Հա

Քաղաքական

10/04/2021 - 10:05

«ՀՀ իշխանութիւնները կատարել են բազմաթիւ դիւանագիտական սխալներ․ Փաշինեանն սկսեց խաղեր խաղալ ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հետ»․ Ալեքսանդր Ռարը՝ Ղարաբաղեան պատերազմի մասին

Գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարի խօսքով՝ Արեւմուտքը, արեւմտեան կազմակերպութիւնները չմիջամտեցին Լեռնային Ղարաբաղում սկսւած պատերազմին, եւ փաստացիօրէն ամէն ինչ, այդ թւում խաղաղապահ առաքելութիւն իրականացնելը, թողեցին Թուրքիային, Ռուսաստանին, համաձայնեցին, որ տարածաշրջանային գերտէրութիւններն իրենք լուծեն այդ խնդիրը։

«alikonline.ir» - Գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարի խօսքով՝ Արեւմուտքը, արեւմտեան կազմակերպութիւնները չմիջամտեցին Լեռնային Ղարաբաղում սկսւած պատերազմին, եւ փաստացիօրէն ամէն ինչ, այդ թւում խաղաղապահ առաքելութիւն իրականացնելը, թողեցին Թուրքիային, Ռուսաստանին, համաձայնեցին, որ տարածաշրջանային գերտէրութիւններն իրենք լուծեն այդ խնդիրը։

Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով 2020 թւականի սեպտեմբերին Ղարաբաղում սկսւած պատերազմին եւ դրանից յետոյ յաջորդող գործընթացներին։

«Արեւմուտքը՝ ո՛չ Եւրամիութիւնը, ո՛չ Միացեալ Նահանգները, պատերազմի կողմերից ոչ մէկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին չաջակցեցին»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին՝ վերլուծաբանը նշեց, որ իր կարծիքով՝ կարգաւորման այդ ձեւաչափն ազդեցութիւն չունեցող է։

«Այն չկարողացաւ կանխատեսել պատերազմը, չկարողացաւ այն կանխել։ Իհարկէ, կառոյցի ներսում նիստեր լինում են, բայց կարծում եմ՝ դրանք անիմաստ են։ Ժամանակն արդէն անցել է, հիմնախնդիրն արդէն աւելի շատ լուծւում է տարածաշրջանային գերտէրութիւնների կողմից, քան կողքից։ Պահը կորցւած է, 20-30 տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող էր ինչ-որ բան անել։ Կարծում եմ, որ այդ խումբը, բացի կոչերից, թէ բարեկամներ, մի պատերազմէք, ոչինչ չի կարողանում անել»,- ասաց նա։

Անդրադառնալով Միացեալ Նահանգների նոր վարչակազմի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման գործընթացում հնարաւոր քաղաքականութեանը, Ալեքսանդր Ռարը նկատեց, որ նախագահ Ջօ Բայդէնը հիմնախնդրի վերաբերեալ դեռ ոչինչ չի ասել։

«Միացեալ Նահանգների Կովկասի մասով քաղաքական գործիչների մասին էլ դեռեւս քիչ բան է յայտնի։ Ես կարծում եմ, որ ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա Ամերիկան իր յոյսը կապել է Վրաստանի հետ, որ նրան կարող են միացնել ՆԱՏՕ-ին, բայց դրանք նոյնպէս ոչ յստակ յայտարարութիւններ են։ Կարծում եմ, որ Ամերիկան կորցրել է իր հնարաւորութիւնը միջամտելու գործընթացներին խաղաղապահ առաքելութեամբ եւ դիւանագիտութեամբ այս տարածաշրջանում եւ հիմա կենտրոնացած է այլ խնդիրների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ կարծես Կովկասը ԱՄՆ-ի համար առաջնահերթ չէ։

Գերմանացի վերլուծաբանի խօսքով՝ Միացեալ Նահանգները կարող է վերադառնալ այս տարածաշրջան՝ ՄԱԿ-ի միջոցով՝ փորձ անելով այստեղ խաղաղապահ առաքելութիւն իրականացնել։

«Կարծում եմ՝ հիմա պայքար կայ տարբեր լոբբիստական խմբերի միջեւ։ Նախկինում լոբբիստական խմբերը հայկական սփիւռքից էին, նրանց ազդեցութիւնը յատկապէս Միացեալ Նահանգներում, Ֆրանսիայում շատ ուժեղ էր։ Բայց պէտք է ասել, որ հէնց Լեռնային Ղարաբաղի այս պատերազմը ցոյց տւեց, որ ադրբեջանցիների դիրքերը եւս շատ ուժեղ են, նրանց լոբբիստական խմբերը շատ ուժեղ եւ պրոֆեսիոնալ աշխատեցին։ Պատերազմի ամբողջ ընթացքում ե՛ւ Ամերիկայում, ե՛ւ Եւրոպայում յստակ ասւում էր, որ Ադրբեջանն իրաւունք ունի պահանջելու Լեռնային Ղարաբաղը»,- նշեց նա։

Անդրադառնալով հայաստանեան իշխանութիւնների՝ միջազգային հանրութեան հետ աշխատանքին՝ Ալեքսանդր Ռարը նկատեց, որ նրանք կատարել են բազմաթիւ դիւանագիտական սխալներ՝ պայմաններ ստեղծելով ադրբեջանական բանակի յարձակման համար։

«Չեմ կարծում, որ հայկական կողմը պատրաստ էր այդ պատերազմին։ Անձամբ Փաշինեանն սկսեց խաղեր խաղալ ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հետ։ Չկար Հայաստանի յստակ դիրքաւորում։ Յատկապէս Ռուսաստանի հետ նա փչացրեց Հայաստանի յարաբերութիւնները»,- ասաց նա։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ եթէ հայկական կողմի վերահսկողութեան տակ յայտնւած տարածքների հարցը ժամանակին կառուցողական ձեւով լուծւէր, գուցէ պատերազմ չլինէր։ «Կարծում եմ՝ այստեղ եղել է Հայաստանի սխալ հաշւարկը, ինչը տւել է Ադրբեջանին հիմք, որ վերսկսի պատերազմը»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։