Հա

Քաղաքական

31/07/2021 - 12:05

Աֆղանստանը` շահերի բախման կիզակէտում

Այն բանից յետոյ, երբ ՆԱՏՕ-ական ուժերի միջազգային դաշինքի վերջին զինւորը կլքի նախորդ, գրեթէ քառասուն տարում մշտական պատերազմների մէջ գտնւող Աֆղանստանի հողը, Քաբուլի կենտրոնական կառավարութիւնը դէմ-յանդիման է մնալու արդէն իսկ այս երկրի խոշոր հատւածներ վերահսկող եւ մայրաքաղաքը համարեայ շրջափակած արմատական սուննիականութեան գաղափարախօսութեան հիման վրայ իր մահմեդական էմիրութիւնը վերականգնել ցանկացող «թալիբանէ շարժման զինւած ուժերի եւ համակիրների հետ:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ

 

Քաբուլը` «կրկին Ասիայի բանալի՞

Այն բանից յետոյ, երբ ՆԱՏՕ-ական ուժերի միջազգային դաշինքի վերջին զինւորը կլքի նախորդ, գրեթէ քառասուն տարում մշտական պատերազմների մէջ գտնւող Աֆղանստանի հողը, Քաբուլի կենտրոնական կառավարութիւնը դէմ-յանդիման է մնալու արդէն իսկ այս երկրի խոշոր հատւածներ վերահսկող եւ մայրաքաղաքը համարեայ շրջափակած արմատական սուննիականութեան գաղափարախօսութեան հիման վրայ իր մահմեդական էմիրութիւնը վերականգնել ցանկացող «թալիբանէ շարժման զինւած ուժերի եւ համակիրների հետ:

Աֆղանստանում միջազգային եւ ներքին դերակատարների միջեւ ուժերի քաղաքական ու նաեւ ռազմական հաւասարակշռութեան խախտումը լրջագոյն անհանգստութիւններ եւ նոր մարտահրաւէրներ է ի յայտ բերել, քանի որ թւում է թէ Աստծոյ կողմից մոռացւած հէնց այս երկրում են խաչւում այնպիսի համաշխարհային եւ տարածաշրջանային գերտէրութիւնների շահեր, ինչպիսին են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը եւ նոյնիսկ Քատարն ու Սաուդական Արաբիան:

Հէնց նմանօրինակ բարդ իրավիճակում է, որ աֆղանական աշխարհաքաղաքական խաղից դուրս չի ուզում մնալ նաեւ Թուրքիայի էրդողանական վարչախումբը, որը փորձում է ՆԱՏՕ-ական դաշինքի ուժերի դուրսբերումից յետոյ փաստացիօրէն «տիրանալ Քաբուլի օդանաւակայանին` այնտեղ տեղակայելով թուրքական զօրախումբ: Այս մտադրութիւնը տեղաւորւում է դեռեւս 2019 թ․ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի կողմից հանրայնացւած` թուրքական «կրկին Ասիա փաստացիօրէն ռազմավարական բնոյթ կրող հայեցակարգի տրամաբանութեան մէջ: Համաձայն դրա, թուրքական աշխարհաքաղաքական նկրտումները եւ շահերը տարածւում են ոչ միայն դէպի Մերձաւոր Արեւելք, այլ նաեւ Հարաւային եւ Կենտրոնական Ասիայ` դուրս գալով վերջինիս թուրքալեզու պետութիւնների շրջանակից եւ հասնելով ոչ աւել` ոչ պակաս մինչեւ Բանգլադեշ եւ Ինդոնեզիա: Հէնց այստեղ է, որ Մերձաւոր Արեւելքի, Կենտրոնական եւ Հարաւային Ասիաների խաչմերուկում գտնւող Աֆղանստանը Թուրքիայի համար ձեռք է բերում բանալի-երկրի հսկայական կարեւորութիւն` էրդողանական ծաւալապաշտական պատրանքներին յագուրդ տալու նպատակով, ուստի Թուրքիայի համար Քաբուլի օդանաւակայանը այն «ամրոցնէ , որի վերահսկումը, Անկարայի կարծիքով, թոյլ կը տայ աներկբայօրէն ծաւալւել հիւսիսային եւ հարաւարեւելեան ուղղութիւններով:

Աֆղանստանում եւ դրա շուրջ ստեղծւած բաւական բարդ եւ աշխարհաքաղաքական նոր զարգացումներով յղի իրավիճակում թուրքական կողմը կարծես թէ շահագրգիռ է գտնելու իրեն Աֆղանստան հասցնող այլընտրանքային միջանկեալ ուղիներ, որոնցից մէկը, որպէս հանգրւանային կէտ, կարող է դառնալ Բաքւի կամ Վարանդայում (Ֆիզուլի) Ադրբեջանի կողմից կառուցւող եւ ըստ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնների` նաեւ ծանր ինքնաթիռներ ընդունելու ունակ օդանաւակայանը: Հէնց այստեղ է, որ կրկին հակասութեան մէջ են մտնելու մի կողմից` էրդողանական վարչախմբի, իսկ միւսից` իրանական եւ ռուսական աշխարհաքաղաքական շահերը, ուստի «կրկին Ասիան կարող է բախւել, պատկերաւոր ասած, Փոքր Կովկասի լեռներին, որից հարաւ իրանական սարահարթն է, իսկ հիւսիսում` ռուսական անծայրածիր հարթավայրը:

«ուսանողները դէմ են

Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ Աֆղանստանում օրըստօրէ նոր ռազմական յաջողութիւններ գրանցող «թալիբանէ շարժումը, որը ձեւաւորուել է որպէս իսլամական հոգեւոր ճեմարանների ուսանողների ռազմական եւ քաղաքական կառոյց, որեւէ պարագայում չի ուզում Աֆղանստանում տեսնել ոչ մի օտարերկրեայ` այդ թւում նաեւ թուրքական ռազմական ներկայութիւն: Թալիբների հռետորաբանութեան վերլուծութիւնը յստակօրէն ցոյց է տալիս, որ այս շարժումը ոչ միայն դէմ է Քաբուլի օդանաւակայանի` թուրքական զաւթմանը, այլ նաեւ իր ունեցած ողջ ռազմական ներուժով պայքարելու է դրա դէմ` թուրքական զօրախումբն, ըստ էութեան, վերածելով օդանաւակայանի պաշարւած «ամրոցում գտնւող անյոյս մի կայազօրի, որի մատակարարումները դժւարանալու կամ անհնարին են դառնալու, հաշւի առնելով մի քանի գործօններ`

1․ ի տարբերութիւն Սիրիայում եւ Լիբիայում գտնւող թուրքական զօրախմբերի եւ ռազմականացւած արբանեակ կազմաւորումների` Աֆղանստան հասնելու համար Թուրքիան չունի ուղղակի ցամաքային կամ ծովային հաղորդակցութեան որեւէ ուղղակի ճանապարհ, հետեւաբար ստիպւած է լինելու Քաբուլի օդանաւակայանում իր զօրախմբի սպասարկումը իրականացնել բացառապէս օդային ճանապարհով,

2․ Ադրբեջանի վրայով նման ուղի Թուրքիան կարող է ստանալ միայն Իրանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի օդային տարածքներից, որոնցից պաշտօնական Թեհրանը դէմ է Աֆղանստանում ՆԱՏՕ-ական, թէկուզեւ թուրքական զօրամիաւորումների ներկայութեանը, Թուրքմենստանը վարում է չէզոքութեան եւ չմիացման երկարամեայ պաշտօնական քաղաքականութիւն, իսկ Ուզբեկստանը եւ Տաջիկստանը Թուրքիային ռազմական իմաստով իրենց օդային տարածքը տրամադրելու համար ակներեւաբար վճռորոշ հայեացք են ուղղելու դէպի Մոսկուայ, որի հետ, ի դէպ, այժմ արդէն իրականացնում են համատեղ լայնածաւալ զօրավարժութիւններ,

3․ Պաշտօնական Մոսկւան, ինչպէս Թեհրանը, առնւազն ոչ մի շահագրգռութիւն չունի Թուրքիային կամ ՆԱՏՕ-ական որեւէ այլ երկրի տեսնելու իր կենսական աշխարհաքաղաքական շահերի գօտի հանդիսացող Կենտրոնական Ասիային յարակից Աֆղանստանում, ուստի դժւար թէ այս հարցով դրական ազդակներ յղի դէպի Ուզբեկստան եւ Տաջիկստան` առաւել եւս, որ վերջինս նաեւ ՀԱՊԿ անդամ պետութիւն է: 

Հաշւի առնելով այս ամէնը, Քաբուլի օդանաւակայանում դիրքաւորուելու թուրքական երազանքի իրականացման միակ ճանապարհը մնում է թալիբների հետ համաձայնութեան գալը, որի վերաբերեալ արդէն իսկ անձամբ Ռեջեբ Թայիբ Էրդողանի շուրթերից հնչում են յայտարարութիւններ, որոնց, սակայն, «թալիբանն առայժմ արձագանքում է կտրական «ոչ»-ով:

Կռւում են ամերիկացիները, բայց յաղթում են իրանցիները

Թուրքական ակնյայտ աշխարհաքաղաքական նկրտումներին զուգահեռ` Աֆղանստանի հետ անմիջական սահման եւ պատմամշակութային խորը կապեր ունեցող Իրանն ինքն է փորձում ներաֆղանական իրավիճակը վերցնել վերահսկողութեան տակ: Դրան էին միտւած, մասնաւորապէս, վերջերս Թեհրանում Աֆղանստանի կենտրոնական իշխանութեան եւ «թալիբան շարժման ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցութիւնները, որոնց աւարտին շիայական Իրանի հետ գաղափարական խորը տարաձայնութիւններ ունեցող թալիբների պաշտօնական ներկայացուցիչը ոչ միայն դրական գնահատեց Իրանի միջնորդական ջանքերը, այլ նաեւ երախտիքի խօսք յղեց պաշտօնական Թեհրանին` ներաֆղանական հաշտութեան կայացման միջնորդական ջանքերի համար:

Իրանի հանդէպ «թալիբանիէ կողմից նման դիւանագիտական ռեւերանսը տեղի ունեցաւ Թուրքիայի հասցէին կոշտ յայտարարութիւնների խորապատկերին, ինչը եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ Աֆղանստանում կարող է կրկնւել յայտնի  կէսկատակ ձեւակերպմամբ իրաքեան սցենարը` «կռւում են ամերիկացիները, բայց յաղթում են իրանցիներըէ: Ընդ որում, ի տարբերութիւն Թուրքիայի, որը փորձում է վերահսկել միայն Քաբուլի օդանաւակայանը, այն էլ թուրքական բանակի ուժերով, իրանցիներն արդէն հէնց Աֆղանստանի ներսում ունեն արբանեակ ռազմականացուած կազմաւորումներ, որոնց բոլորովին վերջերս աւելացան նաեւ նորերը, ի դէմս, մասնաւորապէս, «հաշդ ալ-շի'իէ աշխարհազօրային միաւորման` իրաքեան իրանամէտ «հաշդ ալ-շա'բիէ նմանութեամբ: Նկատի ունենալով այս ամէնը, Աֆղանստանում իրանա-թուրքական լռելեայն մրցակցութեան համար իրանական դիրքերը, թւում է, անհամեմատ աւելի շահեկան են:

Մոսկւան նոր ձեւաչափի չի հաւատում

Բոլոր այս զարգացումների ֆոնին Աֆղանստանի իրավիճակի հանդէպ չի կարող անտարբեր մնալ պաշտօնական Մոսկւան, որը տարիներ շարունակ, որքան էլ պարադոքսալ թւայ, աշխատելով նոյնիսկ Ռուսաստանում պաշտօնապէս ահաբեկչական կառոյց ճանաչւած «թալիբանիէ ներկայացուցիչների հետ, յամառօրէն ձգտում էր եւ, ի վերջոյ, հասաւ Աֆղանստանից ամերիկեան եւ ՆԱՏՕ-ական զինուժի դուրսբերմանը: Հետեւաբար, Մոսկւայի համար եւս, գրեթէ միանշանակօրէն անընդունելի է թւում ՆՍՏՕ-ի անդամ Թուրքիայի թէկուզ սահմանափակ զօրախմբով ներկայութիւնը` այն էլ այնպիսի ռազմավարական նշանակութեան կէտում, ինչպիսին Քաբուլի օդանաւակայանն է` տարածք, որը մնացեալ Աֆղանստանի հետ միասին նախորդ դարավերջին բաւական յաջող վերահսկում էր ԽՍՀՄ-ը:

Սեփական ազդեցութիւնը ներաֆղանական գործընթացներում մեծացնելու նպատակով Ռուսաստանը եւս որոշակի յաջողութեամբ հանդէս է գալիս որպէս միջնորդ քաբուլեան իշխանութիւնների եւ թալիբների ներկայացուցիչների միջեւ, այսպիսով փորձելով նաեւ սահմանափակել միւս բոլոր տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային դերակատարների մանեւրելու տիրոյթը: Հետեւաբար, Սիրիայի օրինակով Աստանայի երկրորդ ձեւաչափի ստեղծումը, որտեղ Ռուսաստանը իր ռազմավարական եւ անվտանգային շահերը կը փորձէր համադրել թուրքական եւ իրանական ձգտումների հետ` Աֆղանստանի պարագայում առայժմ թւում է անիրական:

Այս ամենին զուգընթաց ուշագրաւ է, որ թէ՛ ՀԱՊԿ եւ թէ՛ երկկողմ ռուս-տաջիկական ռազմական համագործակցութեան շրջանակներում պաշտօնական Մոսկւան զգալիօրէն աւելացրել է իր ռազմական ներկայութիւնը Աֆղանստանին հարեւան Տաջիկստանում գտնւող իր` առանց այն էլ ամենամեծ արտերկրեայ ռազմակայանում ու նաեւ փորձում է ձեւաւորել եռակողմ` Ռուսաստան-տաջիկստան-ուզբեկստան ռազմատեխնիկական գործակցութեան նոր տիրոյթ, որը թէեւ առայժմ վերջնականապէս միս եւ արիւն չի ստացել, բայցեւայնպէս նմանւում է հզօր մի «բռունցքի, որը կարող է ոչ միայն պաշտպանել Կենտրոնական Ասիան հարաւից պարբերաբար եկող ապակայունացման ազդակներից, այլ նաեւ անհրաժեշտութեան դէպքում չէզոքացնել Աֆղանստանում թուրքական նկրտումները:

Իրավիճակն Աֆղանստանում դեռեւս շատ դինամիկ է եւ փոփոխական, բայց մի բան պարզ է` վերադարձ ՆԱՏՕ-ական ուժերի կողմից վերահսկւող իրավիճակին այլեւս անհնարին է:

 

Theanalyticon.com

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։