Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարաւոր չեղարկման դէպքում Իրանի արտաքին քաղաքականութեան հեռանկարներին։
«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարաւոր չեղարկման դէպքում Իրանի արտաքին քաղաքականութեան հեռանկարներին։
Եթէ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկւեն, ապա իրանցիներն ակնյայտօրէն մեծացնելու են իրենց ազդեցութիւնը ողջ մերձաւորարեւելեան տարածաշրջանում, եւ այդ ազդեցութեան մեծացման հնարաւոր գօտիներից մէկը դիտարկւում է Հարաւային Կովկասը։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Վարդան Ոսկանեանը։
«Խօսքը նախեւառաջ քաղաքական ազդեցութեան մասին է»,- ասաց նա։
Իրանագէտը յաւելելեց` չեղարկումը վերաբերելու է բոլոր պատժամիջոցներին, որոնք կիրառւել են ԱՄՆ-ի կողմից միջուկային ծրագրի համատեքստում եւ իրանական կողմը գնում է դէպի պատժամիջոցների չեղարկում` չնայած Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին յայտարարել էր, որ նոր նախագահը կարող է որոշակի վերապահումներ ունենալ տարբեր խնդիրների վերաբերեալ։
«Անկախ պատժամիջոցների չեղարկումից` իրանցիները շարունակելու են նաեւ այլ ուղղութիւններով աշխատանքներ իրականացնել։ Խօսքը մասնաւորապէս վերաբերում է Իրան-Չինաստան համաձայնագրի իրականացմանը, ինչպէս նաեւ ԵԱՏՄ-ի հետ յարաբերութիւնների խորացմանը»,- ասաց նա։
Ոսկանեանի կարծիքով` իրանցիներն այժմ շահագրգռւած են յատկապէս Հարաւային Կովկասում իրենց ազդեցութեան մեծացմամբ` հաշւի առնելով, որ մեր տարածաշրջանում բաւականին ամուր դիրքեր է սկսում զբաղեցնել Թուրքիան, ինչը չի բխում իրանական շահերից։ Ըստ նրա`թուրքական գործօնի ակտիւացումը սահմանափակում է Իրանի աշխարհաքաղաքական մանեւրի հնարաւորութիւնները դէպի սեւծովեան տարածաշրջան եւ հիւսիս։
«Ստեղծւած իրավիճակում առկայ են նոր հնարաւորութիւններ հայ-իրանական փոխգործակցութեան համար։ Ընդ որում` համագործակցութիւնը կարող է ներառել ոչ միայն աւանդական օրակարգը, որը եղել է մինչեւ 44-օրեայ պատերազմը, այլեւ բոլորովին նոր օրակարգը, որի կարեւոր բաղադրիչը տարածաշրջանի անվտանգութիւնն է։ Իրանցիները շահագրգռւած են մեզ հետ աշխատել այս համատեքստում, ինչը բխում է իրանական շահերից»,- նշեց իրանագէտը։
Ոսկանեանի խօսքով` Իրանի ամենաբարձր պաշտօնեաների մակարդակով հնչել են յայտարարութիւններ, որ իրանցիները պէտք է ունենան լայն ներկայութիւն Հայաստանում եւ յատկապէս Սիւնիքի մարզում, ուստի տնտեսական ներկայութիւնը հիմք կը ծառայի նաեւ անվտանգութեան հետ կապւած հարցերում աւելի սերտ փոխգործակցութեան համար։ Ըստ նրա` հաշւի առնելով նաեւ ռուսական ազդեցութիւնն ու ներկայութեան աճը Հարաւային Կովկասում, իրանական կողմի հետ յարաբերութիւնները պէտք է կառուցւեն այնպէս, որ տեղի ունենայ իրանական եւ ռուսական շահերի համադրում։
Յիշեցնենք` Հասան Ռոհանին մայիսի 20-ին յայտարարել էր, որ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնւել են չեղեալ յայտարարել Իրանի դէմ հիմնական պատժամիջոցները նաւթի, նաւթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման ոլորտում, ինչպէս նաեւ Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ: