ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի յանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա) խիստ մտահոգ է Արցախի դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմից յետոյ հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով եւ մասնաւորապէս այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ եւ յարձակումներ գործել Հայաստանի վրայ:
«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի յանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա) խիստ մտահոգ է Արցախի դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմից յետոյ հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով եւ մասնաւորապէս այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ եւ յարձակումներ գործել Հայաստանի վրայ:
«Արմէնպրես»-ի հարցմանն ի պատասխան կոնգրեսականը ասել է, որ անթոյլատրելի է Միացեալ Նահանգների կողմից սպառազինութեան մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարեւանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոնի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խօսքով, պատասխանատւութեան է ենթարկում Ալիեւի ռեժիմին՝ ցոյց տալով, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրայ:
«Այժմ, առաւել քան երբեւէ, մենք պէտք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարութեան հետագայ ամրապնդմանն ու աջակցութեանը: Ահա թէ ինչու ես հպարտութեամբ միացայ իմ գործընկերների նախաձեռնութեանը՝ առաջարկելով վերջերս ընդունւած Փալոնի ուղղումը, որը պատասխանատւութեան է ենթարկում Ալիեւի ռեժիմին՝ ցոյց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրայ, որ Ադրբեջանը բռնութիւն է գործադրում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Միացեալ Նահանգները պէտք է չմատակարարի սպառազինութիւն մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարեւանի դէմ», - յայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ ինքը մի՛շտ կը լինի Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի այս տարւայ ապրիլքսանչորսեան ուղերձին՝ Ադամ Շիֆը ասել է, որ նախագահ Բայդէնի որոշումը Հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու մասին պատմական իրադարձութիւն էր իր հազարաւոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների եւ ամբողջ երկրի հայութեան համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում եւ աղօթում էին ճանաչման համար:
«Ես շատ ոգեւորւած էի նրանից, որ այդ յայտարարութիւնը արւեց այն ժամանակ, երբ դեռեւս կան ցեղասպանութիւնից փրկւածներ, որոնք ողջ են եւ կարող են վկայութիւն տալ», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը Միացեալ Նահանգներում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ջատագովներից է եւ հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամը: Նա Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին 296-րդ բանաձեւի համահեղինակն է:
2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնութեամբ (405 կողմ, 11 դէմ) ընդունել է Հայոց ցեղասպանութեան մասին 296-րդ բանաձեւի (H.Res.296): 2019 թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է համանման՝ 150-րդ բանաձեւը (S.Res. 150)։ 2021 թ. ապրիլի 24-ին «Հայոց յիշատակի օրւայ» առիթով արւած յայտարարութեան մէջ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը կիրառել է «Հայոց ցեղասպանութիւն» եզրոյթը:
2021 թ. յուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի յանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բիւջէով նախատեսւած արտաքին օգնութեան մէջ փոփոխութիւններ անելու եւ Ադրբեջանին ֆինանսական եւ ռազմամարզական աջակցութեան տեսքով յատկացւող ռազմական օգնութիւնը սահմանափակելու մասին:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասել է, որ Փալոնի ուղղումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիեւին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացեալ Նահանգների հետ այնպէս, ինչպէս սովոր էր նախկինում: