Print this page
30/09/2021 - 08:25

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն յայտարարել է, որ կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը

Նախկին հանրապետական սենատոր Ջէֆ Ֆլէյքը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի յաջորդ դեսպանի թեկնածուն, Օսմանեան կայսրութեան կողմից հայերի դէմ իրականացւած զանգւածային ոճրագործութիւնները պաշտօնապէս ճանաչել է որպէս Ցեղասպանութիւն՝ հակադարձելով այդ հարցի վերաբերեալ իր նախկին դիրքորոշմանը:

«alikonline.ir» - Նախկին հանրապետական սենատոր Ջէֆ Ֆլէյքը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի յաջորդ դեսպանի թեկնածուն, Օսմանեան կայսրութեան կողմից հայերի դէմ իրականացւած զանգւածային ոճրագործութիւնները պաշտօնապէս ճանաչել է որպէս Ցեղասպանութիւն՝ հակադարձելով այդ հարցի վերաբերեալ իր նախկին դիրքորոշմանը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Thenationalnews.com-ը:

Ֆլէյքը հաստատակամօրէն «այո» է պատասխանել, երբ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդէսը հարցրել է՝ արդեօք նա փոխել է իր դիրքորոշումը եւ պատրաստ է «միանալ այս մարմնին եւ վարչակազմին՝ Հայոց Ցեղասպանութիւնը վերահաստատելու համար»:

Աղբիւրը յիշեցնում է, որ թէ՛ Ներկայացուցիչների պալատում եւ թէ՛ Սենատում եղած ժամանակ՝ 2005, 2007, 2010 եւ 2014 թւականներին, Ֆլէյքը դէմ է քւէարկել Ցեղասպանութեան մասին Կոնգրեսի օրինագծերին:

Բացի այդ, Ֆլէյքն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտութեանը՝ Թուրքիայի դերը բնութագրելով որպէս ապակայունացնող:

«Եթէ թեկնածութիւնս հաստատւի, կը խրախուսեմ Թուրքիային աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան կայուն, երկարաժամկէտ լուծում գտնելու ջանքերին եւ կը խրախուսեմ Արեւելեան Միջերկրական ծովում տարաձայնութիւնների խաղաղ եւ դիւանագիտական լուծումների հարցում»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր