Մոսկւայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եւրասիական ինտեգրման եւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վլադիմիր Եւսէեւն այն կարծիքին է, որ եռակողմ յայտարարութեամբ նախատեսւած 5 տարի ժամկէտի լրանալուց յետոյ Ռուսաստանը չի հեռանայ Արցախից:
«alikonline.ir» - Մոսկւայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եւրասիական ինտեգրման եւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վլադիմիր Եւսէեւն այն կարծիքին է, որ եռակողմ յայտարարութեամբ նախատեսւած 5 տարի ժամկէտի լրանալուց յետոյ Ռուսաստանը չի հեռանայ Արցախից:
«Արմէնպրես»-ի հետ զրոյցում, անդրադառնալով այն քննարկումներին, թէ եռակողմ յայտարարութեամբ նախատեսւած 5 տարւայ ժամկէտը լրանալուց յետոյ ռուսական խաղաղապահ զօրքերը կը հեռանա՞ն Արցախից, թէ՞ կերկարաձգեն իրենց առաքելութիւնը, Վլադիմիր Եւսէեւը նկատեց, որ ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստւում, քանի որ հակառակ դէպքում նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ: «Ռուսաստանը խաղաղապահ գործունէութեան մեծ փորձ ունի Աբխազիայում, Հարաւային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում, եւ երբեւէ Ռուսաստանը, խաղաղապահներ տեղակայելով, արագ նրանց դուրս չի բերել»,- ասաց Եւվսէեւը:
Ռազմական փորձագէտը յիշեցրեց՝ ռուսաստանյան խաղաղապահները առնւազն 4,5 տարի Լեռնային Ղարաբաղում մնալու մանդատ ունեն, իսկ այդ ընթացքում իրավիճակը կարող է էապէս փոխւել:
«Դուք հաւանաբար գիտէք, որ ածխաջրերի արդիւնահանման ինքնարժէքը Ադրբեջանում էապէս աճում է, քանի որ նախեւառաջ սպառւում են նաւթի պաշարները: Ինչ վերաբերում է գազի պաշարներին՝ հիմնականում խտացման շնորհիւ մէկ տարում ապահովւում է ընդամէնը 33 մլրդ խմ գազ, իսկ դա ծաւալով ընդամէնը մէկ խողովակի գազ է: Սա այն ամէնն է, ինչ Ադրբեջանը կարող է տալ մէկ տարում: Ամերիկեան ընկերութիւնները հեռացել են Ադրբեջանից, մնացել է միայն բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումը»՝ հիմնականում քաղաքական նկատառումներով: Իսկ 4,5 տարւայ ընթացքում շատ բան կարող է փոխւել: Ռուսաստանը մինչեւ այդ ժամկէտի լրանալը միանշանակօրէն չի պատրաստւում դուրս բերել իր խաղաղապահներին, իսկ ժամկէտը լրանալու պահին Արցախի Հանրապետութեան քաղաքացիների մի մասը հնարաւոր է՝ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիութիւն ստացած լինեն: Իրավիճակը կարող է ինչ-որ չափով նմանւել Մերձդնեստրի իրավիճակին, որտեղ նոյնպէս կան ՌԴ քաղաքացիներ, եւ Ռուսաստանը ներկայ է այնտեղ իր քաղաքացիների անվտանգութիւնը ապահովելու նպատակով»,- այսպիսի կանխատեսում արեց տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ ռազմական փորձագէտ Վլադիմիր Եւսէեւը:
Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ Արցախը ինքնուրոյն եւ միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգութիւնը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ ռուսական զօրքի ներկայությունը Արցախում պէտք է լինի ոչ թէ ժամանակաւոր, այլ մշտական:
2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունւած եռակողմ յայտարարութեան 4-րդ կէտում նշւում է, որ Լեռնային Ղարաբաղում «Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրամիաւորման մնալու տեւողութիւնը 5 տարի է՝ հետագայ 5-ական տարիներով աւտոմատ երկարաձգմամբ, եթէ կողմերից ոչ մէկը ժամկէտի աւարտից 6 ամիս առաջ չի յայտարարում սոյն դրոյթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին»: