Հա

Քաղաքական

14/06/2021 - 11:35

SIPRI-ն յայտնել է աշխարհում միջուկային զինանոցի աճի մասին

Միջուկային տէրութիւնները 2020 թւականին աւելացրել են միջուկային մարտագլխիկների թիւը, ասւած է Ստոկհոլմի խաղաղութեան հետազօտութիւնների ինստիտուտի՝ սպառազինութիւնների, զինաթափման եւ միջազգային անվտանգութեան ներկայ վիճակի մասին (SIPRI) նոր զեկոյցում:

«alikonline.ir» - Միջուկային տէրութիւնները 2020 թւականին աւելացրել են միջուկային մարտագլխիկների թիւը, ասւած է Ստոկհոլմի խաղաղութեան հետազօտութիւնների ինստիտուտի՝ սպառազինութիւնների, զինաթափման եւ միջազգային անվտանգութեան ներկայ վիճակի մասին (SIPRI) նոր զեկոյցում: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Ըստ գնահատականների՝ ներկայում օպերատիւ ուժերի կազմում միջուկային մարտագլխիկների թիւը նախորդ տարւայ համեմատ (3720) աւելացել է՝ հասնելով 3825-ի»,- ասւած է զեկոյցում:

Նշւում է, որ 2020-ին մօտ երկու հազար միջուկային մարտագլխիկներ, որոնք գրեթէ բոլորը պատկանել են Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին, գտնւել են բարձր մարտական պատրաստութեան վիճակում։ SIPRI-ի տւեալներով՝ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային միջուկային զինանոցի աւելի քան 90 տոկոսը:

Զեկոյցի համաձայն՝ Ռուսաստանն իր համախառն միջուկային զինանոցն աւելացրել է շուրջ 180 մարտագլխիկներով՝ հիմնականում ցամաքային բազաւորման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման հաշւին:

«Ինչպէս երեւում է, համաշխարհային միջուկային պաշարներում մարտագլխիկների միագումար թիւն այժմ աճում է, ինչը տագնապալի նշան է առ այն, որ կրճատման միտումը, որը համաշխարհային միջուկային զինանոցներին բնորոշ էր «սառը պատերազմի» աւարտից յետոյ, կանգ է առել»,- յայտարարել է միջուկային զինաթափման, սպառազինութիւնների վերահսկման հարցերով SIPRI-ի աւագ գիտաշխատող Հանս Քրիստենսէնը:

SIPRI-ի փորձագէտները նշում են, որ 2021 թւականի սկզբին միջուկային տէրութիւնների շրջանում նկատւում է միջուկային մարտագլխիկների ընդհանուր թւի նւազում։

«Ինը միջուկային տէրութիւններ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայէլը եւ ԿԺԴՀ-ն, ընդհանուր առմամբ, 2021 թւականի սկզբին ունեցել են 13080 միաւոր միջուկային զէնք։ Ի տարբերութիւն 2020-ի սկզբի՝ (13400 միաւոր) այս տարեսկզբին այդ թիւն աւելի պակաս է»,- ասւած է զեկոյցում։

Նշենք, որ SIPRI-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը զբաղւում է հակամարտութիւնների, սպառազինութիւնների, սպառազինութիւնների վերահսկման եւ զինաթափման հետազօտութիւններով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։