Հա

Քաղաքական

20/07/2021 - 15:00

«Ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Վաշինգտոնը գոհ չեն պատերազմի արդիւնքներից եւ փորձում են վերադառնալ Անդրկովկաս». Regnum

Անւանի կովկասագէտ Ստանիսլաւ Տարասովը Regnum կայքում հրապարակել է «Փարիզն ու Վաշինգտոնը ճեղքում-մտնում են Անդրկովկաս» վերտառութեամբ յօդւածը` վերլուծելով 44-օրեայ պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած նոր իրողութեանը: 

«alikonline.ir» - Անւանի կովկասագէտ Ստանիսլաւ Տարասովը Regnum կայքում հրապարակել է «Փարիզն ու Վաշինգտոնը ճեղքում-մտնում են Անդրկովկաս» վերտառութեամբ յօդւածը` վերլուծելով 44-օրեայ պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած նոր իրողութեանը: Գրում է Tert.am-ը։

Նա նկատում է, որ  վերջին շրջանում որոշ ռուսական եւ արտասահմանեան լրատւամիջոցներ, իրենց ներկայացնելով «դիւանագիտական աղբիւրներին մօտ», շրջանառութեան մէջ են դրել տեղեկութիւններ Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ յարաբերութիւնների կառուցման եւ Ղարաբաղեան  հակամարտութեան կարգաւորման հեռանկարների վերաբերեալ:

«Ներկայացնենք առաջին թեզը. «Տեղեկատւութիւն է ստացւել, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի դիւանագէտները ինտենսիւ հանդիպումներ են անցկացնում Երեւանում, Փարիզում եւ Նիւ Եօրքում, որտեղ գտնւում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը,- գրում է այս հրապարակչութիւններից մէկը,- Այս հանդիպումների նպատակը տարածաշրջանում պատերազմը դադարեցրած եռակողմ յայտարարութիւնը (2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիր Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) ապալեգիտիմացնելու փորձն է: Էմանուէլ Մակրոնը եւ Հայաստանի վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը քննարկում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախկին բանաձեւի վերանայումը ներառող նոր ծրագրի ընդունման հնարաւորութիւնը»: Յիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը տւել էր իր գնահատականը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի վերաբերեալ: Պարզւել է, որ դա այն չէ, ինչը կողմերից իւրաքանչիւրը կը ցանկանար: Ամէն ինչ սահմանափակւած էր զինւած դիմակայութեան մասնակիցներին բանակցային սեղան վերադառնալու կոչերով: Անվտանգութեան խորհուրդը չի ընդունել որոշում, որով ճանաչում է հակամարտութիւնը սրելու համար մեղաւորին: Ըստ էութեան, Հայաստանին եւ Ադրբեջանին հաւանութիւն է տրւել հարցերն ինքնուրոյն իրար միջեւ պարզելու, իսկ հակամարտութեան այս կամ այն լուծմամբ շահագրգիռ պետութիւններին առաջարկւել է գործել իրենց հայեցողութեամբ: Ի սկզբանէ «լցոնում» ընկալւող այս տեղեկատւութիւնն անուղղակիօրէն հաստատել է BUDROOO NEWS ալիքը, որը, յղում անելով իր աղբիւրներին, պնդում է, որ «իրադարձութիւնների նման ընթացքը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային քաղաքականութեան համար»: 

Ըստ այս նախագծի, հնարաւոր է, որ «դիտարկւում է ոչ միայն ֆրանսիական զօրքերի Հարաւային Կովկաս մտցնելու եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայումը, այլեւ Ղարաբաղ մուտք գործելու հնարաորութիւնը»: Միեւնոյն ժամանակ, ադրբեջանական լրատւամիջոցները պնդում են, որ այս գաղափարը «Փաշինեանը, իբր, քննարկել է Եւրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշէլի հետ 2021 թւականի յուլիսի 17-ին Երեւանում հանդիպմանը»: Այս կապակցութեամբ հնչել են փորձագէտների մեկնաբանութիւններն առ այն, որ «Փարիզը եւ Երեւանը ձգտում են ապալեգիտիմացնել տարածաշրջանում հրադադարի մասին համաձայնագիրը, եւ Փաշինեանի վերջերս կատարած այցը Մոսկւա եւ նրա բանակցութիւնները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրում էին «զննողական» բնոյթ:

«Փարիզի` աւելի շատ դիւանագիտական կշիռ ձեռք բերելու եւ ԵՄ-ում աւելի նշանակալի դեր խաղալու ցանկութիւնը վաղուց է նշմարւում: Դեռեւս Նիկոլա Սարկոզին փորձել է խաղաղարարի եւ բանակցողի դեր կատարել 2008-ին Հարաւային Օսիայի հակամարտութեան ընթացքում, գրում է Nezavisimaya Gazeta-ն,- Մակրոնը համարւում է այս աւանդոյթի շարունակողը, ուստի զարմանալի չէ, որ նա հետաքրքրւած է այլընտրանքային առաջարկներով, որոնք կարող են ամրապնդել Փարիզի դիրքերը Անդրկովկասում»:

Հիմա երկրորդ թեզի մասին. «Վերջերս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իւ Լէ Դրիանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը, որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Վաշինգտոնում քննարկել են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկէտ խաղաղութեան հասնելու համար» համատեղ գործողութիւնների տարբերակները: Ռուսաստանը չի հրաւիրւել նման խորհրդակցութիւնների, չնայած որ այն եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Նախօրէին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը խօսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի յստակեցման անհրաժեշտութեան մասին եւ շեշտել, որ «Ղարաբաղի հարցը չի կարգաւորւի, քանի դեռ չի որոշւել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»: Վաշինգտոնեան հանդիպման վերաբերեալ այլ մանրամասներ չկան: Բայց եթէ համադրենք ոչ միայն ղարաբաղեան ուղղութեամբ ընթացող տեղեկատւական հոսքերը, այլ նաեւ իրադարձութիւնները, մասնաւորապէս Միշէլի տարածաշրջան կատարած այցը եւ ԵՄ-ի կողմից Հայաստանին խոստացւած օգնութիւնը 2.6 միլիարդ եւրոյի չափով, ապա ակնյայտ է դառնում, որ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին խաղացողներն ակտիւացրել են իրենց գործունէութիւնը Անդրկովկասում: Ճիշտ է, ինչպէս միշտ, շատ բան մնում է կուլիսներում, չնայած ակնյայտ է, որ Ռուսաստանը, որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ, կարող է վետօ դնել Ղարաբաղի վերաբերեալ Ֆրանսիայի կողմից պատրաստւող ցանկացած բանաձեւի, որը կազմւել է առանց իր հետ նախնական խորհրդակցութիւնների եւ համաձայնութիւնների: Այնուամենայնիւ, նախադրեալներ կան այն առնչութեամբ, որ Փարիզը եւ Վաշինգտոնը պատրաստւում են այս թեմայով Մոսկւայի հետ երկխօսութեան:

Ի դէպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյնպէս աշխատանքային այցով մեկնում է Մոսկւա: Առայժմ ամէն ինչ անորոշ է: Որոշ փորձագէտներ կարծում են, որ «արեւմտեան ժողովրդավարական երկրները փորձում են գնել Հայաստան պետութեան բաժնետոմսերը՝ այն վերածելով Ռուսաստանի ստորին հատւածում իրենց շահերի իրականացման հարթակի», եւ Ֆրանսիան, որտեղ ապրում է հսկայական հայկական սփիւռք, մտադիր է այս գործընթացում ստանձնել առաջին ջութակի դերը: Միւս դիտորդները վախենում են, որ Փարիզը քննարկում է Անդրկովկաս զօրքեր մտցնելու եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կամ նոյնիսկ բուն Ղարաբաղում դրանք տեղակայելու հնարաւորութիւնը:

Այսպէս թէ այնպէս, ակնյայտ է, որ ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Վաշինգտոնը գոհ չէին Ղարաբաղեան երկրորդ պատերազմի արդիւնքներից, եւ վերոնշեալը շատ նման է Անդրկովկաս վերադառնալու Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փորձերին, բայց դեռ պարզ չէ` ինչ կարգավիճակում: Բայց ամէն ինչ գնում է նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ դրանք Փարիզը, Մոսկւան եւ Վաշինգտոնն են, բարդ քննարկումների առաջ են կանգնում: Առայժմ Ռուսաստանը հանրային դիւանագիտութեանը նախընտրում է կուլիսային բանակցութիւնները»,-եզրափակել է Տարասովը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։