութիւններ են վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Համացանցում հրապարակւած հանդիպման կադրերը ցոյց են տալիս, որ կազմակերպիչները բանակցողների համար տրամադրել են ընդամէնը երկու աթոռ Եւրոմիութեան եւ Թուրքիայի դրօշների ֆոնին: Աթոռներին նստել են Էրդողանն ու Միշէլը, իսկ Ֆոն դեր Լայէնը ստիպւած է եղել նստել մի կողմում՝ բազմոցին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուի դիմաց:

«Չնայած ամէն ինչ ճիշտ անելու ձգտմանը, Թուրքիայի իշխանութիւնների կողմից արարողակարգային կանոնների խիստ մեկնաբանութիւնը յանգեցրել է շատ ցաւալի իրավիճակի»,- գրել է Միշէլը ֆէյսբուքեան իր էջում:

Նա ենթադրում է, որ Եւրոյանձնաժողովի ղեկավարի նկատմամբ թոյլ է տրւել «արարողակարգային սխալմունք», որը կարող է նման լինել կարեւորութեան նւազեցման: Սակայն, ըստ նրա, որոշւել է ոչ թէ սրել իրավիճակը, այլ շարունակել քաղաքական բանավէճերը թուրքական կողմի հետ:

«Ես ցաւում եմ, որ այս իրավիճակը ստւերեց այն հսկայական աշխարհաքաղաքական աշխատանքը, որը մենք միասին կատարել ենք Անկարայում, եւ որի պտուղները, յոյսով եմ, կը հաւաքի Եւրոպան»,- ասել է Եւրոխորհրդի ղեկավարը:

Աւելի վաղ եւրոպացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թւում ՝ եւրոխորհրդարանականներ, քննադատել էին Անկարայում տեղի ունեցած միջադէպը: Քննադատութեան էր արժանացել նաեւ Եւրոպական խորհրդի ղեկավարը, որը, ըստ որոշ պատգամաւորների, պէտք է հոգ տանէր Ֆոն դեր Լայէնի նկատմամբ արժանապատիւ վերաբերմունքի մասին:

Եւրոյանձնաժողովի խօսնակ Էրիկ Մամէրը չորեքշաբթի ասել էր, որ Եւրայանձնաժողովի ղեկավարն իր թիմին արդէն յանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային ապագայ այցերում նման իրավիճակներից խուսափելու համար: Ըստ Մամէրի, Եւրոյանձնաժողովի արարողակարգի ծառայութիւնը այս անգամ չի մասնակցել ուղեւորութեանը կորոնավիրուսի հետ կապւած սահմանափակումների պատճառով:

Նա մանրամասնել էր, որ Ֆոն դեր Լայէնը զարմացած է եղել աթոռների հետ կապւած իրավիճակի պատճառով, բայց նախընտրել է «ուշադրութիւն դարձնել խնդրի էութեանը, ոչ թէ արարողակարգին»: Մամէրը ասել է, որ Եւրոյանձնաժողովի մամուլի ծառայութիւնը չի կարող մեկնաբանել այն պատճառները, թէ ինչու է Ֆոն դեր Լայէնին առաջարկւել այս կամ այն տեղը, «դա պէտք է հարցնել ընդունող կողմին»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։