Հա

Քաղաքական

20/09/2021 - 08:25

Էրդողան. «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Նիկոլ Փաշինեանի հանդիպելու առաջարկը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշւիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման առաջարկը։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշւիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման առաջարկը։ Այդ մասին ըստ Hetq.am-ի՝ յայտնում է ադրբեջանական APA գործակալութեան թուրքական բիւրոն։ Վերջինիս փոխանցմամբ Էրդողանն այդ մասին յայտարարել է Նիւ Եօրք նախատեսւող այցից առաջ կազմակերպւած մամուլի ասուլիսին, որտեղ Թուրքիայի նախագահը կը մասնակցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի հերթական նստաշրջանին։

Էրդողանը նշել է, որ եթէ վարչապետ Փաշինեանը ցանկանում է հանդիպել իրեն, ապա Հայաստանը պէտք է դրական քայլեր ձեռնարկի։ «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպում ունենալու առաջարկը։ Բայց դրա համար Հայաստանը պէտք է ձեռնարկի դրական քայլեր։ Եթէ այդ հանդիպումը կայանայ, ապա Թուրքիան էլ կը հաստատի դիւանագիտական յարաբերութիւններ»,- նշել է Էրդողանը։

Բացի դրանից, Թուրքիայի նախագահը յոյս է յայտնել, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորմանը կարող է նպաստել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Յիշեցնենք, որ աւելի վաղ Փաշինեանն ու Էրդողանը յայտարարել էին, որ երկկողմ դրական ազդակներ են ստանում յարաբերութիւնների կարգաւորման համար։ Հայաստանի վարչապետը յայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղութեան համատեքստում։ «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղութեան թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կը գնահատենք եւ դրական ազդակներին դրականով կը պատասխանենք»,- նշել էր Փաշինեանը։

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ յայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ յարաբերութիւնների աստիճանական կարգաւորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման յայտարարութիւնների ֆոնին։ «Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է կառուցողական մօտեցում։ Եթէ նոյնիսկ կան տարաձայնութիւններ, հարեւանական յարաբերութիւնների զարգացումը պէտք է իրականացնել տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան յարգման հիման վրայ։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք աստիճանաբար կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ։ Հայաստանի նոր կառավարութիւնը յայտարարել է այդ ուղղութեամբ շարժւելու պատրաստակամութեան մասին»,- ինքնաթիռում լրագրողներին յայտարարել էր Էրդողանը՝ Սարաեւօ կատարած այցից վերադարձի ճանապարհին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։