Print this page
29/04/2021 - 11:40

««Բայդէնի խօսքը եւ Էրդողանի թուլութիւնը». Թուրքիան կորցրել է նշանակութիւնը Միացեալ Նահանգների համար». Al-Monitor

Գաղտնիք չէ, որ յունւարի 20-ին Ջօ Բայդէնի երդմնակալութիւնից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նեարդայնօրէն սպասում էր» իր ամերիկացի գործընկերոջ զանգին: Անկարայի ընկալմամբ, Վաշինգտոնից ստացւած զանգը պէտք է հաստատէր, որ երկու երկրների յարաբերութիւնները կը շարունակւեն սովորականի պէս, չնայած դեռեւս 2020 թւականին Բայդէնի նախընտրական արշաւի ընթացքում առկայ յայտնի կանխատեսումներին, որ դեմոկրատ նախագահի օրօք Թուրքիային ծանր ժամանակներ են սպասւում: 

«alikonline.ir» - Գաղտնիք չէ, որ յունւարի 20-ին Ջօ Բայդէնի երդմնակալութիւնից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նեարդայնօրէն սպասում էր» իր ամերիկացի գործընկերոջ զանգին: Անկարայի ընկալմամբ, Վաշինգտոնից ստացւած զանգը պէտք է հաստատէր, որ երկու երկրների յարաբերութիւնները կը շարունակւեն սովորականի պէս, չնայած դեռեւս 2020 թւականին Բայդէնի նախընտրական արշաւի ընթացքում առկայ յայտնի կանխատեսումներին, որ դեմոկրատ նախագահի օրօք Թուրքիային ծանր ժամանակներ են սպասւում: Այս մասին Al-Monitor պորտալի էջերում գրում է թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Չանդարը: Տեղեկացնում է Tert.am-ը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիստ հսկողութեան տակ գտնւող բազմաթիւ լրատւամիջոցներ սպասում էին զանգին`օգտւելու համար Թուրքիայի առաջնորդի փառասիրութիւնը բաւարարելու եւ նրա ներքին քննադատներին նւաստացնելու հնարաւորութիւնից:

Թուրքիայի քաղաքական սպեկտրի միւս ծայրում ծաղրուծանակ էր դարձել Ջօ Բայդէնի հեռախօսազանգի երկար սպասումը: Եւ ապրիլի 23-ին վերջապէս զանգը հնչեց: Բայց դա տեղի չունեցաւ այնպէս, ինչպէս Էրդողանն էր ուզում: Բայդէնը զանգահարել էր իր թուրք գործընկերոջը հիմնականում տեղեկացնելու համար այն պատմական յայտարարութեան մասին, որը նա պէտք է անէր յաջորդ օրը՝ արտասանելով «ցեղասպանութիւն» բառը` կապւած 106 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգւածային ոչնչացման հետ, որը Թուրքիայում յամառօրէն անւանում են «1915-ի իրադարձութիւններ»:

Չանդարը նշում է, որ Բայդէնի` Էրդողանին ասածի մէջ չպէտք է անսպասելիութեան տարր լինէր: Ամերիկեան առաջատար թերթերը, ինչպիսիք են The New York Times-ը եւ The Wall Street Journal-ը, նախապէս յայտնում էին, որ Բայդէնը «1915-ի իրադարձութիւնները» ճանաչում է որպէս Հայոց Ցեղասպանութիւն: Ի տարբերութիւն իր նախորդների, որոնք նախընտրական արշաւների ընթացքում խոստանում էին, բայց նախագահ դառնալով՝ յետ քայլ էին անում, Բայդէնը հաւատարմութիւն է ցուցաբերել իր նախընտրական խոստումներին եւ մնացել է բարոյական բարձունքի վրայ՝ առաջնահերթութիւն տալով մարդու իրաւունքներին եւ համամարդկային արժէքներին, նշում է հեղինակը:

«Նախագահական քարոզարշաւի ընթացքում տւած իր արտաքին քաղաքական խոստումը պահելը փոխել է նաեւ ԱՄՆ-ի ռազմավարական աշխարհայեացքը Թուրքիայի նկատմամբ»,- նշում է վերլուծաբանը:

Պենտագոնը եղել է առաջատար պետական կառոյցը, որը երկար տարիներ արգելափակել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պաշտպանական համագործակցութիւնը: ԱՄՆ-Թուրքիա դաշինքի ողնաշարը եղել է անվտանգութեան եւ ռազմական ոլորտները, որոնք կարեւոր դեր են խաղացել ԱՄՆ նախագահների կողմից ամէն Ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը իրենց ձեւակերպումները թուլացնելու գործում:

«Այլեւս ոչ. Բայդէնի յայտարարութեան նախորդ օրը Միացեալ Նահանգները պաշտօնապէս բացառել են Թուրքիային F-35-երի (հինգերորդ սերնդի կործանիչ) ծրագրից, ինչը նշանակում է, որ աւարտւում է երկու դաշնակիցների միջեւ, հաւանաբար, առաւել յաւակնոտ եւ ռազմավարական ռազմական նախագիծը: Դա Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանութեան համակարգերի ձեռքբերման հետեւանքն էր: Ամերիկեան կողմը բազմիցս նախազգուշացրել է Անկարային F-35 նախագծից վտարելու մասին: Թուրքիայի նախագահը չի նահանջել, եւ, կարծես, վստահ էր իր տաղանդում՝ միմեանց դէմ հանել համաշխարհային տէրութիւններին՝ հաւասարակշռելով նրանց միջեւ»,- գրում է թուրք փորձագէտը:

Նրա խօսքերով` ըստ ամենայնի, Թուրքիան Միացեալ Նահանգների համար այլեւս չունի անփոխարինելի աշխարհառազմավարական նշանակութիւն, ինչպէս նախկինում կարծում էին նրա քաղաքական գործիչները եւ մնացած աշխարհին էլ ստիպում էին այդպէս մտածել:

Ճանաչումը նաեւ ամբողջ աշխարհին ցոյց է տւել, որ Թուրքիան եւ Միացեալ Նահանգները միայն նոմինալ դաշնակիցներ են: Նրանց դաշինքի բնոյթը վերափոխւել է մրցակցային յարաբերութիւնների, ինչպիսին է Եւրոմիութեան յարաբերութիւնները Թուրքիայի հետ, չնայած դա այդքան բացայայտ չի ասւում... Ստեղծւած իրավիճակը ցոյց է տալիս, որ ԱՄՆ-ին Թուրքիան շատ աւելի քիչ է պէտք, քան Թուրքիային ԱՄՆ-ն: Բայդէնի որոշման ժամկէտը նաեւ ընդգծել է Թուրքիայի թուլութիւնը: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայում սրւում է տնտեսական ճգնաժամը, եւ նրան այլ բան չի մնում, քան ներգրաւել օտարերկրեայ ներդրողներ, այդ թւում՝ ԱՄՆ-ից: Թուրքիայի յարաբերութիւնները Եւրոմիութեան հետ այնքան լաւ չեն, որ օգտագործւեն Վաշինգտոնի դէմ:

Յատկանշական է նաեւ, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները նոյնպէս փխրուն են` Սեւ ծովի աշխարհաքաղաքականութեան պատճառով, որտեղ Թուրքիան, կարծես, կանգնած է Ուկրայինայի կողքին: Անկարան չի կարող սպառնալ խզել յարաբերութիւնները Վաշինգտոնի հետ եւ դուրս գալ արեւմտեան անվտանգութեան համակարգից, եւ չի կարող որեւէ պատժամիջոց կիրառել Միացեալ Նահանգների դէմ: Իր հերթին Բայդէնը ստիպւած կը լինի վճարել միայն չնչին քաղաքական գին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար, եւ, ըստ երեւոյթին, նա հասկանում է այդ փաստը, եզրափակում է Ջենգիզ Չանդարը:

Յարակից լուրեր