Հա

Քաղաքական

18/05/2021 - 13:45

«Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ հայ-ադրբեջանական սահմանի հարցը լուծւի առանց արիւնահեղութիւնների»․ Կոնստանտին Զատուլին

«Հրապարակ»-ը զրուցել է ՌԴ Պետական դումայի պատգամաւոր, ԱՊՀ գործերով, Եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ: 

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը զրուցել է ՌԴ Պետական դումայի պատգամաւոր, ԱՊՀ գործերով, Եւրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ: 

 

- Պարոն Զատուլին, ինչպէս գիտէք, արդէն 5 օր է՝ բանակցութիւններ են ընթանում Սիւնիքում՝ ադրբեջանցիների հետ, եւ այդ բանակցութիւններին մասնակցում են ռուս խաղաղապահները՝ գեներալ Մուրադովի գլխաւորութեամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունէք, արդեօք խաղաղապահները բաւարար ջանքեր գործադրո՞ւմ են այս կոնֆլիկտը հարթելու գործում։

- Խաղաղապահները փորձում են կարգի հրաւիրել, փորձում են խաղաղ ճանապարհով լուծել ստեղծւած խնդիրը, եւ ես կարծում եմ, որ դա ամբողջովին համապատասխանում է նրանց մանդատին եւ մասնագիտական պարտքին։ Ինչ վերաբերում է արդիւնքներին, ապա, ցաւօք, հակասական տեղեկութիւններ են գալիս, բայց եթէ հաւատանք Հայաստանի վարչապետի աշխատակազմից եկող տեղեկութիւններին, ապա ադրբեջանցի զինւորականները հեռացել են այն տարածքներից, որտեղ մտել էին, կարելի է համարել, որ դա թէ՛ խաղաղապահների եւ թէ՛ ընդհանրապէս Ռուսաստանի աշխատանքի արդիւնքներից մէկն է։ 

 

- Իսկ ի՞նչ էք կարծքում, հայկական կողմը բաւարար ջանքեր գործադրո՞ւմ է։ 

- Ես յոյս ունեմ, որ Հայաստանի համար հերիք է այն, որ Ռուսաստանն արդարութեան եւ օրինականութեան կողմնակիցն է, եւ որպէսզի սահմանները չխախտւեն, յատկապէս այսպէս միակողմանի․․․, այդ առումով ուզում եմ ասել, որ եթէ խօսենք Հայաստանի կառավարութեան մասին, ապա ջանքեր, իհարկէ, գործադրում են, բայց որ խնդիրն առաջացել է ի սկզբանէ, ինձ թւում է, մեղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնյայտ միակողմանի գործողութիւններ է անում, այլեւ, ցաւօք, Հայաստանի ներկայիս իրավիճակինը, որը ներքաղաքական առումով բաժանւած է, որի Զինւած ուժերն ու սահմանապահ զօրքերը պատշաճ մակարդակի վրայ չեն, եւ այս դէպքը թոյլ է տալիս ասել, որ Հայաստանի անվտանգութիւնը ցածր մակարդակի է։ 

 

- Հայաստանում լուրեր են պտտւում, որ Փաշինեանն Ալիեւի հետ բանաւոր պայմանաւորւածութիւնների է եկել Տաւուշի եւ Արարատի մարզերում 10 գիւղ, ինչպէս նաեւ Սիւնիքի միջանցքը տալու մասին։ Ռուսաստանին, Ձեր կարծիքով, ձեռնտո՞ւ է դա։ 

- Ես չեմ կարծում, որ պէտք է մեկնաբանեմ խօսակցութիւնները․ այդ խօսակցութիւնների բնոյթը, հիմքերը եւ հէնց խօսակցութիւններն ինձ ծանօթ չեն, ոչինչ ասել չեմ կարող։

 

- Լաւ, ուրիշ կերպ ձեւակերպեմ հարցս Ադրբեջանը յայտարարել է, որ Հայաստանի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ։ Ռուսաստանին դա ձեռնտո՞ւ է։

- Ես կատեգորիկ այն բանի կողմնակիցն եմ, որ Ռուսաստանը ճշգրիտ կատարի իր վրայ վերցւած պարտաւորութիւնները։ Եթէ հայկական կողմը, որպէս Ռուսաստանի դաշնակից, համարում է, որ իր իրաւունքները խախտւել են, որ իր դէմ տեղի է ունեցել ոչ բարեկամական ակտ, որը կարող է առաջ բերել ՀԱՊԿ-ում պրոցես սկսելու հարց, եթէ հայկական կողմը տեղի ունեցածը համարում է յարձակում, ապա մենք պէտք է լրջօրէն ուսումնասիրենք այդպիսի դիմումը, որը, իմ կարծիքով, արդէն արւել է։ Ռուսաստանը, վստահաբար, կողմնակիցը չէ ինչ-որ տարածքների գրաւմանը, որն ինչ-որ մէկը համարում է իրենը։ Եթէ դատենք Ադրբեջանի ղեկավարութեան յայտարարութիւններից, ապա նախկինում եւ լրիւ վերջերս էլ նրանք համարում են, որ Երեւանն էլ է պատկանում Ադրբեջանին, ադրբեջանական հող է եւ այլն, բայց Ռուսաստանը, իհարկէ, չի կարող աջակցել նման յայտարարութիւններին եւ աջակցել այդօրինակ գործողութիւններին։ Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ այդ հարցը լուծւի առանց արիւնահեղութիւնների եւ խաղաղ ոգով, եւ հէնց դրա համար են բոլոր ջանքերը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։