Հա

Քաղաքական

19/04/2021 - 08:50

Միջազգային իրաւունքի կիրառումը պաշտպանելու համար անյապաղ անհրաժեշտ է միջազգային հանրութեան, այդ թւում`Ֆրանսիայի եւ ԵՄ-ի կտրուկ արձագանքը․ ֆրանսահայ պատգամաւորը Բաքւում բացւած պուրակի մասին

Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանի խօսքով՝ Ֆրանսիան պատերազմի տարիներին եղել է ամենաաղմկոտ երկրներից մէկը ընդդէմ Ադրբեջանի, մինչդեռ միջազգային հանրութեան մեծ մասը լռում էր:

«alikonline.ir» - Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանի խօսքով՝ Ֆրանսիան պատերազմի տարիներին եղել է ամենաաղմկոտ երկրներից մէկը ընդդէմ Ադրբեջանի, մինչդեռ միջազգային հանրութեան մեծ մասը լռում էր: Այս մասին նա «Tert.am»-ին ասաց՝ անդրադառնալով Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում ֆրանսիայի եւ միջազգային հանրութեան դերին։

«Ցաւօք սրտի, Մինսկի խումբը արդիւնաւէտ չգործեց: Ես անկեղծօրէն յուսով եմ, որ Ֆրանսիան կը յորդորի եւ կը ներգրաւի բոլոր համապատասխան կողմերին`գտնել ընդհանուր լեզու ռազմագերիների վերադարձի եւ Արցախում բոլոր բռնութիւնների վերացման համար: Հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը ապացոյցն է այն բանի, որ Ադրբեջանը գնում է էթնիկ զտումների ճանապարհով, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ միջազգային ճանաչումն Արցախը պաշտպանելու միակ ճանապարհն է, ինչպէս ներկայացրեց Ֆրանսիայի խորհրդարանը»,- ասաց նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի իշխանութիւնների հետ հայկական կողմի աշխատանքին՝ պատգամաւորը նշեց, ոչ ինքը աշխատանքային լաւ յարաբերութիւններ ունի Հայաստանի դեսպանի հետ, եւ ինչպէս Ֆրանսիայի բոլոր կուսակցութիւններից իր շատ կոլեգաներ, ինքը նրա հետ սերտ կապի մէջ է եղել պատերազմի ընթացքում:

«Այնուամենայնիւ, իմ պատասխանատւութիւնը չէ գնահատել Ֆրանսիայում օտարերկրեայ կառավարութեան աշխատանքը, բայց վստահ եղէք, որ Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների մոբիլիզացումը շատ արդիւնաւէտ էր Արցախի մասին իրազեկման գործում»,- ասաց նա։

Խօսելով արդէն Բաքւում ադրբեջանական իշխանութիւնների կողմից բացւած պատերազմի «պուրակի» մասին, որտեղ հայկական ռազմավարի կողքին, ներկայացւած են հայ զինւորի մանեկեններ, Դանիէլ Ղազարեանը նշեց՝ դա իրեն սարսափեցրել է։

«Սա կրկին միջազգային պայմանագրերի ակնյայտ խախտում է: Պատերազմն աւարտւելուց յետոյ Բաքուն պէտք է անմիջապէս դադարեցնի բոլոր տեսակի սադրանքները եւ պէտք է Մոսկւայում իր ստորագրած պայմանագրին համապատասխան վարքագիծ դրսեւորի: Միջազգային իրաւունքի կիրառումը պաշտպանելու համար անյապաղ անհրաժեշտ է միջազգային հանրութեան, այդ թւում`Ֆրանսիայի եւ ԵՄ-ի կտրուկ արձագանքը: Ես պաշտօնապէս հարց եմ տւել Ֆրանսիայի արտգործնախարարին՝ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերեալ: Ես չափազանց զգօն կը մնամ այս շատ կարեւոր խնդրի վերաբերեալ»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։