Հա

Քաղաքական

28/09/2021 - 10:05

«Ազատ արձակել մնացած բոլոր գերիներին եւ առանց յետաձգման վերադարձնել նրանց Հայաստան». ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտութեան հումանիտար հետեւանքների վերաբերեալ բանաձեւ է ընդունել

Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ընդունւեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հումանիտար հետեւանքների վերաբերեալ ԵԽԽՎ բանաձեւը։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը։ 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ընդունւեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հումանիտար հետեւանքների վերաբերեալ ԵԽԽՎ բանաձեւը։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը։ Գրում է Tert.am-ը:

«Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անւանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագհը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից) մեզ յաջողւեց փոխել բանաձեւի վերնագիրը եւ բանաձեւի տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւն» բառակապակցութիւնը, ինչը շատ կարեւոր է։

Ադրբեջանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնները դէմ քւէարկեցին բանաձեւին։

Բանաձեւի՝ մեզ համար կարեւոր արձանագրումները հետեւեալն են․

- Վեհաժողովը նշում է, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, 2001 թւականի յունւարին Եւրոպայի խորհրդին անդամակցելով, պարտաւորւել են հակամարտութիւնը կարգաւորել բացառապէս խաղաղ միջոցներով: Հետեւաբար 2020 թւականի վեցշաբաթեայ պատերազմը հանդիսանում է այդ պարտաւորութիւնների խախտում եւ պէտք է պատշաճ արձագանգ ստանայ Եւրոպայի խորհրդի կողմից:

- Վեհաժողովն, այնուամենայնիւ, նշում է Նախարարների կոմիտէին 2021 թւականի մարտի 16-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի փոխանցած մտահոգութիւնները` կապւած Ադրբեջանի կողմից գերեվարւած 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը յետ են վերադարձւել Հայաստան): Այս կապակցութեամբ Վեհաժողովը.

- գտնում է, որ Եռակողմ յայտարարութեան 8-րդ յօդւածի յստակ նպատակը բոլոր կալանաւորւած անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մէկի կամ միւսի կողմից վերագրւող կարգավիճակի տարբերութեան;

- խորապէս մտահոգւած է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերութեան մէջ եւ նրանց ներկայիս գտնւելու վայրի մասին որեւէ տեղեկատւութեան բացակայութեամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկւել են հարկադիր անհետացման եւ, հնարաւոր է, սպանւել;

- կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին արագացնել հետաքննութիւնն այս հարցի շուրջ եւ համապատասխան տեղեկատւութիւն տրամադրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին եւ Հայաստանին;

- շարունակում է մտահոգւել եռակողմ յայտարարութիւնից յետոյ գերեվարւած շուրջ 45 հայերի կալանաւորման պայմանների կապակցութեամբ, որոնք դեռ գերութեան մէջ են, որոնցից շատերը ենթարկւել կամ ենթարկւում են արագացւած քրէական դատավարութիւնների, ինչը վեր է հանում Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի արդար դատավարութեան անհրաժեշտութեան խնդիրները;

- կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին եւ առանց յետաձգման վերադարձնել նրանց Հայաստան;

- խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եւրոպական կոմիտէին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնաւոր մուտքի իրաւունք;

- վկայակոչում է մտահոգիչ ապացոյցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնութեամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին;

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից նրանց, ովքեր մնացել կամ վերադարձել են, Վեհաժողովը.

- խորապէս ափսոսում է տարածաշրջանից միջազգային հանրութեան բացակայութեան կապակցութեամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ անհամաձայնութեան պատճառով, այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձեւը «Անսահմանափակ մուտք դէպի անդամ պետութիւններ, ներառեալ՝ «գորշ գօտիները», Եւրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների մոնիտորինգային մարմինների կողմից» եւ յիշեցնում է Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնների իրաւական պարտաւորութիւնները՝ լիարժէք եւ բարեխղճօրէն համագործակցել մարդու իրաւունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառեալ Եւրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մեխանիզմները;

- յիշեցնում է, որ Եւրոպայի խորհրդի տարածքում գտնւող բոլոր անձինք, այդ թւում՝ հակամարտութիւնների գօտիներում բնակւող, Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայով ունեն լիարժէք պաշտպանութեան հաւասար իրաւունք, այդ թւում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով;

- կիսում է նրանց լքւածութեան զգացումը եւ ընդգծում նրանց մտահոգութիւնը սահմանային միջադէպերի, ադրբեջանական զօրքերի մօտ գտնւելու եւ կրակոցների կանոնաւոր հնչելու կապակցութեամբ;

- նշում է այն դժւարութիւնները, որոնց նրանք բախւում են ապրուստի միջոցների, պատերազմի հետեւանքով հասցւած վնասի վերականգնման եւ վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպէս նաեւ մարդու հիմնարար իրաւունքների պաշտպանութեան առումով;

- կոչ է անում ներգրաււած բոլոր պետութիւններին ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպութիւնների եւ զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Վեհաժողովը լրջօրէն մտահոգւած է 2021 թւականի մայիսից սահմանի տարբեր կէտերում միջադէպերի թւի աւելացմամբ։ Եղել են սպանւածներ եւ վիրաւորներ, գերի են վերցւել հայ զինւորներ։

- դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնաւորապէս՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ դատապարտում է վեցշաբաթեայ պատերազմի ժամանակ մշակութային ժառանգութեանը միտումնաւոր հասցւած վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշայում/ Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածւած գնդակոծութիւնը, ինչպէս նաեւ հակամարտութեան ընթացքում եւ դրանից յետոյ այլ եկեղեցիների ու գերեզմանների աւիրումը կամ վնասումը;

- նախկին աւերածութիւնների լոյսի ներքոյ՝ շարունակում է մտահոգւել բազմաթիւ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թւում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի եւ մշակութային ժառանգութեան այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ;

- իր մտահոգութիւնն է յայտնում Ադրբեջանում զարգացող «Կովկաս-Ալբանական» ժառանգութիւնը քարոզող յօրինւածքի վերաբերեալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարւում է «հայկական» մշակութային ժառանգութիւն;

- առաջարկում է ԻՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող յօրինւածքը, որը քարոզում է «Կովկասեան ալբանացիների» ժառանգութիւնը, համոզւելու համար, որ այն չի շահարկւում կողմերից մէկի կողմից;

- ատելութեան խօսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպէս նշում է Ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ պայքարի Եւրոպական յանձնաժողովն իր զեկոյցներում, մասնաւորապէս Ադրբեջանի վերաբերեալ, որը քննադատութեան է ենթարկւել նաեւ Ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան շրջանակային կոնւենցիայի հարցերով Խորհրդատւական կոմիտէի կողմից;

- Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արւում են յայտարարութիւններ, որոնք շարունակում են անընդունելի ձեւով ներկայացնել հայերին։ Այսպէս կոչւած, «Ռազմավարի պուրակը» Բաքւում լուրջ անհանգստութիւն է յարուցում, եւ Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարւած եւ կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականութեան մակարդակը եւ տեղ չպէտք է ունենայ հասարակութիւնում կամ թանգարանում;

- Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած եւ ազդւած տարածաշրջան միջազգային կազմակերպութիւնների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ եւ կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն;

- Ուստի, Վեհաժողովը Նախարարների կոմիտէին առաջարկում է հետեւել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2021 թւականի մարտի 16–ի Նախարարների կոմիտէին արւած ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերեալ եւ նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը»,- ասւում է գրառման մէջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։