Հա

Քաղաքական

23/09/2021 - 11:10

«Շատերի համար հասկանալի դարձաւ, որ Նիկոլ Փաշինեանը յեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի». Գրիգորի Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է տարածաշրջանային եւ անվտանգութեան հարցերով ռուսաստանցի քաղաքագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը:

«alikonline.ir» - 168.am-ի զրուցակիցն է տարածաշրջանային եւ անվտանգութեան հարցերով ռուսաստանցի քաղաքագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը:

 

- Երրորդ տարին է, ինչ Նիկոլ Փաշինեանն իշխանութեան ղեկին է, բազմաթիւ քաղաքական յայտարարութիւնների, զարգացումների, քայլերի եւ ամենակարեւորը՝ ծանր հետեւանքներով 44-օրեայ պատերազմի ականատեսն ենք դարձել: Ներկայումս ինչպիսի՞ն է Ձեզ թւում Նիկոլ Փաշինեանի աշխարհաքաղաքական դերը:

- Այս երեքից աւելի տարիների ընթացքում շատերի համար հասկանալի դարձաւ, որ Նիկոլ Փաշինեանը յեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի: Հայաստանն այս ընթացքում չսկսեց շարժւել բարգաւաճման ուղղութեամբ, չեն ապաակտիւացւել, այսպէս կոչւած, անցեալի կոռումպացւած անձինք։ Աւելին, երկիրը հետզհետէ զիջում է իր դիրքերը պարզապէս աշխարհագրական տեսանկիւնից: Եթէ այս ամէնը կարելի է անւանել «յեղափոխութիւն», ապա միայն մինուս նշանով: Իրականում մենք տեսնում ենք բացարձակ այլ բան՝ Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ եւ տարածաշրջանում ընդհանուր առմամբ քաոսի կտրուկ խորացում: Վարչապետին հէնց դա է յաջողւում ամենից շատ: Իսկ եթէ անձամբ նրան իրերի նման դրութիւնը լիովին ձեռնտու է, ապա երեւի թէ հէնց դա էլ նրա գլխաւոր նպատակն էր:

Այսպիսով, ինչ ունենք այստեղ ընդհանուր առմամբ եւ Հայաստանում մասնաւորապէս՝ Ադրբեջանի հետ պատերազմը ակնյայտօրէն աւարտւած չէ, նրա բանակը պատրաստ է աւելի շատ առաջ գնալ, որքան դա հնարաւոր է, Ղարաբաղի բեկորը գտնւում է անհասկանալի իրավիճակում եւ պահպանւում է միայն ռուս խաղաղապահներով, որոնց սկսում են, բառիս բուն իմաստով, տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, լրջօրէն անհանգստացել է Իրանը, անկայունութեան գործընթացին միացել է Վրաստանը, որի դերը դեռ լիովին հասկանալի չէ, Թուրքիայի նախագահ Էրդողանն ըստ էութեան առաջարկում է սեփական ծառայութիւնները իրավիճակի կարգաւորման համար: Եւ սա 2018 թւականի գարնանից սկսած կարճ ժամանակահատւածում տեղի ունեցածի ողջ ցանկը չէ: Սակայն ՀՀ վարչապետի դէմքին տիրում է միեւնոյն ժպիտը, որը խօսում է ամենի մասին: Երեւում է, նրա գրպանում նաեւ այլ, աւելի ծանր յաղթաթղթեր կան:

 

- Պատերազմից յետոյ՝ յատկապէս վերջերս, նոր փուլ է սկսւել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը յայտարարեց, որ Նիկոլ Փաշինեանը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է հանդիպել: Կարելի՞ է ասել, որ Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցութեան ուղեծրից, թէ՞ սա Մոսկւայի հետ համաձայնեցւած բնոյթ է կրում, գուցէ պատահական չէ, որ Լաւրովը կարծում է, որ տրամաբանական կը լինի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերսկսումը:

- Հայաստանը դեռ դուրս չի գալիս Մոսկւայի ազդեցութեան ուղեծրից, սակայն Նիկոլ Փաշինեանն ամենատարբեր եղանակներով հասկացնում է, որ դա հնարաւոր է ցանկացած պահի: Նրա փորձերը՝ օգտագործել վրացական գործօնը, խօսում են այն մասին, որ նա փորձարկում է նաեւ այլ տարբերակներ: Վրաստանն ակնյայտօրէն կապւած է ԱՄՆ-ի հետ, եւ դա շատ բանի մասին է խօսում, եթէ ոչ՝ ամենի:

Ի դէպ, ես դեռ 2018 թւականի գարնանն էի նշել վրացական գործօնի մասին, երբ ադրբեջանական կողմը պնդում էր, թէ Հայաստանն իբրեւ թէ յուսալիօրէն գտնւում է իր տարածաշրջանային ծուղակում: Եւ հիմա մենք տեսնում ենք ինքնին Թուրքիայի ակտիւութիւնը, որը, ըստ էութեան, Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ գրեթէ առաջին անգամ դուրս է եկել ստւերից: Թուրքիան նոյն ՆԱՏՕ-ն է, ուստի Փաշինեանի շարժումները լիովին հասկանալի են: Փաշինեանին հասկացնում են, որ իր բոլոր խնդիրները կը լուծւեն, եթէ նա հեռաւորութիւն պահպանի Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական յարաբերութիւններին, ապա այդ փաստում ինքնին որեւէ սենսացիա չկայ: Չէ՞ որ մենք յիշում ենք, որ դեռ մի քանի տարի առաջ Թուրքիան եւ Հայաստանը հասան նոյնիսկ կոնկրետ արձանագրութիւնների համաձայնեցման, այդ թւում՝ սահմանի բացման կէտը, եւ այդ ամէնը՝ «Կովկասեան հարթակ» թուրքական պրոյեկտի շրջանակում: Սակայն 2014 թւականը շատ բան փոխեց, եթէ ոչ՝ ամէն ինչ: Եւ Թուրքիայի դիրքերը փոխւեցին արմատական կերպով, այդ թւում՝ Ռուսաստանի հանդէպ, թէեւ ինքնին Էրդողանը դա դեռ նախընտրում է հրապարակային չցուցադրել: Բայց գլխաւոր խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան իրեն ներկայումս զգում է Ռուսաստանին հաւասար առանցքային պարամետրերով, այդ թւում՝ ռազմատեխնիկական, ինչը նախկինում հնարաւոր չէր պատկերացնել, յատկապէս ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Բայց այսօր տոնայնութիւնը փոխւում է, եւ ոչ թէ՝ ԽՍՀՄ-ը, այլ՝ Թուրքիան է ընդլայնում իր ազդեցութիւնը սովետական տարածքների նկատմամբ: Ժամանակը յետ է գնացել:

Ուստի Թուրքիան պատրաստ է Հայաստանին դուրս հանել Ռուսաստանի ազդեցութեան տիրոյթից՝ զգալով, որ այստեղ եւս անհնար ոչինչ չկայ: Սա Ղարաբաղում իրավիճակի վրայ ազդելու եղանակներից մէկն է: Դրանցից վերջինը, եթէ ոչինչ չյաջողւի, Ռուսաստանին պատերազմի մէջ ներքաշելն է:

 

- Հաշւի առնելով Ձեր վերոնշեալ բոլոր թեզերն Էրդողանի, Փաշինեանի քաղաքականութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ՝ ՌԴ-ում կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները, ինչպէ՞ս է Ռուսաստանը դիրքաւորւելու Հայաստանում, եւ ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լինելու ՌԴ տարածաշրջանային քաղաքականութիւնը:

- Ռուսաստանն այստեղ անում է այն ամէնը, ինչ կարող է: Յիշեցնեմ, որ ողջ աշխարհում Ռուսաստանն ունի բազմաթիւ ամենատարբեր ու ոչ պարզ պարտաւորութիւններ, որոնք նա ստիպւած է իրականացնել՝ թոյլ չտալով, որպէսզի իրավիճակը վերաճի պատերազմի: Իսկ ռուսական ֆինանսներն անսահմանափակ չեն: Ուստի ՀՀ ղեկավարութիւնը մեծապէս սխալ է վարւում՝ ներկայացնելով Մոսկւային չհիմնաւորւած դժգոհութիւններ:

Ի վերջոյ, եթէ չլիներ էուսաստանը, ապա ադրբեջանական բանակը կանգնած կը լինէր Երեւանի պատերի տակ: Իսկ հայկական զօրքերի, հրթիռների եւ այլ բաների հարւածները Ադրբեջանի տարածքում միայն կարագացնէին իրադարձութիւնների նման զարգացումը: Չհաշւած այն, որ Թուրքիան եւս կարող էր իր կողմից ներխուժել Հայաստանի տարածք: Ուստի ժամանակն է սթափ դիտարկել իրավիճակը:

Հարկ է կրկնել այն, ինչի մասին ես յաճախ ասում եմ՝ Ռուսաստանին Հարաւային Կովկասում պատերազմ՝ իր կողքին, պէտք չէ որեւէ պարագայում: Ինչ էլ որ չասեն որոշ հայ մեկնաբաններ՝ համարելով, որ Ռուսաստանը խաղում է թուրքերի կողմից: Ռուսաստանը չի կարող լինել ոչ այս, ոչ միւս կողմում, քանի որ անհաւասարակշռութիւնը դէպի հայկական կամ ադրբեջանական կողմ նրան կը ներքաշի պատերազմի մէջ: Բայց Հայաստանին էլ յանձնել նա չի կարող: Եւ նոյնիսկ ոչ այդ երկրի նկատմամբ մեծ սիրոյ պատճառով, այլ աշխարհաքաղաքական սխեմաների պատճառով: Ուստի ներկայումս ՌԴ-ն ամենահնարաւորն անում է: Նրանից աւելին պահանջելը նոյնն է, ինչ տարածաշրջանը հարիւրամեայ պատերազմի մէջ ներքաշելը:

 

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել տարածաշրջանում բոլոր ուղղութիւններով ապաշրջափակման ուղղութեամբ: Ներկայումս դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ի՞նչ գնով:

- Հայաստանը, որպէս այդպիսին, տարածաշրջանում ողջ տարանցիկ-տրանսպորտային ենթակառուցւածքի ապաշրջափակման կարիք ունի, այստեղ քննարկելու բան չկայ: Բայց գլխաւոր խնդիրն այն է, որ գործնականում դա դժւար թէ հնարաւոր լինի՝ առանց հայկական տարածքը գօտիների, կտորների կամ որոշ մասերի բաժանելու: Ի վերջոյ, այս բոլոր կտրւածքներն անցնելու են նրա հողի վրայով: Ի դէպ, հետագայում աւելի հեշտ կը ինի այդ գօտիներն օտարելը: Բայց այստեղ անելիք չկայ, քանի որ ոչ թէ Հայաստանը, այլ Ադրբեջանը եւ նրա յետեւում կանգնած Թուրքիան յաղթեցին աշնանային պատերազմում: Իսկ յաղթողը, ինչպէս յայտնի է պատմութիւնից, սովորաբար թելադրում է իր պայմանները: Եթէ Հայաստանը չգնայ սեփական տարածքները բոլոր միջանցքների համար տրամադրմանը, ապա պատերազմի շարունակութիւնն անխուսափելի է եւ արդէն բոլորի համար աւելի ծանր հետեւանքներով: Ռուսաստանը ցանկացած պարագայում չի թողնի Հայաստանին, եթէ նոյնիսկ ոչ միշտ է կարողանում ինչ-որ բան ուղիղ ասել Բաքւին կամ Անկարային: Եթէ Ռուսաստանը թողնի Հայաստանին, աշխարհը գլխիվայր շուռ կը գայ, էլ չասած Հարաւային Կովկասը:

Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաները կարող են ապաշրջափակելու անհրաժեշտութեան մասին խօսել այն, ինչ հնարաւոր է՝ ծանօթ ոճով. «Այո, պէտք է, կը մտածենք, կը տեսնենք», եւ այլն: Բայց Ադրբեջանն այլեւս չի սպասի, եւ դա գործնականում ցոյց է տալիս բոլոր հնարաւոր, մինչ այժմ՝ ոչ ռազմական մեթոդներով:

Հետեւաբար, թող Մհեր Գրիգորեանը հայ երեխաների փոխարէն նստի միկրոաւտոբուս եւ անցնի Գորիս-Կապան աւտոճանապարհով: Թող այժմ նախարարներն ուղեկցեն բոլոր փոխադրումներն այս երթուղով։ Գուցէ այդպէս թէկուզ ինչ-որ բան տեղից շարժւի:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։