Հա

Քաղաքական

23/09/2021 - 09:45

«Բաքու-Թեհրան-Երեւան. խաղ՝ ուղղւած սրացմանը». Regnum

Երբ Բաքուն իրանական բեռնատարների եւ աւտոբուսների ստուգումներ մտցրեց Գորիս-Կապան միջպետական աւտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկւող հատւածում եւ յատուկ պայմաններ սահմանեց Հայաստան բեռներ տեղափոխող իրանական մեքենաների համար, պարզ դարձաւ, որ այն սկսել է խաղալ առաջին հերթին Իրանի հետ սրացման ուղղութեամբ, իսկ յետոյ նաեւ Երեւանի, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն արւած չէ, գրում է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը Regnum լրատւական գործակալութեան կայքում հրապարակւած իր յօդւածում:

«alikonline.ir» - Երբ Բաքուն իրանական բեռնատարների եւ աւտոբուսների ստուգումներ մտցրեց Գորիս-Կապան միջպետական աւտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկւող հատւածում եւ յատուկ պայմաններ սահմանեց Հայաստան բեռներ տեղափոխող իրանական մեքենաների համար, պարզ դարձաւ, որ այն սկսել է խաղալ առաջին հերթին Իրանի հետ սրացման ուղղութեամբ, իսկ յետոյ նաեւ Երեւանի, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն արւած չէ, գրում է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը Regnum լրատւական գործակալութեան կայքում հրապարակւած իր յօդւածում: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Բացի այդ, փորձեր են արւում խաթարել Երեւանի եւ Թեհրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցութիւնը, քանի որ վերոնշեալ երթուղին երկար տարիներ օգտագործւում է Հայաստան ապրանքներ առաքող իրանական տրանսպորտային ընկերութիւնների կողմից: Ընդ որում, փաստերը վկայում են, որ Բաքւի գործողութիւնները չեն կարող անակնկալ լինել ինչպէս Իրանի, այնպէս էլ Հայաստանի համար, քանի որ փորձ է արւել խնդիրը լուծել դիւանագիտական գործիքների օգնութեամբ: Մասնաւորապէս, այս առիթով Ադրբեջանի եւ Իրանի դիւանագիտական գերատեսչութիւնները բանակցութիւններ են վարել, որոնք, սակայն, անյաջող էին: Միեւնոյն ժամանակ, Բաքուն չի թաքցնում իր մտադրութիւնները:

«Թուրան» լրատւական գործակալութեան տնօրէն Մեհման Ալիեւի խօսքով՝ «իրականում այդ միջոցներն ուղղւած են ոչ թէ Իրանի, այլ Հայաստանի դէմ», եւ այն ամէնը, ինչ «վերջերս ձեռնարկւել է սահմանին, ճնշումն է Երեւանի վրայ՝ նրան խաղաղութեան պայմանագրի հնարաւորինս շուտ ստորագրման դրդելու, տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման ապահովման հասնելու համար»:

Ամենայն հաւանականութեամբ, Ադրբեջանն ակնկալում էր, որ Իրանի միջոցով ճնշում կը գործադրի Հայաստանի վրայ այս ուղղութեամբ: Աւելին, իրանցիները պաշտօնական մակարդակով յայտարարել են իրենց աջակցութիւնը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը եւ նոյնիսկ, որպէս Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան (ԻՀԿ) անդամներ, դատապարտել «Հայաստանի ագրեսիան», թէեւ այդ երկրի հետ ակտիւ տնտեսական համագործակցութիւն են զարգացնում:

Բայց այս անգամ Թեհրանը հրաժարւեց փոխզիջումային լուծումներ փնտրելուց եւ չխաղաց Բաքւի կողմից: «Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել Երեւանը մեզանից»,- ասել է Իրանի ԱԳՆ խօսնակ Սաիդ Խաթիբզադէն:

Ի վերջոյ, Թեհրանին առաջարկւել է ապրանքներ տեղափոխել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ Ֆիզուլիի կամ Ջեբրաիլի շրջանցիկ ճանապարհով: Դրանից յետոյ հայկական եւ ադրբեջանական լրատւամիջոցներում իսկական տեղեկատւական պատերազմ սկսւեց:

Բաքուն Իրանին մեղադրում է Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ընթացքում անհետեւողական գործողութիւնների, «Ղարաբաղում անջատողական ռեժիմի» հետ յարաբերութիւնների պահպանման, Ադրբեջանի նկատմամբ «կեղծաւորութեան», եւ այն բանի համար, որ անցած պատերազմի ժամանակ Թեհրանը կիրառել է «Ադրբեջանի ահաբեկման գործողութիւններ»՝ տեղադրելով Ադրբեջանի սահմանի մօտ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի սարքաւորումներով ռազմական աւտոշարասիւների տեղաշարժի տեսագրութիւններ, առանց խորհրդակցութեան Մոսկւա է ուղարկել պատւիրակութիւն՝ փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխաւորութեամբ եւ այլն:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, իրանցի փորձագէտներից մէկի կարծիքով, «Ադրբեջանի վերահսկողութիւնը Հայաստանի հետ սահմաններին ընկալւում է որպէս Իրանի պետական հեղինակութեան ոտնահարում»՝ ելնելով նրանից, որ ժամանակին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքները Պարսկական կայսրութեան կազմում էին, եւ այդ պետութիւնները շարունակում են մնալ «նրա պատմական եւ քաղաքական շահերի գօտում»: Հետեւաբար, Թեհրանում քաղաքական գրգռւածութեան բարձրացման պատճառ է դառնում Բաքւի եւ Անկարայի ռազմաքաղաքական դաշինքը՝ հաշւի առնելով Իրանում բնակւող եւ իրենց ադրբեջանցի համարող միլիոնաւոր մարդկանց գործօնը:

Այսինքն, բոլոր «ցաւոտ տեղերը», որոնք նորմալ պայմաններում Ադրբեջանում եւ Իրանում նախընտրում են չնշել, սկսել են ջրի երես դուրս գալ, եւ վտանգն այն է, որ դա կարող է յանգեցնել երկու երկրներում ներքաղաքական բնոյթի բարդութիւնների: Այսպէս, Բաքւի հասցէին արդէն սպառնալիքներ են հնչում Իրանի մզկիթներում, որոնց պատճառն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի զօրավարժութիւններն էին եւ Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների նկատմամբ սահմանային եւ մաքսային հսկողութիւնը: Սոցիալական ցանցերում յայտնւում են տեսանիւթեր, որոնցում ԻՀՊԿ-ն տեխնիկայով ռազմական աւտոշարասիւն է տանում դէպի ադրբեջանական սահման: Բացի այդ, կոչեր կան փոխելու Ադրբեջանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքական մօտեցումը, ներառեալ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարութեան աւարտը, բանկային, էներգետիկ, առեւտրային եւ Կասպից ծովում փոխգործակցութեան զարգացման ապահովումը:

Ռուսաստանն, իհարկէ, ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը՝ գիտակցելով, որ ամէն ինչ կարող է շատ աւելի բարդ լինել, քան թւում է առաջին հայեացքից: Ցանկացած անզգոյշ քայլ կարող է խթան դառնալ իրադարձութիւնների նոր շրջադարձի համար: Այս կապակցութեամբ ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադէպերը ոչ մի կապ չունեն ղարաբաղեան հակամարտութեան հետ», եւ «խնդիրը պէտք է լուծւի բացառապէս խաղաղ, բանակցութիւնների միջոցով»: Միեւնոյն ժամանակ, Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Բայց դրա համար անհրաժեշտ է փոխել տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, որին հասնելը շատ դժւար է նոյնիսկ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման Մոսկւայի միջնորդական ջանքերով»,- եզրափակել է Տարասովը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։