Հա

Քաղաքական

02/05/2021 - 13:00

Ի՞նչ կարեւոր առաքելութեամբ է Լաւրովը ժամանելու Երեւան եւ Բաքու

Մայիսի առաջին կէսերին պլանաւորւած է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցը Երեւան եւ Բաքու։ Նախատեսւում են բարձր մակարդակով հանդիպումներ երկու երկրներում։

«alikonline.ir» - Մայիսի առաջին կէսերին պլանաւորւած է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցը Երեւան եւ Բաքու։ Նախատեսւում են բարձր մակարդակով հանդիպումներ երկու երկրներում։

«Առկայ պայմանաւորւածութիւնների համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այց կը կատարի Երեւան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- օրերս այս մասին է յայտնել ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Երեւանում եւ ադրբեջանական ԶԼՄ-ներում Լաւրովի առաջիկայ դիւանագիտական առաքելութեան վերաբերեալ բազմաթիւ վարկածներ են շրջանառւում։

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ամէն ինչ աւելի քան ակնյայտ է, եւ այլ տեղերում ինչ-որ բաներ պէտք չէ փնտրել։

Ըստ նրա, կան մի շարք նոր եւ հին հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում նման այցը։ Աւելին, Սկակովի կարծիքով, պատերազմից յետոյ, երբ Ռուսաստանը ստորագրել է յայտարարութիւններ Երեւանի եւ Բաքւի հետ, տեղում աւելի յաճախակի գտնւելու անհրաժեշտութիւն է ստեղծում։

«Նախ Լաւրովը, ով կանգնած է հրադադարի եւ նոյեմբերեան, յունւարեան յայտարարութիւնների ակունքում, խնդիր ունի հետեւել դրանց իրականացման ընթացքին, որը ներառում է բոլոր սուր անկիւնների քննարկում, այդ թւում՝ Զանգեզուրի միջանցքի, ռուսական խաղաղապահ առաքելութեան հարցերը եւ առաջիկայ բանակցութիւնները եռակողմ ձեւաչափով։ Դրանք անհարթ չեն անցնում, կան տարաձայնութիւններ, որոնք թոյլ չեն տալիս առաջ ընթանալ յայտարարութիւնների կատարման ուղղութեամբ։ Կայ գերիների հարցը Երեւանի համար, որն ամրագրւած է, այս հարցը եւս քննարկւելու է։

Երեւանում ներքաղաքական գործընթացներ են, որոնք դանդաղեցնում են Երեւանի դիւանագիտական ակտիւութիւնը, սա եւս կարող է խոչընդոտել գործընթացին, ուստի միջնորդը պէտք է դա կանխատեսի, ՌԴ ԱԳՆ ղեկավարը չէր ցանկանայ, որ այդ պայմանաւորւածութիւնները վտանգի տակ յայտնւեն։

Միւս հանգամանքը, որը ֆոնային է, բայց կարեւոր՝ այն է, որ Հարաւային Կովկասում իր քայլերով գործընթացներ է փորձում նախաձեռնել Բայդէնի վարչակազմը, եւ Ռուսաստանը խնդիր ունի պահել վերահսկողութիւնը՝ միեւնոյն ժամանակ լարւածութեան նոր օջախ չստեղծելով։ Ռուսաստանի համար պարզ է, որ Բայդէնի վարչակազմը ձգտում է ԵԱՀԿ ՄԽ վերականգնման, որին ՌԴ-ն դէմ չէ, եւ առաջիկայ այցը կանդրադառնայ նաեւ այդ աշխատանքի վերսկսման հարցին, դրա օրակարգին եւ հումանիտար հարցերին։ ՌԴ դիւանագիտութեան խնդիրը ներկայումս նոր խնդիրներ Ռուսաստանի համար թոյլ չտալն է, նոր լարւածութիւնը ծայրայեղ անընդունելի է ՌԴ-ի համար, յատկապէս, երբ օրերս ղրղզատաջիկական սահմանային ռազմական դիմակայութիւն է ծագել ՀԱՊԿ նիստին զուգահեռ, հարւածի տակ դնելով ՌԴ ձեւաւորած եւրասիական կառոյցները եւ ՀԱՊԿ-ը։ Եւ ընդհանուր առմամբ ՌԴ դիւանագիտութեան համար ակտիւ շրջան է՝ պայմանաւորւած աշխարհաքաղաքական զարգացումներով՝ Բայդէնի քաղաքականութիւնը, Չինաստան-Իրան, Թուրքիա, Ղարաբաղ, Մերձաւոր Արեւելք, Արեւմուտք, պատժամիջոցներ։ Բաւականին լարւած փուլ է, ուստի նոր խնդիր նման թէժ գօտում՝ խնդիր կայ թոյլ չտալ»,- ասաց Սկակովը։

Ըստ նրա, ՌԴ գլխաւոր դիւանագէտի այցի օրակարգը Երեւան եւ Մոսկւա բաւականին խիտ է լինելու։ Սկակովի խօսքով, «Իսկանդեր»-ի կիրառման հարցը եւս այն թեմաներից է, որը գուցէ քննարկւի առաջիկայ այցերի ընթացքում, քանի որ անընդհատ կերպով շահարկւում է, եւ դրանց պէտք է վերջակէտ դնել։

«Այսինքն՝ հարցերի մի ամբողջ համակարգ կայ, որոնք կարող են լինել Լաւրովի սեղանին»,- ասաց փորձագէտը։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։