Հա

Քաղաքական

13/04/2021 - 10:00

«Իրանի հետ յարաբերութիւնների զարգացումը ՌԴ արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից է». Լաւրով

Իրան նախատեսւած այցի նախօրէին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է, որ Թեհրանի հետ բազմաբնոյթ յարաբերութիւնների ընդլայնումը պաշտօնական Մոսկւայի արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից է:

«alikonline.ir» - Իրան նախատեսւած այցի նախօրէին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է, որ Թեհրանի հետ բազմաբնոյթ յարաբերութիւնների ընդլայնումը պաշտօնական Մոսկւայի արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից է:

 

- Ո՞րն է Թեհրան Ձեր այցի գլխաւոր նպատակը: Ռուսաստանի Դաշնութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ փոխադարձ յարաբերութիւնների եւ համագործակցութեան սկզբունքների հիման վրայ կնքւած համաձայնագիրը, ինչպէս է ազդում երկու երկրների յարաբերութիւնների զարգացման վրայ:

- Իրանի հետ յարարբերութիւնների զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից է: 2001 թւականի մարտի 12-ից ի վեր, այս համաձայնագրի կնքումից անցել է 20 տարի: Համաձայնագիրը երկու երկրների նախագահները ստորագրել են Մոսկւայում:

Այս քայլով կողմերը վերահաստատեցին իրենց յանձնառութիւնը, փոխադարձ յարգանքի եւ հաւասարութեան սկզբունքների վրայ հիմնւած յարաբերութիւնների հաստատմանը: 

Ռուսաստանը եւ Իրանը փոխադարձաբար պարտաւորւել են յարգել միմեանց ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնն ու անկախութիւնը, եւ չմիջամտել միմեանց ներքին գործերին: 

Համաձայնագրի դրոյթների յաջորդական իրագործման շնորհիւ, երկու երկրների համագործակցութիւնը գտնւում է աննախադէպ բարձր մակարդակի վրայ: 

Ներկայումս այս համագործակցութիւնն ակտիւացել եւ ընդգրկուն է դարձել, ամրապնդւում են յարաբերութիւնները քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-մարդկային եւ այլ ոլորտներում: Իրանում շարունակւում են խոշոր ենթակառուցւածքային նախագծերի իրականացումը, ներառեալ Բուշեհրի ատոմակայանի կառուցումն ու շահագործումը: 

Մշակւում է համագործակցութիւն առողջապահութեան ոլորտում եւ կորոնավիրուսի տարածման դէմ պայքարում: Ռուսական Sputnik V պատւաստանիւթի խմբաքանակները առաքւում են Իրան, իսկ դրա արտադրութիւնը նախատեսւում է կազմակերպել Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում: 

Մոսկւան եւ Թեհրանը սերտօրէն համագործակցում են Միջուկային համապարփակ համաձայնագրի լիարժէք իրականացման համար:

Մենք համակարգում ենք սիրիական ճգնաժամի կարգաւորմանն ուղղւած մեր ջանքերն Աստանայի ձեւաչափի շրջանակում, որն ապացուցել է իչ արդիւնաւէտութիւնը: Մենք մշտապէս երկխօսում ենք Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին, եւ վստահօրէն կարող ենք ասել, որ Ռուսաստանի եւ Իրանի համագործակցութիւնը կօգնի պահպանել տարածաշրջանային կայունութիւնը եւ, աւելի լայն տեսանկիւնից, միջազգային կեանքի զարգացումը` ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն սկզբունքների հիման վրայ:

Մտադիր եմ քննարկել ռուս-իրանական յարաբերութիւնների ամրապնդման ուղիներն իմ գործընկեր Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ առաջիկայ բանակցութիւնների ընթացքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։