Հա

Քաղաքական

11/09/2021 - 12:50

Մոսկւայի նոր ուղերձը Բաքւի՞, թէ՞ Երեւանի համար

Տարածաշրջանում սպասւող առանցքային եւ դինամիկ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ֆոնին պաշտօնական Մոսկւան, ինչպէս եւ գրեթէ բոլոր ռեգիոնալ խաղացողները, անընդհատ փոփոխում է Ղարաբաղեան հակամարտութեան շեշտադրումները:

«alikonline.ir» - Տարածաշրջանում սպասւող առանցքային եւ դինամիկ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ֆոնին պաշտօնական Մոսկւան, ինչպէս եւ գրեթէ բոլոր ռեգիոնալ խաղացողները, անընդհատ փոփոխում է Ղարաբաղեան հակամարտութեան շեշտադրումները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկւան ուշադիր հետեւում է Հայաստանում եւ Ադրբեջանում քննարկումներին՝ կապւած երկրների միջեւ խաղաղ պայմանագրի կնքման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ։

«Ցաւօք, քաղաքական հարցերի շուրջ կողմերի միջեւ առկայ են հիմնարար տարաձայնութիւններ: Ահա թէ ինչու, այս փուլում, առաջնային ենք համարում 2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թւականի յունւարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրոյթների աներկբայ իրականացումը ամենաբարձր մակարդակով։ Եւ, իհարկէ, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար բարդ հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,- նշել է Զախարովան։

Նա նաեւ աւելացրել է․ «Մենք յոյս ունենք, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւ վերջնական քաղաքական կարգաւորման հասնելու համար»։

Զախարովան անդրադարձել է նաեւ Արցախում ռուսական խաղաղապահ զօրախմբի գործունէութեանը: Նա ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր ռուս խաղաղապահների պատասխանատւութեան գօտում էական խախտումներ չեն արձանագրւել, ինչը հաստատւում է ինչպէս Երեւանում, այնպէս էլ Բաքւում:

Եթէ յիշենք, թէ ինչպէս էր ռուսական կողմը պատերազմից անմիջապէս յետոյ գիծ քաշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման հեռանկարների վրայ, ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցչի կողմից «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծում» ձեւակերպումն էական փոփոխութիւն է:

Պատերազմից եւ եռակողմ երկու յայտարարութիւնների ստորագրումից յետոյ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը նշում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի յիշատակւել գիտակցւած՝ սա ապագայում քննարկւելիք հարց է։

«Այսօր Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքը ռուսական խաղաղապահների պատասխանատւութեան գօտի է, եւ սա է այսօր Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը պէտք է որոշւի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքոյ անցնող բանակցութիւնների արդիւնքում»,- յայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ յաւելելով, թէ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու հարց «մօտիկ անգամ չկայ» Մոսկւայի օրակարգում։

Առաջին հայեացքից սա փոփոխութիւն է՝ ի նպաստ Հայաստանի, որի համար Արցախի կարգավիճակի յստակեցման հարցը կենսական նշանակութիւն ունեցող կէտ է ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետութեան ապագայի համար, սակայն, ինչպէս մի շարք վերլուծաբաններ են գտնում, նման շեշտադրումները պայմանաւորւած են ռուս-ադրբեջանական յարաբերութիւններով, որոնք ներկայումս իրենց ամենալաւ փուլում չեն:

Մոսկւայի նոր շեշտադրումների ֆոնին ուշագրաւ եւ ոչ պատահական էր նաեւ ՌԴ խաղաղապահ զօրակազմի նախկին հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովի դիտարկումը, որ հետագայում որոշում կը կայացւի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զօրակազմի ներկայութիւնը երկարաձգելու մասին։

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆեօդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանի քաղաքականութիւնը պատերազմից յետոյ չի փոխւել:

Նրա խօսքով, առաջնահերթութիւնը տրւում է եռակողմ 2 յայտարարութիւնների իրագործմանը, որոշակի ազդեցութեան պահպանմանը, Թուրքիայի հետ համակարգմանը եւ հակամարտութեան բռնկման հաւանականութեան կառավարմանը, քանի դեռ չկայ Խաղաղութեան երկարատեւ համաձայնագիր կողմերի միջեւ:

Նա պարզաբանեց, որ Ռուսաստանն ունի արտաքին քաղաքական երկարաժամկէտ պլաններ, որոնք կարող են իրավիճակայնօրէն փոփոխւել:

«Սակայն այս յայտարարութիւնն այդ դէպքը չէ, քանի որ ոչինչ չի փոխւել, պարզապէս կան հանգամանքներ, որոնց մասին անհրաժեշտութիւն կայ խօսել»,- ասաց նա:

Լուկիանովի խօսքով՝ նախկինում Մոսկւան պարզապէս ասում էր, որ խաղաղապահները տեղակայւած են 5 տարի եւ գուցէ՝ ավելի ժամկէտով, ուստի Ղարաբաղը գտնւում է խաղաղապահների պատասխանատւութեան գօտում, եւ դա որոշակի կարգավիճակ է այս պահի դրութեամբ:

«Սակայն չի ասւել, որ կարգավիճակի հարց ընդհանրապէս գոյութիւն չունի: Ակնյայտ է, որ այդ մասին խօսելու անհրաժեշտութիւն մէկ օր առաջանալու էր, եւ դա ի յայտ է գալիս նաեւ այն պատճառով, երբ այդ հարցն անտեսւում է:

Ի վերջոյ, այդ հարցը կարող է քննարկւել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, եթէ ռուս-ադրբեջանական հարթութիւնում չի յաջողւում խաղաղապահների մանդատի հարցը յստակեցնել հէնց կարգավիճակի շուրջ տարաձայնութիւնների պատճառով: Այնուամենայնիւ սրանք այնպիսի հարցեր են, որոնք այսօր ակտիւօրէն քննարկւում են, եւ Ռուսաստանը շարունակում է իր դերակատարութիւնն ունենալ, մատնանշել այն: Այս ելոյթը նաեւ այդ ուղերձն էր պարունակում»,- նկատեց վերլուծաբանը:

Նրա կարծիքով, տարածաշրջանում ներկայումս չափազանց ուշագրաւ է լինելու հետեւել հայ-թուրքական զարգացումներին Ղարաբաղեան գործընթացների ֆոնին:

«Ակնյայտ է, որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են թոյլ ազդակներ յղել, դեռ չկայ ուրւագծւած՝ սա լինելու է համակարգւած կարգաւորո՞ւմ, թէ՞ կողմերը պարզապէս ճանապարհների շուրջ են համաձայնութեան գալու: Այս պահին հարցերը դեռ շատ են, քանի որ ուղերձներն անորոշ ու թոյլ են, Ղարաբաղեան գործընթացում եւս չկարգաւորւած հարցերը շատ են, որոնք հնարաւոր չէ կարճ ժամանակում լուծել, ապա անցնել հայ-թուրքական յարաբերութիւններին, որից յետոյ՝ ճանապարհներին, ուստի թէ ինչպէս են այս բոլոր հարցերը լուծւելու եւ յանգելու իրավիճակի, երբ ամէն բան խաղաղ է, դեռ բարդ է կանխատեսել: Յստակ կարելի է ասել, որ սրանք շատ ռեսուրս են պահանջելու ամէն իմաստով»,- ասաց նա:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։