Հա

Քաղաքական

30/08/2021 - 12:41

Թուրքիան ծաւալապաշտական նկրտումներ ունի. փորձագէտը դրական ազդակներ չի տեսնում

Ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը «Armeniansputnik.am»-ի եթերում նշել է, որ մինչ այս պահը Թուրքիան Հայաստանին վերաբերւում է որպէս պարտւած երկրի։

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը «Armeniansputnik.am»-ի եթերում նշել է, որ մինչ այս պահը Թուրքիան Հայաստանին վերաբերւում է որպէս պարտւած երկրի։ 

Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղութեանն ուղղւած որեւէ հրապարակային յայտարարութիւն կամ ազդակ նկատելի չէ։ «Armeniansputnik.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ Թուրքիայի կողմից տարածաշրջանային խաղաղութեանն ուղղւած որոշակի դրական ազդակներ կան։

«Ինքս որեւէ ազդակ չեմ նկատել, բացի ծաւալապաշտական հռետորաբանութիւնից եւ ՀՀ-ին աղքատ երկիր անւանելուց։ Թուրքիան Հայաստանին վերաբերւում է որպէս պարտւած երկրի, այլ ոչ թէ խաղաղութեան կամ ինչ-որ բանակցային կողմի»,- ասաց նա։

Յովհաննիսեանի կարծիքով` այդ մասին են փաստում տարածաշրջանային ենթակառուցւածների ապաշրջափակման քողի տակ «Զանգեզուրեան միջանցքին» տիրանալու թուրք-ադրբեջանական նկրտումները. դրական ազդակ կը լինէր, եթէ, օրինակ, Թուրքիան սաստէր Ադրբեջանին եւ թոյլ չտար, որ վերջինս փակէր Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։

Յիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ կառավարութեան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինեանը ասաց, որ տարածաշրջանային խաղաղութեան հարցում Թուրքիայի կողմից հրապարակային ազդակներ կան եւ, որ «մենք կը գնահատենք ու դրական ազդակով կարձագանգենք դրանց»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 25-ին Բիթլիսի արեւելեան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի աւարտից յետոյ» Հարաւային Կովկասում երկարատեւ խաղաղութեան համար պայմաններ են ստեղծւել եւ, եթէ Հայաստանը օգտւի այդ շանսից, ապա իրենք էլ անհրաժեշտ քայլեր կը ձեռնարկեն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։