Հա

Քաղաքական

21/04/2021 - 11:05

«Մոսկւան կարող է ամբողջովին գոհ չլինել նոյեմբերի 10-ից յետոյ Փաշինեանի անկանխատեսելի պահւածքից». ռուսաստանցի փորձագէտը՝ ԵԽԽՎ-ում ռուս պատւիրակների քւէարկութեան մասին

Ադրբեջանում պահւող հայ զինծառայողների խմբի հարցը մէկն է այն կարեւորներից, որոնք չեն պարզաբանւել նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնութեամբ, ինչպէս չեն մանրամասնւել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երթուղիները՝ կոնկրետ կոորդինատներով, տրանսպորտային միջանցքներ եւ այլն, ուստի իւրաքանչիւր ոք ունի իր տեսակէտը այս խնդիրների վերաբերեալ։

«alikonline.ir» - Ադրբեջանում պահւող հայ զինծառայողների խմբի հարցը մէկն է այն կարեւորներից, որոնք չեն պարզաբանւել նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնութեամբ, ինչպէս չեն մանրամասնւել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երթուղիները՝ կոնկրետ կոորդինատներով, տրանսպորտային միջանցքներ եւ այլն, ուստի իւրաքանչիւր ոք ունի իր տեսակէտը այս խնդիրների վերաբերեալ։

Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց տարածաշրջանային եւ միջազգային հարցերով ռուսաստանցի փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ պատճառաբանելով ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների մասին քննարկման առաջարկին ռուս պատւիրակութեան մի մասի դէմ քւէարկութիւնը։

«Երեւանն ու Բաքուն հարցերի վերաբերեալ ունեն ճիշտ հակառակ դիրքորոշումները, իսկ Ռուսաստանը մէջտեղում է։ Հետեւաբար, ռուսական պատւիրակութեան անդամները քւէարկեցին նոյն ձեւով՝ դրանով իսկ չորոշակիացնելով կատարւողը՝ արդեօք այդ մարդիկ «ռազմագերի՞» են, թէ՞ «դիւերսանտներ»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ երէկ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հայ ռազմագերիների հարցով ընթացիկ քննարկում կազմակերպելու առաջարկին ռուսական պատւիրակութեան անդամների մի մասը «դէմ» է քւէարկել, մնացածը՝ «ձեռնպահ»:

Գրիգորի Տրոֆիմչուկի նկատառմամբ, ըստ ամենայնի, Ռուսաստանի Դաշնութեան ներկայացուցիչների նման պահւածքի այլ պատճառներ էլ կարող են լինել։

«Մոսկւան կարող է ամբողջովին գոհ չլինել նոյեմբերի 10-ից յետոյ Նիկոլ Փաշինեանի պահւածքից, որը շարունակում է գործել իր նախընտրած անկանխատեսելի ոճով, կարծես նոյեմբերի 10-ին ոչ մի նշանակալի բան չի եղել»,- ասաց նա։

Չնայած առանց նոյեմբերի 10-ի համաձայնութեան էլ, ըստ նրա, Հայաստանը՝ իր ղեկավարութեամբ շատ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ յարաբերութիւններում։ «Օրինակ, նրա տարածքում դեռ գործում են ամերիկեան կենսաբանական լաբորատորիաները, որոնք ֆինանսաւորւում են ոչ միայն ԱՄՆ-ից, այլ հէնց Պենտագոնից: Աւելին, այդ լաբորատորիաները գործում են նոյնիսկ Հայաստանում անվերջ թւացող սանիտարական կարանտինների ֆոնին՝ բնական կասկած առաջացնելով, արդեօք նրանք մասնակցում են COVID-19 շտամների վերարտադրմանը: Չեմ ասում, որ այս դետալները ԵԽԽՎ-ում նման քւէարկութեան պատճառն էին, բայց դրանք կարող են բացասական քաղաքական ֆոն ստեղծել»,- ասաց նա։

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ գերիների վերադարձի խնդրի բարձրաձայնման վրայ կարող է ազդած լինել գեներալ Մուրադովի հետ կապւած «դաւադրութիւնը»:

«Քանի որ ռուս դիտորդները, ներառեալ պատգամաւորները, ուշադիր հետեւում էին, թէ ինչպէս են տեղական լրատւամիջոցները տեղեկութիւններ տրամադրում նրա՝ Ադրբեջան թռիչքի մասին, որ նա այնտեղից հայ ռազմագերիներ բերելու առաքելութեամբ է գնացել, որն իբր այդպէս էլ չի իրականացւել: Այս բոլորը «կշիռներ» են քւէարկութեան կշեռքի վրայ»,- ասաց նա։

Ռուսաստանցի փորձագէտի նկատառմամբ՝ այսօր լրատւամիջոցներ գրում են, որ «Ռուսաստանի պատւիրակների մերժումը՝ քւէարկել բանտարկեալների վերադարձի օգտին, զայրացրել է Հայաստանի բնակիչներին»:

«Այսինքն՝ սա առաջին վրդովմունքը չէ, այդպիսի վրդովմունքի պատճառներ արդէն բաւական չափով հաւաքւել են, այդ թւում՝ իրականում կազմակերպւած «Մուրադովի չիրականացւած առաքելութեան հանդէպ» վրդովմունքը: Բայց մենք գիտենք նաեւ հայերի հակառակ վրդովմունքի մասին, մասնաւորապէս՝ երկրի հայրենասէր քաղաքացիների, որոնք վերջերս ծեծել են ՆԱՏՕ-ի տեղեկատւական կենտրոնի նախկին ղեկավար Արա Թադէոսեանին: Այնուամենայնիւ, հայկական լրատւամիջոցները, չգիտես ինչու, ոչ մի նշանակութիւն չտւեցին այս փաստին, թէեւ դա ինքնին ինդիկատոր է, քանի որ սա ուղղակիօրէն ցոյց է տալիս Հայաստանում արմատաւորւած արեւմտեան կառոյցների ուժեղացման վերաբերեալ դժգոհութիւնը: Միեւնոյն ժամանակ, հայ հասարակութեան մէջ դեռ բարձրաձայնւում է՝ իբրեւ թէ ամէն ինչի մեղաւորը ՀԱՊԿ-ն է, այլ ոչ թէ ՆԱՏՕ-ն»,- ասաց նա՝ յաւելելով, որ այս բոլոր պատճառները միասին, ըստ երեւոյթին էլ, դարձան նման քւէարկութեան պատճառ:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։