Հա

Քաղաքական

20/04/2021 - 08:20

«Կոմունիկացիաների ապաշրջափակման մասին բոլոր հիմնաւորումները եղել են «Քոմեդի քլաբի» ժանրից, ոչ մի խելամիտ հիմնաւորում դեռ չենք լսել իշխանութիւններից»․ թուրքագէտ

Թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանի խօսքով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ստորագրելուց յետոյ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մանրամասներ Հայաստանում գիտի միայն մէկ մարդ, եւ այդ մէկ մարդը Նիկոլ Փաշինեանն է։

«alikonline.ir» - Թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանի խօսքով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ստորագրելուց յետոյ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մանրամասներ Հայաստանում գիտի միայն մէկ մարդ, եւ այդ մէկ մարդը Նիկոլ Փաշինեանն է։

Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարարի յայտարարութեանը, ըստ որի, Ադրբեջանն սկսել է դէպի Նախիջեւան ճանապարհի շինարարութիւնը, որը պէտք է աւարտին հասցւի կարճ ժամկէտներում։

«Նիկոլ Փաշինեանը մինչեւ հիմա չի բացատրել, թէ ինչ է լինելու, ո՛չ ժամկէտներից ենք տեղեակ, ո՛չ էլ գիտենք, թէ ինչ ենթակառուցւածքներ է ենթադրում այդ ապաշրջափակումը՝ միջա՞նցք է լինելու, փողո՞ց է, տարանցիկ ճանապա՞րհ է։ Շատ հակասական յայտարարութիւններ են արւում»,- ասաց նա։

Նշենք, որ թուրք նախարարը յայտարարել էր, որ անհրաժեշտ է արդիականացնել նաեւ Նախիջեւանի երկաթուղիները, ինչից յետոյ սկսել Ադրբեջանից Նախիջեւան ուղիղ երկաթգծի կառուցումը՝ այդպիսով ապահովելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ, այլ ոչ թէ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցութիւնը։

Անդրանիկ Իսպիրեանը նման յայտարարութիւնը շատ տարօրինակ համարեց՝ նկատելով, որ դա մեզ համար աբսուրդային է։ «Ի՞նչ է նշանակում ճանապարհ՝ Ադրբեջանից ուղիղ Թուրքիա։ Մէջտեղում, ի վերջոյ, Հայաստան կայ։ Այսինքն՝ պարզաբանումների կարիք կայ, որոնց պատասխանները գիտեն միայն այսօրւայ իշխանութիւնները, ի դէմս վարչապետի։ Մենք որքան էլ փորձենք ինչ-որ բան մեկնաբանել, դրանք բոլորը կը լինեն թերի եւ ենթադրութիւնների հիման վրայ»,- ասաց նա։

Թուրքագէտը նշեց, որ չենք կարող ասել, թէ արդեօք Ադրբեջանի կողմից շտապողականութիւն է դրսեւորւում՝ հիմա նախատեսելով ճանապարհի կառուցումը, քանի որ չգիտենք, թէ ինչ ժամկէտներ կան նոյեմբերի 9-ի համաձայնագրում։

«Մենք ոչինչ չգիտենք այդ համաձայնագրի մասին, չգիտենք, թէ արդեօք ժամկէտներ կան, թէ՝ ոչ։ Հայաստանը հիմա նախընտրական փուլ է մտել, եւ հիմա պարզապէս խուսափում են ժամկէտների մասին խօսելուց՝ իշխանութիւնների դէմ բողոքի ալիք չառաջացնելու համար»,- ասաց նա եւ մատնանշեց Նիկոլ Փաշինեանի վերջերս արած յայտարարութիւնը, թէ մենք էլ միջանցք ենք ունենալու Նախիջեւանով։

«Այսինքն՝ նա էլ չէր բացառել, նորմալ էր վերաբերւել նման գործընթացներին։ Եւ եթէ Թուրքիայում եւ Ադրբեջանում էլ սկսել են ճանապարհ կառուցել, նշանակում է՝ ինչ-որ պայմանաւորւածութիւն կայ։ Պարզապէս յայտարարութիւն չէ, որ արդէն աշխատանք է տարւում»,- ասաց նա։

Անդրանիկ Իսպիրեանի խօսքով՝ ընդհանրապէս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացման պարագայում պէտք է կատարւեն լուրջ ուսումնասիրութիւններ, ռիսկերի գնահատման կարիք կայ։ Նա մատնանշեց, որ հայ-թուրքական սահմանների բացման հետ կապւած ժամանակին՝ 2008-2009 թթ․ կատարւել են նման ուսումնասիրութիւններ, որոնց արդիւնքներով, դեռ այն ժամանակ նկատւել էր հասարակական բարոյահոգեբանական ճնշման գործօնը, տնտեսական ոլորտում Հայաստանը տուժելու էր։

«Հիմա, երբ պատերազմի արդիւնքում նորմալ չեն գործում պետական ինստիտուտները, հիմա էլ բոլորը լծւած են ոչ թէ պետական կառավարմանը, այլ՝ ընտրութիւններին իրենց յաղթանակը ապահովելու գործին։ Այս պարագայում աւելի վատ վիճակում ենք, քան 13 տարի առաջ»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանում հնարաւոր տնտեսական խնդիրներին՝ Անդրանիկ Իսպիրեանը չբացառեց տնտեսական էքսպանսիան, մեզ մօտ ջերմոցային տնտեսութիւնները կարող են պարզապէս վերանալ՝ Թուրքիայից, օրինակ, լոլիկի մեծ քանակի ներմուծման պարագայում։

«Բաց սահմաններ լինելու դէպքում թուրքական կապիտալը կը ներխուժի Հայաստան, եւ կը փորձեն քաղաքական ազդեցութիւն ձեռք բերել։ Բաց սահմանների դէպքում կապիտալը կարող է լինել ապահովագրւած։ Կապիտալի առկայութեան պայմաններում արդէն հեշտ կը լինի քաղաքական լոբբինգը, ինչը ազգային անվտանգութեան հարց կարող է դառնալ մեզ համար,- ասաց նա` նաեւ նկատելով, որ ՀՀ Ոստիկանութիւնը, Ազգային անվտանգութեան ծառայութեան սահմանապահ զօրքերն առանց այդ էլ հիմա ծանրաբեռնւած են, իսկ հայ-թուրքական սահմանները բացելու դէպքում այն աւելի է մեծանալու,- Մենք պատրաստ չենք սահմանները բացելուն։ Իհարկէ, նորմալ է, երբ երկու երկրերի միջեւ սահմաններ են բացւում, բայց դա պէտք է ունենայ խելամիտ ձեւ, պէտք է պատրաստ լինել այդ ամէն ինչին»։

Ադրբեջանի հետ մեր սահմանները բացւելու դէպքում, ըստ նրա, աւելի անհասկանալի է, թէ ինչ է լինելու։ «Երբ տեսնում ենք, որ Սիւնիքում ոչխարներ են գողանում, գերիներին հրաժարւում են վերադարձնել, ռազմավարի պուրակ են բացում Բաքւում, յետոյ աշակերտներին տանում են, որ ուրախանան հայ գերիների խրտւիլակներով, այս պարագայում բարեկամութիւնը, ինչպէս ասում են մեր իշխանութիւնները, ես չեմ պատկերացնում»,- ասաց նա։

Անդրանիկ Իսպիրեանի խօսքով՝ այսօրւայ իշխանութիւններն ընդհանրապէս ոչ պրոֆեսիոնալ են, կարիք ունեն խորհրդականների, որ եթէ սահմանների բացումն անխուսափելի է լինելու, պատրաստեն դրան հասարակութեանը եւ պետական ինստիտուտներին։

«Միշտ ինձ համար հեշտ է եղել մօտաւոր կանխատեսումներ անելը, եւ հիմնականում դրանք ճիշտ են եղել, բայց այս պարագայում, երբ ամէն ինչ ներկայացւած է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի պայմանները մեզ անյայտ են, մեր կանխատեսումները մեր երեւակայութեան արդիւնքն են լինելու,- ասաց նա՝ նկատելով, որ իր պատկերացմամբ, տեղեկատւութիւնը մաս-մաս են ներկայացնում, որ բողոքի մեծ ալիք չբարձրանայ,- Իրենց պատգմաւորները իրենց ցնդաբանութիւններով առաջ են գնում, որեւէ հիմնաւորում չի եղել համաձայնագրի կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող կէտի հետ կապւած։ Բոլոր հիմնաւորումները եղել են «Քոմեդի քլաբի» ժանրից, ոչ մի խելամիտ հիմնաւորում դեռ չենք լսել իշխանութիւններից»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։