Հա

Քաղաքական

26/09/2021 - 12:00

Հայ-թուրքական «ջերմացում»՝ Պուտին-Էրդողան Սոչիում կայանալիք հանդիպմանն ընդառաջ

«168 ժամ»-ի հետ զրոյցում ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին նշեց, որ սեպտեմբերի վերջին Սոչիում նախատեսւող Պուտին-Էրդողան բանակցութիւնները չափազանց կարեւոր են լինելու, ինչպէս նաեւ այն ինչ-որ առումով լոյս է սփռելու հայ-թուրքական հնարաւոր զարգացումների վրայ: Նախ, ըստ նրա, հարկ է արձանագրել, որ հանդիպումը տեղի է ունենում ռուս-թուրքական ոչ այնքան սրացման, որքան որոշակի տհաճ մթնոլորտում: 

«alikonline.ir» - Թուրքական կողմը սկսում է հրապարակային դիւանագիտութեամբ գնահատել հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու ՀՀ իշխանութիւնների ջանքերը: Մինչ Նիւ Եօրքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ամենակարեւոր ու հետաքրքիր հանդիպումները, հայ-թուրքական հեռակայ երկխօսութիւնը նոր նրբերանգներ է ստանում: Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը, ով օրեր առաջ, շատ փորձագէտների որակմամբ, գաղտնազերծեց Ղարիբաշւիլիի միջնորդութեամբ Նիկոլ Փաշինեանի առաջարկը՝ հանդիպել, այն պայմանաւորելով, այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքի հարցում հայկական կողմի համաձայնութեամբ, Նիկոլ Փաշինեանի փոխանցած ուղերձները դրական է որակում:

«Մենք ունենք համագործակցութեան տարբերակ, որն անւանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանից։ Դրական ուղերձների հետ մէկտեղ՝ մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում այս հարցում»,- ասել է Ռեջեփ Էրդողանը թուրքական լրատւամիջոցներին օդանաւում՝ Միացեալ Նահանգներից Թուրքիա վերադառնալու ճանապարհին տւած հարցազրոյցում՝ յաւելելով, որ այս հարցը քննարկւելու է Ռուսաստանի նախագահի հետ այս ամիս Սոչիում կայանալիք բանակցութիւններին։

Իր հերթին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն ադրբեջանական Report-ի հետ զրոյցում յայտարարել է, թէ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի վարչապետ ընտրւելուց ու կառավարութեան ձեւաւորումից յետոյ դրական ազդակներ է հնչեցրել։ «Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- ասել է Չաւուշօղլուն՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ վերաբերում է հետագայ քայլերին, գործելու են Ադրբեջանի հետ համատեղ։ «Մեր ձգտումն է՝ կարգաւորել յարաբերութիւնները։ Բնական է, այդ հարցում կարեւոր են եւ Հայաստանի քայլերը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղութեան պայմանագիր ստորագրել։ Կարծում եմ, որ օգտաւէտ կը լինէր նաեւ բանակցութիւններ սկսել այդ կապակցութեամբ։ Իհարկէ, այդ ուղղութեամբ մենք քայլեր կը ձեռնարկենք Ադրբեջանի հետ համակարգւած, եւ եթէ պայմանները բաւարարւեն, ապա ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան կարող են բացել սահմանները, եւ այդ դէպքում յարաբերութիւնները կը կարգաւորւեն։ Սակայն այդ հարցում Հայաստանը չպէտք է սահմանափակւի խօսքերով, այլ պէտք է գործողութիւններ ու արդիւնքներ տւող քայլեր ձեռնարկի»,- յստակօրէն ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

ՀՀ իշխանութիւնների բազմաթիւ հրապարակային պնդումներից յետոյ, թէ միջանցքային տրամաբանութիւնն ընդունելի չէ հայկական կողմի համար, Անկարան շարունակում է նախապայմաններ թելադրել, դէմ չլինելով ըստ էութեան գործընթացի, որում հայկական կողմը պէտք է համաձայնի Ադրբեջանն ու Նախիջեւանը միմեանց կապող միջանցքին, ինչպէս նաեւ երկրորդ փուլով Ադրբեջանի հետ Խաղաղութեան համաձայնագրին ադրբեջանական սցենարով: Չնայած սրան, Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը նախօրէին ասաց՝ բոլոր գոյութիւն ունեցող հարցերը քննարկելի են, բայց նախապայմաններով յարաբերութիւններ սկսելը շատ դժւար կը լինի:

«Հայկական կողմը բազմիցս յայտարարել է, նոյնիսկ մեզանից առաջ, նախկին իշխանութիւնները, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները պէտք է կարգաւորել առանց նախապայմանների, որովհետեւ, եթէ նախապայմաններ են լինում, դժւար է լինում որեւէ հարցում առաջ գնալ: Մենք յոյս ունենք, որ յարաբերութիւնների կարգաւորումը կը լինի առանց նախապայմանների եւ հնարաւորութիւն կը լինի երկխօսութեան»,- նշեց Գրիգորեանը: Նա ասաց՝ ընտրութիւններից առաջ եւ յետոյ իրենք խօսել են տարածաշրջանում խաղաղութեան հաստատման մասին. «Այդ տրամաբանութեան շրջանակներում նաեւ պէտք է կարգաւորենք յարաբերութիւնները Թուրքիայի հետ, որը պէտք է լինի աստիճանական»:

Ի դէպ, թէ ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օւերչուկը, թէ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը վերջերս նշեցին, որ փոխվարչապետերի եռակողմ յանձնաժողովը որեւէ միջանցքի հարց չի քննարկում:

«168 ժամ»-ի հետ զրոյցում ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին նշեց, որ սեպտեմբերի վերջին Սոչիում նախատեսւող Պուտին-Էրդողան բանակցութիւնները չափազանց կարեւոր են լինելու, ինչպէս նաեւ այն ինչ-որ առումով լոյս է սփռելու հայ-թուրքական հնարաւոր զարգացումների վրայ: Նախ, ըստ նրա, հարկ է արձանագրել, որ հանդիպումը տեղի է ունենում ռուս-թուրքական ոչ այնքան սրացման, որքան որոշակի տհաճ մթնոլորտում: 

«Ինչպէս գիտէք, թուրքական կողմը Ղրիմի վերաբերեալ որոշ տհաճ յայտարարութիւններ արեց, Սիրիա նոր ուժեր ուղարկեց, դրանք, բնականաբար, բացասաբար են ընկալւում Մոսկւայի կողմից: Միւս կողմից՝ Էրդողանն ակնարկեց, որ Բայդէնի հետ աշխատանքն այդքան էլ հարթ չի ընթանում, եւ յստակ նշեց ամերիկեան կողմի համար, որ Ռուսաստանի հետ S-400-ների գործարքն աւարտւած է, որոշ դժգոհութիւններ ուղիղ տեքստով նշեց: Այս ամենի միւս կողմն էլ այն է, որ կան տարաձայնութիւններ, բայց Միացեալ Նահանգները Հարաւային Կովկասում, Աֆղանստանում վստահում է Թուրքիային: Ուստի պէտք է շատ լաւ հասկանալ գործընթացը, որ ամէն ինչ չէ, որ Ռուսաստանի համար կանխատեսելի ու վերահսկելի է: Թուրքիան այնուամենայնիւ հրապարակային դեռ խաղում է երկու ճամբարում՝ ունենալով իր առանձին յաւակնութիւնները, որոնց մասին ես ամէն առիթով խօսում եմ՝ դա Մեծ Թուրանի ծրագիրն է, որը գուցէ անիրականանալի է, սակայն Թուրքիան շարժւում է դէպի դա, եւ այդ միջանցքը շատ կարեւոր հանգրւան է այդ ճանապարհին»,- նման կարծիք յայտնեց վերլուծաբանը:

Ըստ նրա, ռուս-թուրքական յարաբերութիւնների մի ենթաբաժինը հարաւկովկասեան տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող զարգացումներն են, որտեղ կան նաեւ այլ խաղացողներ, ինչպիսին Իրանն է, Վրաստանը:

«Որքան էլ Ռուսաստանն ու Թուրքիան են դոմինանտ, սակայն ներկայիս դինամիկան պահանջում է աւելի լայն աշխատանք, եւ երեւում է, որ այն ընթանում է՝ ՌԴ-ն աշխատում է նաեւ Իրանի հետ, Թուրքիան՝ Իրանի ու Վրաստանի, չեմ խօսում Հայաստանի ու Ադրբեջանի մասին, որոնք իրենց աւանդական տարածաշրջանային կապերն օգտագործում են: Ուստի, կարծում եմ, այս լայն դասաւորութիւնը կը քննարկւի, ինչպէս նաեւ նոյեմբերի 9-ի յայտարարարութեան իրագործման հարցը, որից յետոյ, կարծում եմ՝ շատ աւելի ակնյայտ ձեւակերպումներ կը լինեն նաեւ հայ-թուրքական հնարաւոր նորմալացման կամ կարգաւորման մասով»,- ասաց վերլուծաբանը, յաւելելով՝ ռուս-թուրքական Սոչիում սպասւող բանակցութիւնները բաւականին յագեցած են լինելու:

Իր հերթին՝ վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշւիլին «168 ժամ»-ի հետ զրոյցում ասաց, որ բացի մեր տարածաշրջանից, Ռուսաստանն ու Թուրքիան աւելի կարեւոր օրակարգեր ունեն այս պահին առնւազն Աֆղանստանում, Ղրիմում ու Սիրիայում, ինչպէս նաեւ իւրաքանչիւրը՝ Արեւմուտքի հետ յարաբերութիւններում: 

«Որքան էլ վատ է այս տարածաշրջանի համար, սակայն այս տարածաշրջանը սովորաբար նման մեծ աշխարհաքաղաքական հաշիւների շրջանակում տուժում է: Այնուամենայնիւ իմ կանխատեսումն այն է, որ հանդիպումից յետոյ այս պահի տպաւորութեամբ լարւածութիւնը թուլանալու է եւ ընդհանուր առմամբ փոխըմբռնում է լինելու յատկապէս Հարաւային Կովկասում, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան անլուծելի խնդիրներ չունեն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական յարաբերութիւններին, ապա կան նախանշաններ, որ կը լինի գործընթաց, բայց թէ դա ինչ մակարդակի նորմալացում կը լինի, կը դժւարանամ ասել, քանի որ հիմնական կանխատեսումը, որ ես լսում եմ եւ համարում եմ հնարաւոր, այն է, որ լիարժէք կարգաւորում միանգամից հնարաւոր չէ»,- ասաց նա:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։