Հա

Քաղաքական

03/10/2021 - 10:35

«Իրանը հասկանում է, որ դիւանագիտական գործիքակազմն իր տարածաշրջանային ուղերձները տեղ հասցնելու համար այլեւս բաւարար չէ»․ իրանցի քաղաքագէտ

168.am-ի հետ զրոյցում իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարն ասաց, որ լաւ է, որ մեծ երկրները քննարկում են կարեւոր հարցեր մեր տարածաշրջանի վերաբերեալ, բայց կարիք կայ, որպէսզի այդ հարցերն աւելի լայն կազմով քննարկւեն կամ գոնէ բոլոր երկրների մասնակցութեամբ։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման որոշ մանրամասներ է բացայայտել։ Նա, ըստ թուրքական մի շարք աղբիւրների, նշել է, որ քննարկել են նաեւ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Զանգեզուրի միջանցքը կը դառնայ կարեւոր հնարաւորութիւն ողջ տարածաշրջանի համար։ Նախատեսւող աւտոմոբիլային եւ երկաթուղային գծերն առեւտրային եւ տնտեսական հնարաւորութիւններ կը ստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- Էրդողանի խօսքը մէջբերել են թուրքական պարբերականները։ Ըստ նրա՝ Ադրբեջանում արդէն իսկ իրականացւում են մեծ աշխատանքներ այդ միջանցքի բացման ուղղութեամբ։ «Իհարկէ, հայկական կողմը եւս պէտք է կատարի իր ստանձնած պարտաւորութիւնները»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ մտքերի անկեղծ եւ արդիւնաւէտ փոխանակութիւն է եղել։ Էրդողանի խօսքերով՝ Պուտինը ցանկացած պահի պատրաստ է քննարկել «Վեցի հարթակ»-ի ստեղծման հարցը։

Սրան զուգահեռ՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի իշխանութիւնների գործողութիւններից յետոյ Իրանը թէ պաշտօնական, թէ ոչ պաշտօնական մակարդակով, զինւորականների միջոցով ուղերձներ է յղում տարածաշրջանային երկրներին՝ թոյլ չի տալու իր սահմանների եւ հարեւան երկրների տարածքային ամբողջականութեան խախտում։

Աւելին՝ Իրանի զինւած ուժերը նախօրէին զօրավարժութիւններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրաւմամբ, որի վերաբերեալ իր դժգոհութիւնն է յայտնել անձամբ Ալիեւը՝ նշելով, թէ դա հարցեր է առաջացնում, քանի որ նման զօրավարժութիւններ Իրանը չէր անցկացնում այն ժամանակ, երբ սահմանից այն կողմը շրջանները վերահսկում էր հայկական կողմը։

Իրանի ԶՈՒ ցամաքային զօրքերի հրամանատար, գեներալ Քիւմարս Հէյդարին Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկած «Խէյբարի նւաճողներ» զօրավարժութիւններից առաջ յայտարարել է, որ թոյլ չեն տալու տարածաշրջանում սահմանային փոփոխութիւններ։

«Իրանի համար անթոյլատրելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխութիւնը։ Բոլոր օրինական սահմանները պէտք է պահպանւեն։ Մի երկրի թուլութիւնն իր սահմանների պաշտպանութեան հարցում չի նշանակում, որ մէկ այլ երկիր պէտք է սահմանը հատի օտարերկրեայ օգնութեամբ։ Իրանը դա թոյլ չի տայ։ Նախկինում այս տարածաշրջանում պատերազմ էր, բայց հիմա ժամանակն է անվտանգութեան եւ վերականգնման համար»։ Նրա խօսքով, Ադրբեջանից Իրան, այնտեղից Թուրքիա կամ Նախիջեւան, Իրանից Ադրբեջան, Հայաստան բեռնափոխադրումները պէտք է իրականացւեն լիակատար անվտանգութեան եւ խաղաղութեան պայմաններում, երկրները պէտք է կատարեն իրենց պարտաւորութիւնները եւ յարգեն էներգակիրների անվտանգութիւնը, տնտեսական երթուղիները եւ տարանցումը։

Իրանն իր դիւանագիտական մեսիջները փաթեթաւորում է զգուշօրէն, սակայն յստակ։ Գլխաւորն այդ մեսիջներում Ադրբեջան-Իսրայէլ յարաբերութիւններն են։ Օրինակ՝ օրերս Իրանի արտգործնախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այդ երկրում Ադրբեջանի դեսպանին ասել է․

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի հանդուրժի սիոնիստական վարչակարգի ներկայութիւնն ու գործողութիւններն ազգային անվտանգութեան դէմ, եւ այդ առումով կը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողութիւնները»։

Իրանի յեղափոխութեան պահապանների կորպուսի ղեկավարներից մէկը՝ գնդապետ Հոսէյն Փուրէսմայիլը, իր հերթին՝ ասել է, որ Բաքւի համագործակցութիւնն Իսրայէլի հետ կարող է սպառնալիք դառնալ հէնց Ադրբեջանի համար։

«Նորագոյն պատմութիւնը ցոյց է տալիս՝ ինչ ճակատագրի են արժանանում այն առաջնորդները, որոնք վստահում են Միացեալ Նահանգներին ու իսրայէլական կողմին»,- ըստ «Մեհր» գործակալութեան՝ ասել է զօրամիաւորման հրամանատարը։ Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Սայիդ Խաթիբզադէն էլ օրերս յայտարարել էր, թէ Թեհրանը չի հանդուրժի իսրայէլական ուժերի ներկայութիւնն իր սահմանների մօտ։

168.am-ի հետ զրոյցում իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարն ասաց, որ լաւ է, որ մեծ երկրները քննարկում են կարեւոր հարցեր մեր տարածաշրջանի վերաբերեալ, բայց կարիք կայ, որպէսզի այդ հարցերն աւելի լայն կազմով քննարկւեն կամ գոնէ բոլոր երկրների մասնակցութեամբ։

Նրա խօսքով, իրանական կողմն աննախադէպ կերպով ցոյց է տալիս իր անհանգստութիւնն այն ամենի վերաբերեալ, ինչ կատարւում է ռեգիոնում, քանի որ ռեգիոնալ բոլոր երկրների շահերը, անվտանգութիւնը չէ, որ հաշւի է առնւում։

Ըստ նրա, այդ հանգամանքն էլ անխուսափելիօրէն անդրադառնում է Իրանի շահերի վրայ։

Բարզեգարի կարծիքով, ներկայումս Իրանը հասկանում է, որ դիւանագիտական գործիքակազմն իր ուղերձները տեղ հասցնելու այլեւս բաւարար չէ։

«Ինչպէս նկատում ենք, թէ դիւանագիտական ձեւակերպումներն են կոշտացել, թէ ռազմական դիւանագիտութիւնն է աշխատում եւ ցոյց տալիս իր մօտեցումները, ինչը կարեւոր է։ Իրանի մտահոգութիւնն այն է, որ փոփոխութիւնները կատարւում են՝ ոտնահարելով միւս երկրների իրաւունքները, որը կարող է շղթայական ազդեցութեամբ շարունակւել, եթէ դրան չլինի կոշտ արձագանգ։

Իրանին ձեռնտու կը լինէր աշխատանք տարածաշրջանային 5-ի կամ 6-ի ձեւաչափով, որպէսզի ապաշրջափակման հարցում բոլոր երկրների ձայնը լսելի լինէր, եւ բոլորը մասնակցէին։ Ինչն է խնդիրը, որ դա չի գործում, եթէ բոլորը կողմ են, միայն Վրաստանն է դէմ։

Եթէ քննարկւում է տարածաշրջանի ճանապարհների հարցը, այս ձեւաչափը պէտք է օր առաջ գործի, այլապէս այն կորցնելու է իր իմաստը, քանի որ որոշումները կայացւելու են այլ ռեժիմով եւ մատուցելու են անակնկալներ նրանց, ովքեր չեն մասնակցել աշխատանքներին։

Իսկապէս կարիք կայ տարածաշրջանում կապուղիների վերականգնման եւ գուցէ նոր ուղիների մշակման, սակայն դա չպէտք է լինի որեւէ երկրի շահերն անտեսող, միւս երկրի շահերը լիովին բաւարարող։ Այս ամէնը՝ յայտարարութիւնները, զօրավարժութիւնները, այդ թւում՝ Իրանի տարածաշրջանային շահերը հաշւի առնելուն են միտւած։ Իրանն արդէն մի խնդիր ունի իր միջպետական ճանապարհին եւ նպատակ ունի կասեցնել տարածաշրջանում սկսւած գործընթացը՝ ի բարօրութիւն բոլոր երկրների։ Հարցը նոյնիսկ կոնկրետ ուղիները չեն, այլ այն, որ Իրանի շահերը եւս պէտք է հաշւի առնւեն։ Իրանը սկզբունքային դիրքորոշումներ է յայտնել»,- ասաց նա։

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։