Հա

Քաղաքական

21/08/2021 - 10:10

«Ջայլամի քաղաքականութիւնով չենք կարող երկար շարունակել մեր գոյութիւնն այս տարածաշրջանում». Ահարոն Վարդանեան

Իրանագէտ Ահարոն Վարդանեանի կարծիքով՝ Աֆղանստանում թալիբների իշխանութեան գալով, ինչպէս Էրդողանի, այնպէս էլ միւս ուժերի համար երկու տարբերակ կայ՝ ե՛ւ հնարաւորութիւն, ե՛ւ հնարաւորութիւնների սահմանափակում:

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանի կարծիքով՝ Աֆղանստանում թալիբների իշխանութեան գալով, ինչպէս Էրդողանի, այնպէս էլ միւս ուժերի համար երկու տարբերակ կայ՝ ե՛ւ հնարաւորութիւն, ե՛ւ հնարաւորութիւնների սահմանափակում:

«Կարող է այնպէս ստացւել, որ Թուրքիայի կամ թալիբների վարած քաղաքականութեան արդիւնքում շահերի համընկնում լինի, եւ Թուրքիան կարողանայ օգտւել այդ առիթից եւ իր ազդեցութիւնը էլ աւելի մեծացնի Աֆղանստանում, կամ ելնելով իրավիճակից եւ կախւած նաեւ այլ ուժերի ներկայացւածութիւնից՝ Թուրքիան ամբողջովին դուրս մղւի Աֆղանստանից: Երբ ԱՄՆ-ը դուրս էր գալիս Աֆղանստանից, յայտարարեց, որ այնտեղ մնալու են ՆԱՏՕ-ական ուժեր՝ ի դէմս Թուրքիայի, եւ վերահսկելու են Քաբուլի օդանաւակայանը: Բայց դա ամենեւին թալիբների սրտով չէր, եւ նրանք յայտարարեցին, որ չի լինելու այդպէս: Իհարկէ, Թուրքիան նրանց համար կարեւոր գործընկեր է, բայց ամէն դէպքում, Քաբուլի օդանաւակայանը հսկելու է այդ երկրի իշխանութիւնը, իսկ իշխանութիւնը ներկայ պահին գտնւում է թալիբների ձեռքին: Թալիբները վերջերս նաեւ ասացին, որ պատրաստ են համագործակցել այլ ոլորտներում, օրինակ՝ տնտեսական եւ այլն, դրանով ցոյց տալով, որ ամենեւին չեն համաձայնում այն կէտի հետ, որ Թուրքիան պէտք է վերահսկի Քաբուլի օդանաւակայանը եւ ռազմական ներկայութիւն ունենայ: Թալիբները նշում են, որ բացի իրենցից, այլ ռազմական ուժ չպէտք է լինի Աֆղանստանում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ահարոն Վարդանեանը նկատեց, որ թալիբները ներկայումս պատրաստ են համագործակցել նոյնիսկ Իրանի, Ռուսաստանի հետ, որոնք «Թալիբան» շարժումը համարում են ահաբեկչական. «Գաղափարապէս Իրանը եւ թալիբները իրար դէմ են եւ շատ լուրջ հակասութիւններ ունեն, բայց երկուստեք պատրաստ են համագործակցութեան: Խնդիրն այն է, որ ինչպէս Ռուսաստանը, այնպէս էլ Իրանը եւ Չինաստանը ձգտում էին տարածաշրջանից հանել Միացեալ Նահանգներին: Նրանց առաջին եւ գերխնդիրը կոնկրետ Աֆղանստանից ԱՄՆ զօրքերի դուրսբերումն էր. Դա յաջողւեց: Բայց միւս կողմից, երբ նայում ենք, թէ ինչ ստացան այս երկրներն ԱՄՆ զօրքերի դուրսբերումից, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ին ձեռք էր տալիս իր զօրքերի դուրսբերումը, որովհետեւ Աֆղանստանում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի քթի տակ յայտնւել է մի անկանխատեսելի ուժ, որը, ճիշտ է, ներկայումս յայտարարում է, որ պատրաստ է համագործակցութեան, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ յատկապէս Իրանի պարագայում Իրանը մէկ տաք կէտ էլ է ունենալու իր սահմանների մօտ: Եթէ մինչ այդ Ղանիի օրօք այդտեղ ռազմական առումով անվտանգ էր, ապա ներկայումս ռազմական առումով էլ անվտանգ չէ, եւ Իրանը ստիպւած է իր ուժերը կենտրոնացնել նաեւ այդ հատւածում»:

Իրանագէտի խօսքով՝ թուրք-իրանական յարաբերութիւններում լարւածութիւնը մեծանում է. «Թուրքիան ներկայումս պատ է կառուցում Իրանի հետ սահմանին, որպէսզի կարողանայ վերահսկել Աֆղանստանից եկող ներգաղթեալների հոսքը: Ներկայումս այդ պատրւակով զօրախումբ է տեղակայել Իրանի հետ սահմանին, զօրախմբի թւաքանակը մեծացնում է, եւ մարտական պատրաստութիւնը բարձրանում է: Վերջերս էլ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դաւութօղլուն յայտարարութիւն տարածեց, որ Իրանում Թուրքիան ունի մեծ լրտեսական ցանց եւ ցանկացած պահի կարող է դա գործարկել: Իհարկէ, նա այդ ամէնը նշել էր կրկին Աֆղանստանից սպասւող ներգաղթեալների հոսքի վերաբերեալ, բայց հէնց այն, որ մէկ երկիր յայտարարում է, որ միւսում ունի մեծ լրտեսական ցանց եւ ցանկացած պահի կարող է ցանկացած գործողութիւն իրականացնել, սա նշանակում է, որ կայ հակասութիւն»:

Ահարոն Վարդանեանի դիտարկմամբ՝ իրանական եւ թուրքական մեդիադաշտում նկատւում են միմեանց ուղղված խայթոցներ. «Աֆղտանստանից եկած այս ներգաղթեալների հոսքը եւ ահաբեկիչների խնդիրը հաշւի առնելով՝ մենք Իրանի եւ Ռուսաստանի հետ կարող ենք հակաահաբեկչական կոալիցիա կազմել, այս մասին նախկինում էլ եմ խօսել: Այդպիսով կը կարողանանք նաեւ կառավարել Աֆղանստանից եկող ներգաղթեալների խնդիրը, որովհետեւ ես գիտեմ, որ մի քանի տարի առաջ Աֆղանստանից ոչ լեգալ ճանապարհով ներգաղթեալներ են ներթափանցել Հայաստան: Հաշւի առնելով սա եւ քրդական խնդիրը, որ ունեն Թուրքիան եւ Իրանը, կարող ենք հետաքրքիր համագործակցութիւն ծաւալել Իրանի հետ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան չի ուզում ուժեղ Հայաստան, այլ ուզում է, որ ընդհանրապէս Հայաստան չլինի, եւ այս պարագայում պէտք է օգտագործենք ցանկացած գործիքակազմ՝ Թուրքիայի դէմ աշխատելու եւ Թուրքիային որոշակի զսպելու համար»:

Անդրադառնալով խաղաղութեան պայմանագրի վերաբերեալ Ալիեւի յայտարարութիւններին, նա նշեց, որ դա կարող է դառնալ պատերազմի պայմանագիր. «Խաղաղութեան նախադրեալներ չեմ տեսնում, որովհետեւ չի կարող մի կողմը խաղաղութիւն ուզել, իսկ միւս կողմը՝ զէնք գնել: Խաղաղութեանը պէտք է պատրաստւել զէնք գնելով, բայց եթէ մենք զէնք չենք գնում, եթէ չենք զինում մեր բանակը, եթէ դա արւում է միայն Ադրբեջանի կողմից, ապա կարող ենք ասել, որ նա պատրաստւում է ամէն ինչի, բացի խաղաղութիւնից»:

Նա յաւելեց, որ Աֆղանստանի գործընթացներն ազդելու են նաեւ մեր տարածաշրջանի վրայ. «Ես արդէն նշեցի, որ դեռ այս խնդիրները չկային, բայց Աֆղանստանից ոչ լեգալ ճանապարհով Հայաստան ներթափանցումներ են եղել, եւ հնարաւոր է նաեւ՝ այդպիսի դէպքեր լինեն, եւ դժւար է ասել, թէ նրանց մէջ ինչ ծագման կամ ինչ հայեացքների տէր մարդիկ կը լինեն: Այսինքն՝ վտանգ կայ, մենք ուզենք, թէ ոչ, ապրում ենք այս տարածաշրջանում, շփւում ենք տարածաշրջանի ժողովուրդների հետ եւ մեզ վրայ կրում ենք տարածաշրջանի բոլոր մարտահրաւէրներն ու ռիսկերը: Չենք կարող խուսափել եւ ջայլամի քաղաքականութիւնով երկար շարունակել մեր գոյութիւնն այս տարածաշրջանում»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։