Հա

Քաղաքական

03/10/2021 - 10:40

«Իրանի ակտիւացմանը նպաստում են Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողութիւնները». Ահարոն Վարդանեան

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում առաջացած լարւածութեանն ու հակասութիւններին։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում առաջացած լարւածութեանն ու հակասութիւններին։

Մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմը խօսում է կոմունիկացիաների ապաշրջափակման ու կայունութեան մասին, միւս կողմից այնպիսի քայլեր է անում, որոնք չեն նպաստում խաղաղութեան հաստատմանը` սպառնալով տարածաշրջանի միւս երկրների կենսական շահերին, Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Ահարոն Վարդանեանը։

Նրա կարծիքով` Իրանի ակտիւացմանն անշուշտ նպաստում են Թուրքիայի ու Ադրբեջանի գործողութիւնները, որոնք տարատեսակ զօրավարժութիւններ են անցկացնում Ադրբեջանում, ինչը նոյնիսկ տարածաշրջանի համար կարելի է սադրիչ որակել։ Այս ամէնը բերել է նրան, որ իրանական զինւած ուժերը ձեռնարկել են պատասխան քայլեր` հէնց Ադրբեջանի սահմանի մօտ անցկացնելով լայնածաւալ զօրավարժութիւններ։

«Մշտապէս հաստատւում է այն թեզը, որ երբ Իրանում իշխանութեան է գալիս պահպանողականների թեւը, ապա Ադրբեջանի հետ յարաբերութիւնները լարւում են։ Իշխանութեան գալուց առաջ նախագահ Ռէյիսին շարունակ քննադատում էր իր նախորդին Հարաւային Կովկասում վարած քաղաքականութեան համար, ինչի շնորհիւ Իրանը բաւականին զիջել էր դիրքերը մեր տարածաշրջանում, հետեւաբար այժմ քայլերը բխում են այն մեկնակէտից, որ Իրանն ակտիւօրէն վերադառնայ Հարաւային Կովկաս»,- ասաց իրանագէտը։

Վարդանեանը յիշեցրեց նաեւ Իլհամ Ալիեւի կողմից Իրանի հասցէին անհարկի արտայայտութիւների կապակցութեամբ Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆադաւիի խօսքերը՝ երբ փոքր երեխան հայհոյում է, ապա տարիքով աւագը պէտք է երեխայի գլուխը մեծահոգաբար շոյի, բանի տեղ չդնի նրա ասածները, եւ Իլհամ Ալիեւին պատասխանելն իր մակարդակի հարց չէ։

«Իրանից հնչող յայտարարութիւնները շատ պատկերաւոր ցոյց են տալիս, թէ ինչպէս են այդ երկրում ընդունում կամ ընկալում Արաքսից հիւսիս գտնւող պետութեան գոյութիւնը եւ ինչպէս են արձագանգում նրա քայլերին։ Իրանի զօրավարժութիւնները ցոյց են տալիս նաեւ այն, որ հարեւան երկրի նպատակը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Թուրքիան, քանզի Թեհրանում կարծում են, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի ոչինչ չի կարող անել»,- նշեց իրանագէտը։

Վարդանեանի դիտարկմամբ` որոշակի եզրաբանական փոփոխութիւն է տեղի ունեցել նաեւ Իրանի քաղաքական տարբեր թեւերի տեսակէտները ներկայացնող լրատւական ռեսուրսների շրջանում, որոնք ի տարբերութիւն նախկինում որդեգրած գործելակերպի` այժմ օգտագործում են ոչ թէ «Ադրբեջանի օկուպացւած տարածքներ» արտայայտութիւնը, այլ հէնց Ղարաբաղ եզրոյթը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին յայտարարութիւններից մէկում հարց է բարձրացրել, թէ ինչու այն ժամանակաշրջանում, երբ Լեռնային Ղարաբաղին յարող տարածքները Հայաստանի վերահսկողութեան տակ էին, Իրանը զօրավարժութիւններ չէր անում սահմանի հարեւանութեամբ։ Նա յոյս է յայտնել, որ իրենց «օրինաչափ» քայլերին էմոցիոնալ արձագանգը կը կրի ժամանակաւոր բնոյթ։

Յիշեցնենք, որ այս օրերին Իրանի զինւած ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխել Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածաւալ զօրավարժութիւններ են անցկացւում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։