Հա

Քաղաքական

11/04/2021 - 09:50

«Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց միւս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ». ռուս փորձագէտները մեկնաբանել են Պուտին-Էրդողան վերջին հեռախօսազրոյցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 9-ին հեռախօսային բանակցութիւններ են անցկացրել Լիբիայում, Սիրիայում, Դոնբասում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերեալ: 

«alikonline.ir» - Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 9-ին հեռախօսային բանակցութիւններ են անցկացրել Լիբիայում, Սիրիայում, Դոնբասում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերեալ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է k-politika.ru կայքը:

Բացի այդ, նրանք քննարկել են կորոնավիրուսը եւ Ստամբուլեան ջրանցքի կառուցումը: Կայքը փորձագէտներից պարզել է, թէ որքանով է Անկարան յուսալի գործընկեր Մոսկւայի համար, եւ ինչ օգուտներ կարող է ունենալ այդ համագործակցութիւնը:

 

Վլադիմիր Աւատկով, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարութեան դիւանագիտական ակադեմիայի դոցենտ.

«Թուրքիան յետխորհրդային տարածքում շատ ակտիւ է՝ խթանելով հանգոյցի գաղափարախօսութիւնը: Այն իրեն դիրքաւորում է որպէս ծանրութեան կենտրոն հիւսիսի, հարաւի, արեւմուտքի եւ արեւելքի համար: Այս առումով նրա համար շատ կարեւոր է օգտագործել յետխորհրդային տարածքի ներուժն ու ռեսուրսները, որի մի մասը, ինչպէս ասում է Թուրքիան, եղբայրական է իր համար: Էթնիկ եւ կրօնական ինքնութիւնների ֆոնին, որոնք այժմ մեծ մասսայականութիւն են վայելում ամբողջ աշխարհում, նա փորձում է ստեղծել միջազգային յարաբերութիւնների իր ենթահամակարգը, որում պետութիւնները փոխգործակցելու են ըստ թուրքական կանոնների: Ըստ այդմ, Ռուսաստանը չի կարող անտեսել Անկարայի գործօնը, յատկապէս որ անցած 30 տարիների ընթացքում նա աճեցրել է ազդեցութեան ամբողջ խմբեր յետխորհրդային տարածքում:

Ինչ վերաբերում է Կովկասին, ապա դրա միջոցով Թուրքիան փորձում է տրանսպորտային միջանցք կառուցել դէպի Կենտրոնական Ասիա: Այս ճանապարհին հիմնական խոչընդոտը Հայաստանն է, որի հետ Անկարան չունի դիւանագիտական յարաբերութիւններ: Ռուսաստանի համար Թուրքիայի այս ձգտումը մի կողմից սպառնալիք է, իսկ միւս կողմից՝ հնարաւորութեան պատուհան, քանի որ Մոսկվան կը կարողանայ նաեւ բացւած ուղիներով օգտագործել իր արտադրանքը Հայաստան, Թուրքիա եւ այլ երկրներ մատակարարելու համար: Կասպից տարածաշրջանում Թուրքիայի ակտիւ ներգրաււածութիւնը կարող է յանգեցնել նրան, որ Անկարան կամ առաջ կը բերի անկայունութեան աղէղը կամ, ընդհակառակը, կը համագործակցի Ռուսաստանի հետ՝ անվտանգութեան միասնական համակարգ ստեղծելու համար»:

 

Ալեքսէյ Մակարկին, քաղաքագէտ.

«Ռուսաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնները հիմնւած են շահերի եւ համաձայնագրերի վրայ: Միեւնոյն ժամանակ, սկզբում Անկարան համարւում էր ընկեր, այնուհետեւ ինքնաթիռ խոցեցին (2015-ին Սու -24 Մ ռմբակոծիչ, սպանւել է օդաչու Օլեգ Պեշկովը), եւ այն վերածւեց թշնամու, իսկ այժմ Թուրքիան «ոչ բարեկամ է, ոչ թշնամի, այլ այնպէս» («и не друг, и не враг, а так»): Նա մնացել է հէնց այդ կարգավիճակում: Երկրներից իւրաքանչիւրն ունի իր շահերը, որոնք ինչ-որ կերպ համաձայնեցւում են: Օրինակ ՝ Սիրիայում նրանք համաձայնել են, որ իւրաքանչիւրն ունի իր ազդեցութեան գօտին, եւ չի լինի քրդական քւազի պետութիւն: Լիբիայում նրանք կարողացել են կազմել նոր կառավարութիւն, որում չկայ ո՛չ մարշալ Հաֆթարը, որի վրայ ժամանակին խաղադրոյք էր կատարում Ռուսաստանը, ո՛չ էլ Սարաջը, որը մօտ էր Թուրքիային:

Հակամարտութիւնն այնտեղ, իհարկէ, հեռու է աւարտից, բայց որոշակի առաջընթաց կայ:

Միեւնոյն ժամանակ, Թուրքիան բացայայտ աջակցում էր Ադրբեջանին նրա ռեւանշիստական ձգտումներում, մինչդեռ տարածաշրջանում Ռուսաստանի համար իրավիճակը շատ աւելի բարդ է: Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, իսկ միւս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ, քանի որ այդ դէպքում Սիրիան ու Լիբիան կառկախւեն: Միեւնոյն ժամանակ, Պուտինը եւ Էրդողանը պայմանաւորւել են Կովկասում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման անհրաժեշտութեան մասին: Ըստ ամենայնի, խօսքը փաթեթային համաձայնութեան մասին է, որը ձեռք է բերւել Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմի արդիւնքներից յետոյ: Այնուամենայնիւ, բացի ճանապարհներից, կան շատ այլ նրբերանգներ: Օրինակ ՝ գերիների ազատման հարցը: Ադրբեջանն ասում է, որ արդէն ազատել է բոլորին, իսկ նրանք, որոնք մնացել են, ահաբեկիչներ են, Հայաստանն այլ կարծիքի է: Ակնյայտ է, որ հարցը կը լուծւի «դու` ինձ, ես` քեզ» սկզբունքով, բայց կողմերից իւրաքանչիւրը կը փորձի աւելին ստանալ եւ ավելի քիչ տալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։