Հա

Քաղաքական

15/05/2021 - 12:20

«Պատճառը, որ սահմանները չեն հսկւում, ՀՀ իշխանութեան անպիտանութիւնն է. նոյնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները». Կոլերով

«168 Ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատւական գործակալութեան գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

«alikonline.ir» - «168 Ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատւական գործակալութեան գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

 

Պարոն Կոլերով, արդէն մի քանի օր է՝ ադրբեջանական զինւորականները խախտել են ՀՀ պետական սահմանը, դիրքային առաջխաղացում ապահովել եւ մնում են նոյն դիրքերում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սիւնիքում եւ Վարդենիսում: Սա աննախադէպ, կարելի է ասել՝ նոր իրավիճակ է Հայաստանի համար յետպատերազմեան փուլում: Ինչո՞ւ մենք նման իրավիճակ ունենք:

- Շատ պարզ է պատասխանը՝ սա պատահեց, որովհետեւ այդ պետական սահմանն ընդհանրապէս անպաշտպան է:  Սա է գլխաւոր պատճառը: ՀՀ պետական սահմանների մնացած բոլոր հատւածներում նոյնպիսի իրավիճակ է, եւ հակառակորդը պարզապէս դեռ չի որոշել այդ սահմանները եւս առաջ տալ: Իսկ նա դա անընդհատ է փորձելու անել, անընդհատ փորձելու է օգտւել իրավիճակից, շահարկել իր յաղթանակը՝ ընդլայնելով իր հնարաւորութիւնները:

 

Դուք հայաստանեան զարգացումներին հետեւում էք մօտիկից եւ կունենաք պատասխան հարցին՝ ինչո՞ւ սահմանները չեն պաշտպանւում, կահաւորւած չեն, ինչպէս իշխանութիւնն է պնդում, չկայ ռեսո՞ւրս, թէ՞ քաղաքական կամք:

- Ռեսուրսներ կան, ՀՀ-ում կան Զինւած ուժեր: Յիշում էք, վստահաբար, ի վերջոյ էական ուժեր են պատերազմից յետոյ դուրս բերւել Ղարաբաղից: Նրանց պարտադիր չէր բերել երկրի ներս, այդպէս չէ՞, կարելի էր թողնել սահմաններին, յատկապէս, երբ դրանք չեն հսկւում: Պատճառը, որ սահմանները չեն հսկւում՝ իշխանութեան պետական անպիտանութիւնն է: Ցանկացած իշխանութիւն՝ նոյնիսկ ամենավայրենի, քարանձաւային, պէտք է հսկի իր սահմանները: Դա անում է ցանկացած իշխանութիւն, նոյնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները: Այսքան բան:

 

- Աւելի վաղ նշում էիք, որ Սիւնիքին վտանգ չի սպառնում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ունի անվտանգութեան երաշխիքներ, որոնք տարածւում են ՀՀ ինքնիշխան տարածքի վրայ: Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին: Ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, կարող է լինել ՀԱՊԿ արձագանքը՝ հաշւի առնելով այդ կառոյցի բոլոր առանձնահատկութիւնները:

- Հայաստանի հարցում ՀԱՊԿ-ը չունի կոնսենսուս: Դա՝ մէկ, եւ դա փաստ է: Բայց այս դէպքում խօսքը միջազգայնօրէն ճանաչւած սահմանի մասին է, ուստի ՀԱՊԿ-ին չի յաջողւի «ձեռքերը լւանալ»: Կարծում եմ՝ Հայաստանի համար լաւագոյն դէպքում ճիշտ կը լինէր ուժեր ներգրաւել ՀԱՊԿ-ից, որպէսզի պաշտպանեն այն սահմանները, որոնք Հայաստանը չի ցանկանում կամ չի կարողանում պաշտպանել:

 

- ՌԴ արձագանքը տւեալ իրավիճակին, հաշւի առնելով, որ ՌԴ-ն դիտարկւում է ՀՀ անվտանգութեան երաշխաւոր եւ դաշնակից, ՀԱՊԿ անդամ, եռակողմ յայտարարութիւն ստորագրած երկիր, բաւարար համարո՞ւմ էք: ԱԳՆ-ի կողմից էական յայտարարութիւն դեռ չի եղել:

- Եղել է Պուտինի հետ խօսակցութիւն, պաշտօնական հաղորդագրութիւն այդ խօսակցութեան արդիւնքում, որը բաւականին նորմալ էր, եւ որում կոչ կար՝ պահպանել բոլոր պայմանաւորւածութիւնները: Աշխատանք ընթանում է:

Իրականում, նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, որը Փաշինեանը ստորագրել է, նրա գլխաւոր, եթէ ոչ՝ միակ լեգիտիմութեան գործօնն է Ռուսաստանի աչքերում: Այսինքն՝ որեւէ անձնական սէր այստեղ չկայ:

Ընտրութիւնները որեւէ փոփոխութիւն չեն բերելու, պատրաստւէք նրան, որ այս ամէնը շարունակւելու է: Այս իրավիճակից ելք չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ հայ ժողովուրդն անցեալ տարի ապրել է պատմական ծանրագոյն պարտութիւն, որը համարեայ համեմատական է Ցեղասպանութեանը, բայց ինքնաւերլուծութիւն բացարձակ չկայ: Քանի դեռ դա չկայ, ամէն ինչ վատ է: Մարդիկ գնում են Հայաստանից:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։