Հա

Քաղաքական

28/09/2021 - 10:00

«Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիեւը չի վերադարձել վերջին հայ ռազմագերուն». The National Interest

Ձեռներեցութեան ամերիկեան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակաւոր The National Interest հանդէսում հրապարակել է Արցախեան երկրորդ պատերազմի վերաբերեալ ծաւալուն յօդւած՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարաւային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մէկ տարին» վերտառութեամբ:

«alikonline.ir» - Ձեռներեցութեան ամերիկեան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակաւոր The National Interest հանդէսում հրապարակել է Արցախեան երկրորդ պատերազմի վերաբերեալ ծաւալուն յօդւած՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարաւային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մէկ տարին» վերտառութեամբ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Մէկ տարի առաջ այս օրը, ադրբեջանական բանակը, թուրքական յատուկ ջոկատների եւ սիրիացի ջիհադականների աջակցութեամբ, որոնք հանդէս էին գալիս որպէս թուրք վարձկաններ, անակնկալ յարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի վրայ, որը Հայաստանը վերահսկում էր 1988-94թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի աւարտից ի վեր: Մինչ Ադրբեջանն իր գործողութիւնները հիմնաւորում էր նրանով, որ միջազգային հանրութիւնը ճանաչել է տարածքը որպէս ադրբեջանական, իրավիճակն իրականում աւելի բարդ էր: Իրաւական առումով, առնւազն Վաշինգտոնի տեսանկիւնից, Ադրբեջանի դէպքն այդքան էլ պարզ չէ, ինչպէս պնդում են նրա կողմնակիցները: Նախ, Միացեալ Նահանգները շարունակում են ճանաչել Հայաստանի Հանրապետութիւնը որպէս օկուպացւած երկիր, այն բանից յետոյ, երբ Իոսիֆ Ստալինն աղաւաղեց երկրի սահմանները եւ այն ներառեց Խորհրդային Միութեան կազմում: Բացի այդ, երբ 1991-ին Ադրբեջանը վերահաստատեց իր անկախութիւնը Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, նրա խորհրդարանը դա արեց՝ հիմնւելով Ադրբեջանի առաջին անկախ հանրապետութեան սահմանների վրայ, այլ ոչ թէ հետագայում ստեղծւած Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան տարածքի վրայ: Եւ երրորդ, ինքնավար մարզի բնակչութիւնը քւէարկել էր Ադրբեջանի վերահսկողութիւնից դուրս գալու համար. քայլ, որը սահմանադրօրէն վաւեր է»,- գրում է հեղինակը:

Այնուհետեւ Ռուբինն անդրադառնում է ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեանը:

«Թէեւ ադրբեջանցի դիւանագէտները կարող են ասել, որ առաջընթացը չկար, դա սուտ է. Մինսկի խմբի ներսում լայն կոնսենսուս կար խաղաղապահների, ամենայն հաւանականութեամբ, սկանդինաւեան երկրներից ուղարկելու, ինչպէս նաեւ, վստահութեան աճի ֆոնին, Հայաստանի կողմից «օկուպացւած ադրբեջանական շրջանների» (չակերտները՝ Tert.am) վերադարձի վերաբերեալ: Անկախ ամէն ինչից՝ Պետդեպարտամենտն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի կողմից յարձակման հրաման տալուց վեց ամիս առաջ, հրաժարւել է կասեցնել Ազատութեան աջակցութեան մասին օրէնքի 907-րդ յօդւածի այն դրոյթները, որոնք հնարաւորութիւն են տալիս ԱՄՆ-ին օգնութիւն տրամադրել Ադրբեջանին: Այդ հրաժարման հիմքը եղել է դիւանագիտական գործընթացին Ադրբեջանի յանձնառութիւնը:

Այն, որ Ադրբեջանն իր յարձակմամբ զարմացրեց ոչ միայն հայերին, այլեւ ամերիկացիներին, մնում է հետախուզական ձախողում, որը մինչ այժմ Կոնգրեսը եւ ԱՄՆ-ի հետախուզութեան լայն շրջանակները չեն կարողացել հետաքննել: Բացի այդ, ոչ մի ազնիւ վերլուծաբան չի կարող անտեսել այն փաստը, որ ներխուժումը համընկել է Հայոց Ցեղասպանութեան ֆոնին անկախ Հայաստան Օսմանեան կայսրութեան ներխուժման հարիւրամեակի հետ: Սա պատահականութիւն չէր, այլ միտումնաւոր քայլ: Պարզ ասած, Ադրբեջանի եւ Թուրքիայի քայլը բացման պատրւակ հանդիսացաւ այն ամենի համար, ինչ երկու երկրների ղեկավարները յոյս ունէին վարածելու երկրորդ Հայոց Ցեղասպանութեան:

Ներխուժումից յետոյ Պետդեպարտամենտը երկու պետքարտուղարներ Մայք Պոմպէոյի, իսկ այնուհետեւ Էնթոնի Բլինքէնի կողմից Միացեալ Նահանգներին յանձնառու պահեց դիւանագիտութեանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆէրը վերադարձաւ տարածաշրջան՝ փորձելով վերսկսել դիւանագիտութիւնը: Ցաւօք, ոչ Շոֆէրի մեղքով, Բլինքէնը եւ նախագահ Ջօ Բայդէնը ձախողեցին դա: Բայդէնը ճիշտ էր, որ պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: Սակայն յաջորդ օրը Բլինքէնը կրկին հանգիստ հրաժարւեց 907-րդ յօդւածից՝ փաստացի պարգեւատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար (ԱՄՆ երկարաձգել է «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդիւնքում Վաշինգտոնը շարունակել է ուղիղ օգնութիւն ցուցաբերել Ադրբեջանին, ներառեալ ռազմական-Tert.am): Բլինքէնի այս քայլն ԱՄՆ օրէնքի խախտում էր՝ չնայած Կոնգրեսը չափազանց շեղւած էր նրան պատասխանատւութեան ենթարկելու եւ յօդւածից հրաժարումը չեղարկելու համար»,- շարունակում է Ռուբինը:

Նա նկատում է, որ անցած վեց ամիսների կարճ հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ դիւանագիտութեանը վերադառնալուց հեռու՝ ամերիկեան պասիւութիւնն Ադրբեջանին հնարաւորութիւն է տւել մեծացնել իր ագրեսիան: Հեղինակը պատմում է ադրբեջանցի զինւորականների կողմից Արցախում ագրեսիւ գործողութիւնների, ինչպէս նաեւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ու չհեռանալու, ՀՀ սահմաններին հայ զինւորներին սպանելու, գերեվարելու մասին: Ըստ Ռուբինի՝ մինչ Բայդէնի վարչակազմը լռում էր, Ադրբեջանը մեծացնում էր յարձակումների ուժգնութիւնը:

Խօսելով Ադրբեջանում պահւող եւ կտտանքների ենթարկւող հայ ռազմագերիների մասին՝ Ռուբինը գրում է, որ թէեւ Պետդեպարտամենտը կարող է ժամանակ առ ժամանակ նրանց վերադարձի կոչեր անել, բայց Ադրբեջանի իշխանութիւնները մերժում են դրանք:

«Ի վերջոյ, երբ Բլինքէնը հրաժարւում է Ադրբեջանի դէմ պատժամիջոցներից, որպէսզի թոյլ տայ ամերիկեան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պէտք է Ալիեւը լրջօրէն վերաբերւի ամերիկեան յայտարարութիւններին: Եւ ոչ էլ Բայդէնը կամ Բլինքէնը չեն կարող ակնկալել, որ Ռուսաստանը կամ Թուրքիան լուրջ վերաբերւեն իրենց, երբ Բլինքէնը չի պահանջում, որ Ռուսաստանը հրապարակի իր խաղաղապահ եւ մոնիտորինգային զեկոյցները, ինչը, որպէս Մինսկի խմբի անդամ, իրաւաբանօրէն պարտաւոր է անել: Բացի այդ, Բայդէնը դեռեւս Թուրքիայի դէմ չի ձեռնարկել էական գործողութիւններ՝ անօդաչու թռչող սարքերում ամերիկեան բաղադրիչների օգտագործման համար, որոնք ուղղւած էին ոչ միայն հայերի, այլեւ քրդերի եւ, թերեւս, Տիգրայի քրիստոնեաների դէմ:

Բայդէնն ու Բլինքէնը կարող են անտարբեր լինել ամերիկեան հեղինակութեան նկատմամբ, բայց դա միակ հարցը չէ, որ վիճարկւում է Հարաւային Կովկասում: Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակումը՝ աւելի քան մէկ դար առաջ Օսմանեան կայսրութեան նախագիծը շարունակելու համար: Լռութիւնը խրախուսում է նրանց եւ միւսներին: Իրենց ձեռնարկած էթնիկ զտումների նախադէպը եւ դրան լուրջ արձագանգի բացակայութիւնը կարող են ապակայունացնել Հարաւային Կովկասից այն կողմ գտնւող տարածքները: Ամերիկեան լռութիւնն առկայ է նաեւ թուրք եւ ադրբեջանցի սիրիացի ջիհադականների օգտագործման հարցում: Բայդէնը եւ Բլինքէնը պէտք է ցոյց տան, որ սա կարմիր գիծ է: Իմաստ չունի նաեւ Ադրբեջանին ֆինանսապէս պարգեւատրելը, երբ այն այլեւս այն կայուն, հանդուրժող դաշնակիցը չէ, ինչպէս ժամանակին կարծում էր Վաշինգտոնը, այլ ընդարձակում է բիզնեսը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի հետ: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիեւը չի վերադարձել վերջին հայ ռազմագերուն, փոխհատուցում չի վճարել իր ագրեսիայի համար եւ պատասխանատւութեան չի ենթարկել իւրաքանչիւր ադրբեջանցի զինւորի՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու համար»,- եզրափակել է Ռուբինը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։