Հա

Քաղաքական

12/08/2021 - 12:14

«Ռուսաստանը փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսական բանակի մակարդակին»․ ռազմաքաղաքական վերլուծաբան

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Յակոբեանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսական բանակի մակարդակին՝ հաշւի առնելով յետպատերազմեան իրավիճակն ու աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:

«alikonline.ir»- Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Յակոբեանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսական բանակի մակարդակին՝ հաշւի առնելով յետպատերազմեան իրավիճակն ու աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում մեկնաբանելով այն հարցը, թէ կոնկրետ ի՞նչ մասնակցութիւն է ունենալու Ռուսաստանը Հայաստանի զինւած ուժերի արդիականացմանը եւ ի՞նչ բնոյթի բարեփոխումների մասին է խօսքը, Մհեր Յակոբեանը պարզաբանեց, որ ենթադրաբար այդ բարեփոխումներն ուղղւած կը լինեն ինչպէս կառավարման բարելաւմանը, օդային գերակայութեան ապահովմանը, այնպէս էլ այլ ոլորտների արդիականացմանը:

Բացի այդ, Ռուսաստանն, ըստ ամենայնի, կօգնի Հայաստանին վերականգնել նախորդ տարւայ պատերազմում կրած ռազմատեխնիկական կորուստները:

«2021 թւականի երկրորդ կէսի զարգացումներից հասկանում ենք, որ համաշխարհային սահմանների ոչ ֆորմալ բաժանմամբ Արեւմուտքը, այնուհանդերձ, Հայաստանը թողեց Ռուսաստանին: Այս պայմաններում Ռուսաստանը մեր երկիրն ընկալում է որպէս իր ազդեցութեան լուրջ գօտի՝ անկախ նրանից, թէ ով է Հայաստանի իշխող ուժը: Եւ սրանից ելնելով արդէն խնդիր է դրւում արդիականացնելու հայկական բանակը», - նշեց Յակոբեանը:

Վերլուծաբանի խօսքով՝ հայկական բանակը մինչ այժմ մեծ հաշւով եղել է  «խորհրդային տիպի լաւ բանակ»: «Իհարկէ, որոշ նոր տարրեր կային: Օրինակ՝ օդային կառավարում, կապի միջոցներ: Բայց սկզբունքօրէն հայկական բանակն իր հիմնական ողնաշարով խորհրդային տիպի էր»,- նշեց նա:

Սակայն այժմ, ըստ Մհեր Յակոբեանի, Ռուսաստանի զինւած ուժերը, համաշխարհային զարգացումներին հնարաւորինս համահունչ, փորձում է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, եւ այս համատեքստում բարեփոխումներ են իրականացւում նաեւ Հայաստանի զինւած ուժերում:

«Ենթադրւում է, որ փորձ է արւելու ամենից առաջ հայկական բանակը հասցնել գոնէ ռուսական բանակի մակարդակին՝ ներառեալ կառավարումը, օդային գերակայութիւնը, եւ այլն, եւ այլն: Բացի այդ, ինձ թւում է՝ Ռուսաստանը բաւական լրջօրէն կը վերականգնի վերջին պատերազմում մեր կրած տեխնիկական կորուստները: Բնականաբար, այդ ամէնն իրականացւելու է առաջին հերթին իր շահերի համատեքստում, բայց այդ պրոցեսը օգտակար կը լինի նաեւ Հայաստանի համար», - մեկնաբանեց վերլուծաբանը:

Աշխատանքային այցով Մոսկւայում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Արշակ Կարապետեանը օգոստոսի 11-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում Սերգէյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցութիւնը Հայաստանի զինւած ուժերի արդիականացմանն ու իրականացւող բարեփոխումներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։