Հա

Քաղաքական

07/09/2021 - 11:40

Արցախի կարգավիճակի շուրջ ռուս-ադրբեջանական լարւածութիւնը խորանում է

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ պատերազմից յետոյ հակամարտութեան կարգաւորման շուրջ աշխատանքի ընթացքում խնդիրները ջրի երես են դուրս գալիս:

«alikonline.ir» - 44-օրեայ պատերազմից յետոյ առաջին անգամ ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում լարւածութիւն է նկատւում Արցախի կարգավիճակի հարցի շուրջ առկա տարաձայնութիւնների պատճառով:

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականութեան հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւն ակնարկել է, որ չի յաջողւում ընդհանուր յայտարարի գալ ռուսական կողմի հետ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի շուրջ:

Զուգահեռաբար՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է յղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն ձեւակերպման կիրառութեան համար, որ եղել էր ՌԴ ՊՆ գնումների վերաբերեալ փաստաթղթերից մէկում:

Հիքմեթ Հաջիեւը BBC-ին տւած հարցազրոյցում նշել է, որ ռուսական կողմի հետ քննարկւում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մանդատի հետ կապւած լրացուցիչ իրաւական մեխանիզմներ:

Նա նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունէութիւնն ու գործողութիւններն իրականացւում են 2020 թւականի նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան համաձայն, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները:

Հաջիեւի խօսքով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը սահմանել է «քաղաքական եւ, որոշ չափով՝ իրաւական դաշտ» խաղաղապահ ուժերի համար:

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերեալ լրացուցիչ համաձայնագրերին եւ լրացուցիչ իրաւական մեխանիզմներին, ապա կողմերի միջեւ եղել են առաջնային շփումներ այդ հարցի շուրջ, եւ որոշակի բանավէճեր դեռեւս շարունակւում են»,- ասել է Հաջիեւը:

Ըստ նրա՝ ամբողջ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրութիւնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը:

Իսկ Ադրբեջանի բողոքի նոտան Ռուսաստանին պայմանաւորւած է այդ երկրի կառավարութեան միասնական տեղեկատւական համակարգում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն ձեւակերպման կիրառութեան հետ, որ եղել էր ՌԴ ՊՆ գնումների վերաբերեալ փաստաթղթերից մէկում: Ադրբեջանը յայտարարել է, թէ դա չի բխում երկու երկրների բարեկամութեան եւ գործակցութեան ոգուց:

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ պատերազմից յետոյ հակամարտութեան կարգաւորման շուրջ աշխատանքի ընթացքում խնդիրները ջրի երես են դուրս գալիս:

Նրա խօսքով՝ խնդիրներն Ադրբեջանի յաւակնութիւններն են ԼՂ տարածքի միւս հատւածի նկատմամբ, որը մնացել է խաղաղապահների վերահսկողութեան ներքոյ: Նա նշեց, որ Ադրբեջանի յաւականութիւնները պատերազմի հետեւանքով ստացւած տարածքներով չեն սահմանափակւում:

Սկակովի խօսքով՝ ակնյայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է միւս հարցերում Ռուսաստանի հետ պայմանաւորւել, ինչը չի յաջողւում, եւ քիչ հաւանական է, որ յաջողւի:

«Նախ անհասկանալի է՝ եթէ կայ եռակողմ համաձայնութիւն, որից յետոյ խաղաղապահները տեղակայւել են, ինչո՞ւ Ադրբեջանը համապատասխան մանդատի թուլտւութիւնը չի տալիս, սա արդէն իսկ ինչ-որ իմաստով եռակողմ պայմանաւորւածութիւնների խախտում է, որովհետեւ խաղաղապահները տեղակայւել են նաեւ Ադրբեջանի թոյլտւութեամբ»,- յստակեցրեց Ալեքսանդր Սկակովը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը կարգաւորման բոլոր բաղադրիչների վրայ տարածում է իր միակողմանի շահերը:

«Եւ կարծում եմ՝ բողոքի նոտայի նիւթը, այսինքն՝ ռուսական կողմի ԼՂՀ կիրառութիւնը բացարձակ պատահական չէր եւ ուղիղ կապ ունէր հէնց այս խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Ըստ էութեան ներգրաււած բոլոր խաղացողների համար գոյութիւն ունի ԼՂ կարգավիճակի հարց՝ գուցէ ոչ այս պահին լուծման ենթակայ, սակայն չկարգաւորւած հարց, որը պէտք է լուծւի, իսկ Ադրբեջանի համար չկայ այդ հարցը, քանի որ դա Ադրբեջանի տարածք է: Գիտենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս, թէեւ թուլացած, վերականգնւելու դէպքում աշխատելու է այս հարցի ուղղութեամբ: Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները շարունակում են իրենց ուղերձներում յղում կատարել կարգաւորման անհրաժեշտութեան վրայ՝ ժամանակ առ ժամանակ նաեւ խօսելով կարգավիճակի մասին:

Պատահական չէ նաեւ, որ Հայաստան եւ Ադրբեջան այցեր կատարեց նորանշանակ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը, ինչն ուղերձ է այն մասին, որ ՄԽ-ի էջը լիովին փակւած չէ»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Վերջինիս կարծիքով՝ պատերազմի դադարեցումից յետոյ անմիջապէս կանխատեսելի էր, որ խաղաղապահների մանդատը կարող է մեծ պատմութիւն դառնալ ռուսական կողմի համար:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւններով կարող է փորձել մասամբ լուծել այս հարցը: Չի բացառւում, որ Ռուսաստանը պատրաստ է նաեւ դրամատիկ եւ անպասելի լուծումների խաղաղապահների մասով, չէր բացառւում նաեւ, որ այս հարցը քննարկման դրւի միջազգային հարթակներում: Բարդ խաղ է ընթանում Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ, յարաբերութիւնների բարդ համակարգ է գործում եւ, ինչպէս երեւում է, այս հարցում կոնսենսուսի հասնելը գրեթէ բացառւած է»,- ասաց նա:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։