Հա

Քաղաքական

22/04/2021 - 10:45

ԱՄՆ-ի եւ Իսրայէլի միջեւ լարւածութիւնն աճում է Իրանի հետ բանակցութիւնների առաջընթացին զուգահեռ

Քանի որ Վիեննայում միջուկային բանակցութիւնները կրիտիկական փուլ են մտնում, Իսրայէլի կառավարութեան եւ Ջօ Բայդէնի վարչակազմի միջեւ Իրանի շուրջ տարաձայնութիւններն ու կասկածներն աճում են: 

«alikonline.ir» - Քանի որ Վիեննայում միջուկային բանակցութիւնները կրիտիկական փուլ են մտնում, Իսրայէլի կառավարութեան եւ Ջօ Բայդէնի վարչակազմի միջեւ Իրանի շուրջ տարաձայնութիւններն ու կասկածներն աճում են: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Axios-ը:

Երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել հանրային պայքարից, որն առաջացել է 2015 թւականի գործարքի շուրջ բանակցութիւնների ընթացքում: Մասնաւորապէս, երկու կողմերից հիասթափութիւնն աճում է վստահութեան, համակարգման եւ թափանցիկութեան բացակայութեան պատճառով:

Միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ, որոնք, ինչպէս յուսով է ԱՄՆ-ը, կը յանգեցնեն գործարքի վերսկսմանը, իսկ Իսրայէլը յոյսը դնում է ձախողման վրայ, իսրայէլական ակնյայտ սաբոտաժը յանգեցրեց պայթիւնի Իրանի Նաթանզի միջուկային կայանում:

Երկու օր անց ԱՄՆ-ի եւ Իսրայէլի բարձրաստիճան պաշտօնեաները հանդիպել են Իրանի շուրջ ռազմավարական բանակցութիւնների երկրորդ փուլում:

Բանակցութիւններին մասնակցած իսրայէլական երկու պաշտօնատար անձանց խօսքերով՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մէյր Բէն Շաբբաթը մտահոգութիւն է յայտնել, որ ԱՄՆ-ը բաւականաչափ ուշադրութիւն չի դարձրել Իսրայէլի կառավարութեան դիրքերին Իրանի հետ դիւանագիտութեան ընթացքում: Նրանք ասել են, թէ ամերիկեան կողմը մտահոգութիւն է յայտնել, որ Իսրայէլը ռազմական ու հետախուզական գործողութիւններ է իրականացնում Իրանի դէմ՝ առանց այդ մասին Վաշինգտոնին տեղեկացնելու: Իսրայէլցիները ընդգծել են Իրանից Իսրայէլը պաշտպանելու իրենց իրաւունքն ու պարտականութիւնը: Իսրայէլցի պաշտօնեաները յայտնել են, որ նախօրօք տեղեկացրել են Միացեալ Նահանգներին վերջին գործողութիւնների մասին: «Դա ամերիկացիների համար անակնկալ չէր»,- ասել է իսրայէլցի մի պաշտօնեայ:

Իսրայէլցիները պնդում են, որ Բայդէնի վարչակազմը լիովին թափանցիկ չի եղել իրենց հետ՝ կապւած այն առաջարկների հետ, որոնք անում է Վիեննայում:

Բայդէնի վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեան մերժել է այս մեղադրանքները` շեշտելով, որ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի պաշտօնեաները մշտապէս սերտ խորհրդակցութիւններ են անցկացնում: «ԱՄՆ-ը եւ Իսրայէլը ապագայում կը պահպանեն այս սերտ եւ անկեղծ երկխօսութիւնը»,- ասել է ամերիկացի պաշտօնեան:

Իսրայէլի ազգային անվտանգութեան բարձրաստիճան պաշտօնեաները յաջորդ շաբաթ կը ժամանեն Վաշինգտոն՝ Իրանի շուրջ բանակցութիւնների համար: Նրանց թւում են Բէն Շաբբաթը, Իսրայէլի պաշտպանութեան բանակի շտաբի պետ Թամիր Հայմանը, ռազմական հետախուզութեան ղեկավար Աւիւ Կոհաւին եւ «Մոսադ»-ի տնօրէն Եոսի Կոհէնը:

Նեթանեահուի բարձրաստիճան օգնականն ասել է, որ ԱՄՆ-ի հետ պառակտման չափը պարզ կը դառնայ միայն յաջորդ շաբաթ անձնական հանդիպումներից յետոյ: «Մենք չենք կարծում, որ գործն աւարտւած է, եւ քանի դեռ ներդրում ունենալու հնարաւորութիւն ունենք, մենք փորձելու ենք՝ յուսալով, որ դա կը փոխի իրավիճակը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։