Հա

Քաղաքական

13/07/2021 - 12:15

Եռանախագահող երկրների դեսպանների`Շուշի այցելելու առաջարկի մերժման նպատակը միջնորդական առաքելութեան վերագործարկումն է

Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ֆրանսիայի դեսպանների մերժումը Շուշի այցելելու Բաքւի առաջարկին տարբեր ուղերձներ եւ ենթաուղերձներ է պարունակում։

«alikonline.ir» - Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ֆրանսիայի դեսպանների մերժումը Շուշի այցելելու Բաքւի առաջարկին տարբեր ուղերձներ եւ ենթաուղերձներ է պարունակում։

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«Նախ պարզ է, որ մերժումը համաձայնեցւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների միջեւ։ Նման քայլը ենթադրում է, որ միջնորդ երկրները դեռեւս բանակցելի են գտնում Շուշիի կարգավիճակի հարցը։ Այցը կը լինէր արդէն նւիրականացում կամ իրողապէս ընդունում՝ Շուշիի ադրբեջանական տարածք համարելուն, ինչից խուսափել են երեք երկրները։ Հրաւէրի մերժումը նշանակում է, որ եռանախագահութիւնը իր միջնորդական առաքելութիւնը վերագործարկելու նպատակներ ունի, եւ այդ առումով Շուշիի կարգավիճակի ճշտումը բանակցելի սկզբունք է համարում։ Կարծում եմ, որ սա զուտ Շուշիի կարգավիճակի խնդիր չէ միայն, այլ ընդհանրապէս ԼՂԻՄ տարածքի հասկացութեամբ Արցախի տարածքային ամբողջականութեան»,- նշեց Գանտահարեանը:

«Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիրն այլ դիտարկելի խնդիր եւս տեսնում է: Նրա խօսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի եւ Անկարա-Բաքու նոր ռազմավարական կէտերի հանրահռչակումը հակասում են Հարաւային Կովկասում ռազմաքաղաքական նոր ստատուս-քւոյի հաստատման համար համատեղ գործողութիւններ իրականացրած Ռուսաստանի գործընկերոջ քայլերին։

«Այստեղ արդէն տեսանելի է Մոսկւայի եւ Անկարայի մօտեցումների տարբերութիւնը, եթէ ոչ հակասութիւնը։ Ուղենշային ուղերձներ են, գուցէ, նախադրեալներ՝ միջնորդական եռանախագահական ձեւաչափը վերագործարկելու եւ բանակցութիւններում ներառելու ոչ միայն Շուշիի, այլ նաեւ ԼՂԻՄ գրաււած տարածքների կարգավիճակի ճշտումի սկզբունքները։ Բանակցային կէտերի եւ սկզբունքների վերամշակումը հրամայական օրակարգի վերածման միտումներ են ներփակւած եռանախագահող երկրների դեսպանների համաձայնեցւած մերժման մէջ»,- եզրափակեց Գանտահարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։