Հա

Քաղաքական

01/08/2021 - 11:15

«Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով

«ՀՀ-ում կարեւոր պաշտօններում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակին եւ այն լուծելու ուղղութեամբ արւող առաջարկներին։

«alikonline.ir» - «ՀՀ-ում կարեւոր պաշտօններում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակին եւ այն լուծելու ուղղութեամբ արւող առաջարկներին։

Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանն ասել էր, թէ իր ռուս գործընկերների հետ կը քննարկի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուսական սահմանապահ յենակէտեր տեղակայելու հարցը։

Նա նաեւ նշել էր, թէ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելութիւն է հարկաւոր հայ-ադրբեջանական սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի խօսնակը հարցին այս առաջարկի մասին անորոշ պատասխան էր տւել՝ նշելով, թէ ՌԴ-ն աշխատում է կողմերի հետ եռակողմ յայտարարութիւնների իրագործման ուղղութեամբ։

Սրան զուգահեռ՝ յայտարարութիւն էին տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կողմերին կոչ անելով չսրել իրավիճակը եւ հետևել նոյեմբերի 9-ի հրադադարի յայտարարութեանը։

Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ-ի արձագանքի, մոնիտորինգային առաքելութեան դիտարկման հարցը մնում է կասկածելի, քանի որ ՀԱՊԿ-ի առաքելութիւնը սահմանափակւում է այս հարցում խորհրդակցութիւններով, քանի որ Ադրբեջանն այդ կառոյցում ունի սերտ գործընկերներ։

Ըստ նրա, ակնյայտ է, որ ՌԴ-ն, ինչպէս միշտ, յայտնւում է մի իրավիճակում, երբ պէտք է որոշումներ կայացնի, իսկ ՌԴ-ն աւանդաբար փորձում է պահպանել հաւասարակշռութիւնը կողմերի միջեւ, ուստի այս առաջարկը դա խախտում է, հէնց այդ պատճառով այդ հարցին Կրեմլը դեռ յստակ պատասխան չի տալիս։

«Ռուսաստանի համար բարդ իրավիճակ է, քանի որ շահերը չափազանց շատ են, և դրանք ռեգիոնով չեն սահմանափակւում, պէտք է իրագործւէին նոյեմբերի 9-ի եւ յունւարի 11-ի յայտարարութիւնները, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի հռետորաբանութիւնը չի թուլանում։ Աւելին՝ ստեղծւում են նոր մարտահրաւէրներ, երբ բնական է, որ կարգաւորման գործընթացից խօսելը բարդ է դառնում։ Հարցն այն է, թէ ինչպէս պէտք է Ռուսաստանը համադրի իր շահերը ու ինչ որոշումներ պէտք է կայացնի, ինչպէս պահպանի հաւասարակշռութիւն կողմերի միջեւ եւ սահմանապահ յենակէտեր տեղակայի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սա իրականում քաղաքական հեշտ որոշում չէ, որին զուգահեռ՝ Ռուսաստանը պէտք է աշխատի Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի հետ՝ ինչպէս հակամարտութեան այս, այնպէս էլ՝ այլ գօտիներում։ Լաւագոյն լուծումն այն կը լինէր, որ յաջողւէր յետպատերազմեան շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ու կողմերը կարողանային լուծել սահմանազատման հարցերը՝ առանց միջնորդների ակտիւ մասնակցութեան, սակայն այս ամիսները ցոյց տւեցին, որ դա հնարաւոր չէ, ուստի նոր մշակումներ են հարկաւոր»,- ասաց Տարասովը։

Նրա խօսքով, ինչպէս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ արեւմտեան երկրները, այնպէս էլ Ռուսաստանը չեն փակում ԵԱՀԿ Մինսկի խմբի «դուռը»։

«Յայտարարութեան տեքստն այն մասին էր, որ համանախագահները տեղում են, եւ կողմերի ցանկութեան դէպքում ցանկացած հարց կարող է քննարկւել այդ հարթակում։ Իսկապէս այդպէս է, խնդիրներն այնքան շատ են, որ դրանցից որոշները կարող են նաեւ համակարգել համանախագահները, Ռուսաստանը դրանում խնդիր չի տեսնում։ Բայց այս անորոշութիւնը մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի, քանի որ կարեւոր պաշտօններում ՀՀ-ում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում։ Կարծում եմ՝ այստեղ թէ Ռուսաստանը, Ֆրանսիան, Հայաստանը, Արեւմուտքը անելիք ունեն»,- ասաց Տարասովը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։