Հա

Քաղաքական

02/10/2021 - 12:30

Ձեզ քարտ բլանշ չենք տւել

Սոյն յօդւածը իրանական «Քէյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի «Առաջնորդող»ն է։ «Քէյհան»ը Իրանի հոգեւոր առաջնորդին եւ անվտանգային կառոյցներին մօտ կանգնած պարբերական է, որի գլխաւոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթ. Ալի Խամենէին: Վստահօրէն կարելի է պնդել, որ այս յօդւածը ներկայացնում է Իրանի հոգեւոր առաջնորդի աշխատակազմի եւ անվտանգային կառոյցների մօտեցումներն ու դիրքորոշումները՝ ՀՀ հարաւային սահմաններում ծաւալւող իրադարձութիւնների վերաբերեալ:

Սոյն յօդւածը իրանական «Քէյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի «Առաջնորդող»ն է։ «Քէյհան»ը Իրանի հոգեւոր առաջնորդին եւ անվտանգային կառոյցներին մօտ կանգնած պարբերական է, որի գլխաւոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթ. Ալի Խամենէին: Վստահօրէն կարելի է պնդել, որ այս յօդւածը ներկայացնում է Իրանի հոգեւոր առաջնորդի աշխատակազմի եւ անվտանգային կառոյցների մօտեցումներն ու դիրքորոշումները՝ ՀՀ հարաւային սահմաններում ծաւալւող իրադարձութիւնների վերաբերեալ:

Յօդւածի հեղինակ Սաադօլլահ Զարէին «Նուր» ռազմավարական ուսումնասիրութիւնների ուղեղային կենտրոնի ղեկավարն է, ով եղել է Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի արտասահմանեան ռազմական գործողութիւնների զօրքերի նախկին հրամանատար գեներալ-լէյտենանտ Ղասեմ Սոլէյմանիի մտերիմներից։ Յօդւածագրի դիրքն ինքնին յուշում է յօդւածում հնչած մտքերի կարեւորութեան մասին։

 

Ձեզ քարտ բլանշ չենք տւել

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Իրանի հիւսիս-արեւմտեան սահմաններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Իսրայէլի միջեւ անտեսանելի դաշինքի ձեւաւորում է, որի նպատակն է աշխարհաքաղաքական տեղաշարժ առաջացնել Իրանի եւ Ռուսաստանի դէմ՝ ռազմավարական հետեւանքներով: Այս կապակցութեամբ կան մի քանի դիտարկումներ.

1. Ադրբեջանի Հանրապետութեան ռազմական ուժերը փակել են Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանում, եւ թոյլ չեն տալիս իրանական բեռնատարներին անցնելու Հայաստանով, ինչը Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան ոտնահարում է, եւ եթէ այն շարունակւի, ի վերջոյ կը նւազեցնի Իրանի դերը տարածաշրջանում: Միեւնոյն ժամանակ, հիւսիսային սահմաններին լարւածութիւնը կարող է տարածւել մինչեւ Կասպից ծովի աւազանը:

Այս փոխազդեցութիւններին զուգահեռ՝ մասմեդիան եւ ոչ ֆորմալ պաշտօնական շրջանակները, որոնք, իրականում, Ադրբեջանի Հանրապետութեան պաշտօնական տեսակէտն են արտայայտում, թշնամական եւ, նոյնիսկ, մանկական բառապաշար են օգտագործում (Իրանի դէմ): Մինչդեռ մենք, նւաստացնել չցանկանալով, չենք կարող համեմատել այս Հանրապետութեան չափերը Իրանի չափերի եւ այն ամենի հետ, ինչը չափում է աշխարհագրական միաւորը: Որովհետեւ դա փղի եւ մրջիւնի համեմատութիւն է: Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ այս բոլորի յետեւում կայ չարամիտ մի հոսանք, որն Ադրբեջանի Հանրապետութիւնում ոմանց թոյլ է տալիս յոխորտալ:

2. Իրանի եւ Հայաստանի միջեւ 21 կմ սահամանի վերացում, որը, հաւանաբար, տեղի կունենայ Հայաստանի Սիւնիքի մարզի Ադրբեջանին յանձնումով, բարդացնելու է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Կովկասում: Հաշւի առնելով Թուրքիայի ռասիստական հակումները եւ Կասպից ծովի արեւելեան ու արեւմտեան ափերի նկատմամբ նրա նկրտումները, ինչպէս նաեւ՝ վերջին երեք տասնամեակների ընթացքում Իսրայէլի ազդեցութիւնը Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետութիւններում, որն ունի նաեւ ռազմական բնոյթ եւ այս տխրահռչակ ռեժիմին վերածել է վերոնշեալ Հանրապետութիւնների զէնքի գլխաւոր մատակարարներից մէկին ինչպէսեւ նոյնիսկ, ամերիկեան զէնքի վաճառքը դրանց պայմանաւորւած է այդ ռեժիմից (Իսրայէլ) ռազմական գնումներով եւ հաշւի առնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմաններին ճգնաժամ ստեղծելու Միացեալ Նահանգների լուրջ ջանքերը, Իրանի հիւսիսային սահմաններում աշխարհաքաղաքական զարգացումների վրայ աչք փակելը, լուրջ մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ կառաջացնեն մեր երկրի համար: Հետեւաբար, չպէտք է թոյլատրւի, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը մեկնաբանի այս անհամաչափ եւ դաւադրական զարգացումները «երկու պետութիւնների միջեւ համաձայնութիւն» սահմանումով եւ յաւակնի այս հարցում սեփական ինքնիշխանութեան դրսեւորմանը: Որովհետեւ՝ բարիդրացիական յարաբերութիւնները եւ երրորդ կողմի շահերը, որոնք միջազգայնօրէն ընդունւած սկզբունք են եւ ամրագրւած են բոլոր կոնւենցիաներում, այստեղ լիովին խախտւած են:

Երկար ժամանակ է ինչ ԱՄՆ-ը ձգտում է տարածաշրջանի որոշակի շրջանում աշխարհքաղաքական առանցքային փոփոխութիւններ իրականացնել եւ այնուհետեւ այն կեանքի կոչել տարածաշրջանի այլ հատւածներում։ Ուստի, եթէ այստեղ փոփոխութիւններ տեղի ունենան, ապա ամբողջ տարածաշրջանը բախւելու է աշխարհաքաղաքական սպառնալիքների:

3. Այս համատեքստում ՀՀ կառավարութիւնը եւ անձամբ Փաշինեանը, որը նախորդ կառավարութեան համեմատ համարւում է արեւմտամէտ, միացել է ԱՄՆ-Թուրքիա նախագծին՝ յոյս ունենալով, որ քաղաքական եւ տնտեսական օգուտներ կը ստանայ, մինչդեռ սա դաւաճանութիւն է երկրին:

Փաշինեանի կառավարութիւնը, կառչելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթէ Սիւնիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ եւ սերտ յարաբերութիւններ ունենալ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Թուրքիայի հետ՝ Սիւնիքի փոխարէն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դաւադիր ծրագրին՝ յոյս ունենալով ամրապնդել սեփական իշխանութիւնը:

Սա այն դէպքում, երբ հայերի եւ թուրքերի միջեւ կան հարիւրամեայ հարցեր, որոնք չեն կարող լուծւել մէկ քաղաքական համաձայնութեամբ եւ, միւս կողմից, այս համատեքստում Հայաստանը տալիս է աշխարհաքաղաքական նշանակութեան երկու կէտ՝ ստանալով իրագործաման որեւէ երաշխիք չունեցող խոստում՝ ամրապնդելու այն աշխարհագրական դիրքը, որն արդէն ունի: Այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարեւանութիւնն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դէպքում եւ, նաեւ, թշնամուն է զիջում ռազմավարական նշանակութեան մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակութիւն: Մինչդեռ այս աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցւել որեւէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանն, ի դիմաց, ստանում է Հիւսիսային Ղարաբաղի (ԼՂՀ-ի տարածքի 1/3-րդ մասը) կայացման խոստումը, մինչդեռ, երբ Սիւնիքն ամրագրւի որպէս Ադրբեջանի Հանրապետութեան նահանգ, ապա Հիւսիսային Ղարաբաղի վրայ Բաքւի յարձակումն անխուսափելի է լինելու, եւ Հայաստանը հեշտութեամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, եւ ամբողջութեամբ ու վերջնականապէս շրջափակւելու է թշնամիներով:

Փաստօրէն, Փաշինեանը իրականացնում է պատմական դաւաճանութիւն եւ մշտական ​​ճգնաժամ Հայաստանի Հանրապետութեան դէմ:

4. Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Էրդողանն ու իր կուսակցութիւնը, իսլամիստական ​​եւ ռուսոֆիլական մանեւրների ժամանակաշրջանից յետոյ, աստիճանաբար ցոյց են տալիս իրենց իրական դէմքը, որը ոչ մի կապ չունի իսլամիզմի կամ արեւելասիրութեան հետ: Այս տեսարանում թուրքական կառավարութիւնը, որպէս ՆԱՏՕ-ի անդամ, իրականում իրականացնում է աւանդական առաքելութիւնը` եւրոպաամերիկեան այս դաշնագրի ազդեցութիւնը տարածել ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Իրանի ազդեցութեան տիրոյթների՝ այսինքն Կենտրոնական Ասիայի վրայ: Իսկ այս ընթացքում, ԱՄՆ-ն, յենւելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռասիստական գաղափարների վրայ եւ փաստօրէն շահագործելով նրան, փորձում է ռազմավարական դիրքի հասնել Կասպից ծովի արեւմուտքում եւ, իրականում, Հարաւային Կովկասում: Միացեալ Նահանգները՝ ընդլայնելով գաղտնի յարաբերութիւնները Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետութիւնների հետ, եւ ժամանակաւորապէս լուծելով նրանց միջեւ թշնամական յարաբերութիւնները (Ադրբեջանին ժամանակաւոր զսպման եւ Հայաստանին գայթակղման մեթոդով), ձգտում է թուլացնել իր երկու թշնամիների (Իրանի եւ Ռուսաստանի) դիրքերը Հարաւային Կովկասի տարածաշրջանում եւ Կասպից ծովի արեւմտեան ափին:

Այս համատեքստում ԱՄՆ-ն ուղղակի եւ ակնյայտ ներկայութեան փոխարէն, օգտագործում է Իսրայէլի մօտ 30 տարէայ անվտանգային յարաբերութիւնների ներուժը Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետութիւնների հետ: Թէեւ ստոյգ տւեալներ չկան, սակայն բազմաթիւ զեկոյցներ վկայում են Իսրայէլի ռեժիմի ՝ յատկապէս Ադրբեջանի Հանրապետութիւնում անվտանգային աճող ներկայութեան մասին, որը կենտրոնացած է «Գաբալայի աւիաբազայի» առանցքի շուրջ: Ադրբեջանում Իսրայէլի անվտանգութեան ուժերի թիւը 500-ից 1000 է, մինչդեռ այս յանցաւոր ռեժիմը վերջին տասնամեակում զգալի ազդեցութիւն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետութեան եւ Իլհամ Ալիեւի ընտանիքի վրայ: Այնպէս, որ սիոնիստ առաջնորդները Ադրբեջանն անւանել են «Իսրայէլի Լիբանան» եւ յայտարարել, թէ այս կերպ իրենք կարող են Իրանի Իսլամական Հանրապետութեանը ներգրաւել սահմանների անվտանգութեան երկարաժամկէտ մարտահրաւէրի դաշտ եւ նւազեցնել նրա ազդեցութիւնը տարածաշրջանում: Իհարկէ պարզ է, որ այդ պնդումները սկզբունքորեն հեռու են իրականութիւն դառնալու հնարաւորութիւնից:

5. Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարութիւնները մեծ ռիսկերի են դիմում, որոնք կարող են առաջինը հէնց իրենց ներքաշել գոյութեան ճգնաժամի մէջ: Ալիեւի կառավարութիւնը վեց միլիոն շիա բնակչութեան դէմ-յանդիման է կանգնած, որոնք, անկասկած, սերտօրէն կապւած են շիայական կենտրոնի (Իրան) հետ, իսկ Էրդողանի կառավարութիւնը Թուրքիայում՝ մօտ 23 միլիոն ալաւի շիայի: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեք չի ցանկացել օգտագործել այդ հնարաւորութիւնները`Էրդողանին կամ Ալիեւին պատժելու համար: Ի տարբերութիւն նրանց, եւ հիմնւելով մեր բարոյական սկզբունքների վրայ, մենք մշտապէս յարգել ենք բարիդրացիական յարաբերութիւններն այն աստիճան, որ երկու անգամից աւելի փրկել ենք այս երկու ընտանիքների իշխանութիւնը կործանումից:

Իլհամ Ալիեւը, անշուշտ, յիշում է, որ Իրանի եւ Ռուսաստանի անվտանգութեան համատեղ համագործակցութիւնը տապալեց Ջորջ Սորոսի գլխաւորած՝ Ադրբեջանի կառավարութեան դէեմ ամերիկեան թաւշեայ յեղափոխութիւնը, եւ, հիմնականում, ձախողեց տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի կառավարութիւնների փոփոխութեան ամերիկեան նախագիծը: Էրդողանը եւս յիշում է, որ Իրանն ու գեներալ Սոլէյմանիի անձն էին, որ կանխեցին ԱՄՆ-ի աջակցութեամբ իր եւ իր գլխաւորած կուսակցութեան դէմ յեղաշրջումը: Այնպէս, որ մենք ոչ միայն երբեք որեւէ գործողութիւն չենք ձեռնարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարութիւնների դէմ, այլ, ընդհակառակը, միշտ աջակցել ենք նրանց:

Թէ՛ Էրդողանը, թէ՛ Ալիեւը գիտեն, որ Իրանի ձեռքերը փակ չեն այս դաւադրութիւնը տապալելու համար, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մատի մէկ շարժումը կարող է նրանց համար ցաւալիօրէն տապալել այս դաւադրական նախագիծը:

Իրանի հիւսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձութիւններից ամերիկա-իսրայէլական դաւադրութեան հոտ է գալիս, որոնցում Էրդողանը մի կերպ, իսկ Ալիեւը` մէկ այլ կերպ, խաղի են բռնւել: Բայց սա խաղ չէ Իրանի եւ Ռուսաստանի համար, որը կարող են անտեսել: Նրանք (Ալեւը եւ Էրդողանը) պէտք է իմանան, որ «եղբայրներին յարգելը» Էրդողանին եւ Ալիեւին տրւած, քարտ բլանշ չէ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։