Հա

Քաղաքական

11/04/2021 - 09:35

«Ո՞վ գիտի, որ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումներ է թոյլ տւել Ադրբեջանը, ապրում ենք կեղծ լուրերի եւ կեղծ օրէնքների արանքում»․ Ալֆրէդ դէ Զայաս

Ադրբեջանը խախտել է ռազմագերիների վերադարձի մասին պայմանաւորւածութիւնները: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՄԱԿ-ի մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան հարցերով նախկին անկախ փորձագէտ, ամերիկացի իրաւաբան եւ պատմաբան Ալֆրէդ դէ Զայասը՝ անդրադառնալով արցախեան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարւած հայերի իրաւունքներին։

«alikonline.ir» - Ադրբեջանը խախտել է ռազմագերիների վերադարձի մասին պայմանաւորւածութիւնները: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՄԱԿ-ի մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան հարցերով նախկին անկախ փորձագէտ, ամերիկացի իրաւաբան եւ պատմաբան Ալֆրէդ դէ Զայասը՝ անդրադառնալով արցախեան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարւած հայերի իրաւունքներին։

«Բայց ո՞վ գիտի դրա մասին, եւ ի՞նչ ենք կարդում New York Times- ում, Washington Post- ում եւ այլ լրատւամիջոցներում: Համոզւած եմ, որ նրանք, ովքեր հետեւում են ՄԱԿ-ի գործունէութեանը, գիտեն, որ որպէս Գլխաւոր ասամբլեայի փաստաթուղթ, 6 լեզուներով թողարկւել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի կողմից ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին ուղղւած նամակը` կապւած Ադրբեջանի կողմից գերեվարւած հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների իրավիճակի հետ։ Բայց ո՞վ է կարդում նման փաստաթղթեր: Ո՞վ գիտի, որ Արցախի դէմ ռազմական ագրեսիան ենթադրում է ագրեսիայի յանցագործութիւն Հռոմի կանոնադրութեան 5-րդ յօդւածի եւ Կամպալայի ագրեսիայի սահմանման դէմ, ո՞վ գիտի, որ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումներ է թոյլ տւել Ադրբեջանը»,- իր տարակուսանքը յայտնեց յայտնի փորձագէտը։

Նրա դիտարկմամբ՝ մենք ապրում ենք տեղեկատւական պատերազմի մէջ: «Իրավիճակը չի կարող բարելաււել առանց ճշգրիտ փաստերի եւ Կարմիր խաչի կոնւենցիաների եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրի համատեղ պարտաւորութեան: Եւրամիութիւնը ոչ միայն չկարողացաւ կանխել ադրբեջանական այս ագրեսիան, այլեւ այն չկարողացաւ դատապարտել պատերազմական յանցագործութիւնները, խաղաղ բնակչութեան դէմ ահաբեկչութիւնները, Սիրիայում Թուրքիայի կողմից հաւաքագրւած իսլամիստ վարձկանների ներկայութիւնը: Եւ չնայած Թուրքիայի այս խառնաշփոթ ներգրաւմանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ պատերազմական յանցագործութիւններին, ԵՄ-ն ցանկանում է «բիզնես անել» նախագահ Էրդողանի հետ»,- նշեց նա՝ յաւելելով, որ ապրում ենք կեղծ լուրերի եւ կեղծ օրէնքների արանքում, պատերազմական յանցագործութիւնների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների, ցեղասպանութեան եւ անպատժելիութեան պայմաններում, որոնք մինչ այժմ հանդուրժել են ՄԱԿ-ը եւ յայտնի լրատւամիջոցները։

Պատասխանելով դիտարկմանը, թէ ինչ դեր կարող էր խաղալ միջազգային հանրութիւնը հայկական կողմի գերիների իրաւունքները պաշտպանելու, նրանց վերադարձնելու գործընթացում, Ալֆրէդ դէ Զայասը նշեց, որ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բազմիցս դաւաճանել է եւրոպական արժէքները եւ մարդու իրաւունքները:

«Այն խաղացել է էժան եւ Թուրքիային բաւարարելու քաղաքականութիւն: Արդէն 2005 թ. յունւարի 25-ին ԵԽԽՎ-ն ընդունեց խայտառակ 1416 բանաձեւը: 2016 թ. յունւարի 26-ին ԵԽԽՎ-ն ընդունեց եւս մէկ կեղծաւոր բանաձեւ 2085, որը նախապատւութիւնը տալիս էր «տարածքային ամբողջականութեան» սկզբունքին `ընդդէմ ժողովուրդների ինքնորոշման արդարացի իրաւունքի,- նշեց նա՝ նկատելով, որ միջազգային հանրութիւնը կողմնապահութիւն է դրսեւորում, եթէ հաշւի է առնւում, թէ ինչպէս իրեն դրսեւորեց Կոսովոյի դէպքում,- Դարձեալ եւրոպացիները ցոյց տւեցին, որ իրենք շահագրգռւած չեն միջազգային իրաւունքի միատեսակ կիրառմամբ, այլ միայն մի մասով են դա անում՝ հետեւելով իրենց աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահերին»։

Փորձագէտը խոստովանեց, որ ՄԱԿ-ից եւ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպութիւնից (ԿԽՄԿ) եղել են կոչեր՝ ազատել բանտարկեալներին, բայց դրանք քիչ թւով մարդիկ են արել։

«Մարդու իրաւունքների խորհրդում մենք ունենք բազմաթիւ յատուկ զեկուցողների ստորագրած մամլոյ հաղորդագրութիւնը, որը պահանջում է «ռազմագերիների եւ այլ գերիների շուտափոյթ ազատում ..եւ դիերի վերադարձ ընտանիքներին` յուղարկավորութեան համար` մշակութային սովորոյթները յարգելու նկատառումով»: Դա 2021-ի փետրւարի 1-ին էր, որը ստորագրել են Խոշտանգումների հարցերով զեկուցող Թաէ-Ունգ Բայքը, Նիլս Մելցերը, «Հարկադիր կամ հարկադիր անհետացման հարցերով աշխատանքային» խմբից Հենրիկաս Միկկեւիչուսը, Աուա Բալդէն, Բեռնար Դուհայնը, Լիւսիանօ Հազանը եւ Ագնես Կալամարդը ՝ Արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների գծով յատուկ զեկուցողը։ Սակայն չկայ հետեւողական լինելու մեխանիզմ, չկան յստակ ջանքեր Գլխաւոր քարտուղարի եւ Գլխաւոր ասամբլեայի կողմից մեր առաջարկութիւնների իրականացմանը հետեւելու համար»,- նշեց նա։

Խօսելով արդէն հայկական կողմի անելիքների մասին՝ Ալֆրէդ դէ Զայասը նշեց՝ Հայաստանը պէտք է ակտիւացնի իր յարաբերութիւնները Մոսկւայի հետ:

«Միայն Պուտինը կարող է ճնշում գործադրել Էրդողանի վրայ եւ ասել Ալիեւին ազատ արձակել ռազմագերիներին եւ դադարեցնել սպառնալիքները։ Աւաղ, Հայաստանը Արեւմտեան Եւրոպայում քիչ ընկերներ ունի: Միգուցէ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարութիւնը կարող է իր դիւանագիտութիւնն օգտագործել Լեռնային Ղարաբաղի համար։ Գերմանիան դա չի անի այստեղ ապրող հսկայական թւով թուրքերի պատճառով: ՆԱՏՕ-ն էլ ոչ մի ցանկութիւն չունի օգնելու Լեռնային Ղարաբաղին»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Հայաստանը նաեւ պէտք է ակտիւացնի իր լոբիստական աշխատանքները ԱՄՆ-ում:

«Իրօք, ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առջեւ կայ 240-րդ բանաձեւը, որով կոչ է արւում Ադրբեջանին անյապաղ ազատ արձակել 200 հայ ռազմագերիներին եւ գերեվարւած խաղաղ բնակիչներին: Հայաստանը պէտք է լոբինգ անի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի անդամների շրջանում `ինքնորոշման հարցը Արդարադատութեան միջազգային դատարանի առջեւ բարձրացնելու համար` խորհրդատւական եզրակացութիւն ստանալու համար, որում պարզ կը լինի, որ ինքնորոշումը բոլոր ժողովուրդների եւ հայերի արդարացի իրաւունքն է, հայերն են Լեռնային Ղարաբաղի իրաւատէրերը։ Միջազգային արդարադատութեան նախարարութիւնը կարող է յստակ յայտարարել, որ «տարածքային ամբողջականութեան սկզբունքը» չի արդարացնում մարդու իրաւունքների զանգւածային ոտնահարումները, եւ որ «uti possidetis» (լատիներէնից՝ քանի որ տիրապետում էք) հնացած սկզբունքը անհամատեղելի է ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ ժողովուրդների իրաւունքների հետ: Խորհրդատւական կարծիք կարելի է ստանալ ՄԱԿ-ի կանոնադրութեան 96-րդ յօդւածի համաձայն `Գլխաւոր ասամբլեայում քւէարկութեան միջոցով»,- նշեց նա։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։