Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման հնարաւորութիւնը իրատեսական է համարել:
«alikonline.ir» - Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման հնարաւորութիւնը իրատեսական է համարել. գրում է ԻՍՆԱ-ն։
Արձագանգելով Իրանի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլի վերջին յայտարարութեանը, ռուս դիւանագէտը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սիրելի՛ Ռոբ, յոռետես լինելու համար դեռ վաղ է։ Շուտով կը վերսկսւեն Վիեննայի բանակցութիւնները։ Գործարքի վերականգնման հնարաւորութիւնը միանգամայն իրատեսական է թւում, թէեւ ոչինչ երաշխաւորւած չէ։ Հէնց դրա համար էլ կողմերը իրատեսօրէն պէտք է փորձեն վերացնել առկայ խոչընդոտները»։
Յիշեցնենք, որ Ռոբերտ Մալլին Poletico պարբերականի հետ զրոյցում նշել էր, որ մեծ հարցականներ կան Միջուկային գործարքի ճակատագրի հետ կապւած՝ յաւելելով, որ Իրանը չի համագործակցում բանակցութիւնների վերսկսման գործում։